ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Հրապարակելով մեր մշտական հեղինակներից Զորի Բալայանի հոդվածը, կուզենայինք նախապես արտահայտել որոշ մտքեր։ «Ազգը» քանիցս անդրադարձել է պատմաբան Արմեն Այվազյանի դոկտորական թեզի պաշտպանության ձախողման թեմայինՙ ընթերցողներին ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Խմբագրության ստացած բազմաթիվ արձագանքների մեջ էր նաեւ հայ մտավորականության հայտնի ներկայացուցիչներ Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի, Պերճ Զեյթունցյանի եւ Լեւոն Անանյանի նամակը։ Շուտով բաց նամակի ժանրով պատասխան ստացվեց ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանից։ Այն ուղղված էր 4 հեղինակներից միայն մեկինՙ Զորի Բալայանին։ Ուղերձն ավարտվում է մաղթանքով. «Ճիշտ չէ՞ր լինի արդյոք շարունակեիք զբաղվել հրապարակախոսությամբ, որտեղ դուք ասելիք եւ այն էլ շատ ասելիք ունեք»։
Չընդունելով նման մտահանգումը, մենք այնուամենայնիվ հարկ համարեցինք տպագրել հիշյալ նամակը։ Պետք է խոստովանել, որ այսօր ընթերցողի ուշադրությանը ներկայացվող գրող Զորի Բալայանի նոթերը ոչ այնքան բաց նամակի պատասխանն են, որքան բուռն կերպով ծավալված քննարկումը Այվազյանի թեզի պաշտպանության շրջանակներից դուրս բերելու փորձ։ Հիմնավոր է հեղինակի տագնապը հայրենական պատմագրության ճակատագրի առնչությամբ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հայագիտությունը վերջին տարիներին փորձում է խեղաթյուրել ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլեւ մեր բազմաթիվ ազգային արժեքներ։
Չնայած տեղի ունեցած բոլոր աղետներին, պատմությունը հնարավոր չէ վերափոխել, եւ մեզ մնում է միայն արիաբար նայել նրա աչքերին, որպեսզի այդ աղետներն այլեւս չկրկնվեն։
Մայա Անգելու
2003 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի ակադեմիայի պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ երեսունիննամյա Արմեն Այվազյանի ատենախոսության պաշտպանությունը։ Դոկտորական ատենախոսության թեման լավ հայտնի էր մասնագետ-պատմաբաններին, քանի որ դրանից տակավին ինն ամիս առաջ ատենախոսը հրատարակել էր «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությունը։ Այդ ընթացքում գեթ մեկ բացասական գրախոսություն չի եղել (կար դրական մի արձագանք «Գրական թերթում»)։ Ճիշտ է, գրքի հեղինակի նկատմամբ վերաբերմունքն արտահայտվեց, ես կասեի, այլ կերպ։ Առաջին համաշխարհային հայագիտական համաժողովին, որի աշխատանքներին մասնակցեցին տասնյակ երկրներից ժամանած հայագետներ, չհրավիրվեց Արմեն Այվազյանը, որ հեղինակ է այնպիսի մենագրությունների, ինչպիսիք են «1720-ական թթ. Հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը», «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)», «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր)», «Մայրենի լեզուն եւ ազգայնականության սկզբնավորումը (հայկական եւ եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն)», «Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի», ինչպես նաեւ այլ ուսումնասիրություններ, որոնք հրապարակվել են հայերենով, անգլերենով եւ ռուսերենով։ Առաջին համաժողովին չհրավիրվեց մի մարդ, որը Ղարաբաղյան դիմակայության ամենածանր պահին ներկայացնում էր Հայաստանը ԵԱՀԽ-ում, ակտիվ մասնակցություն բերում բանակցային գործընթացներին, պատմության եւ միջազգային հարաբերությունների խնդիրներին նվիրվածՙ անգլերենով եւ ռուսերենով դասախոսել է Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի, Սիրակուզի (Նյու Յորքի նահանգ), Բոստոնի, Լոնդոնի, Մանչեսթրի, Էդինբուրգի, Աբերիսվիթի, Ստոկհոլմի, Ուպսալայի, Աթենքի համալսարաններում եւ ինստիտուտներում։ Համաժողովի մասնակիցների ցուցակից Այվազյանին դուրս հանելուն, այս, մեղմ ասած, անհեթեթության մասին, տրամաբանական է, որ բուռն անդրադարձան հայկական զանգվածային տեղեկատվության միջոցները։ Ուստի դժվար չէ կռահել, որ դեռ մինչեւ այդ ցավալիորեն հիշարժան (ոչ միայն ատենախոսի համար) օրը ամպեր էին կուտակվում ապագա հայցորդի գլխին։ Եվ զարմանալի ոչինչ չկա, որ ատենախոսությունը, ավելի ճիշտՙ նրա պաշտպանությունը տապալվեց։
Տրամաբանական էր նաեւ այն, որ Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության տապալումից անմիջապես հետո արձագանքներ եղան ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գեւորգ Տեր-Ստեփանյանը, ծանոթանալով ինտերնետային անդրադարձներին, Կանադայից գրում է. «Ինձ շատ վշտացնում է, որ մենք, արտաքին թշնամիների դեմ համախմբված հանդես գալու փոխարեն, զբաղված ենք ինքնաոչնչացմամբ...»։ Ընդ որում, իննսունվեցամյա գիտնականն ընդգծում է. «Թեեւ ես չեմ կարող նաեւ թաքցնել ուրախությունս, որ Հայաստանում ապրում եւ աշխատում են երիտասարդ գիտնականներ, որոնք չեն փորձում հասնել բարեկեցության ու հաջողության օտարության մեջ, այլ պատրաստ են իրենց իդեալներին հասնելու համար կրել բարոյական եւ նյութական զրկանքներ»։ Անդրադարձների մեծ թվի մեջ կար նաեւ նամակ, որ ստորագրել էին Սոս Սարգսյանը, Լեւոն Անանյանը, Պերճ Զեյթունցյանը եւ ես։ Նամակը լույս էր տեսել «Ազգ»-ում, «Գոլոս Արմենիի»-ում եւ «Հայոց աշխարհ»-ում։
Շուտով «Ազգ»-ը տպեց նաեւ անձամբ խոնարհիս հասցեագրված մի «Բաց նամակ»։ Նրա հեղինակը, որ ներկայացնում է ԵՊՀ «Հայոց պատմության ամբիոնը», բացահայտորեն քամահրելով մեր (եւ ոչ միայն մեր) անդրադարձը, որոշել է տերմինաբանության վերաբերյալ հրապարակային մի դաս տալՙ «պատմագիտություն» եւ «պատմագրություն» հասկացությունները համարելով «բոլորովին տարբեր» ու նրանց միջեւ նշմարել «համակարգային» զանազանություն։ Չցանկանալով բանավեճի մեջ մտնել, կուզեի հղել «Բաց նամակի» հեղինակին հանրագիտարանային հրատարակությունները, որտեղ ասվում է, որ պատմագրությունը ոչ միայն «գիտություն է պատմական գիտելիքների զարգացման եւ պատմական հետազոտությունների եղանակների մասին», այլեւ «պատմական երկերի ամբողջություն, ասենքՙ խորհրդային շրջանի պատմագրություն, կիեւյան պետության պատմագրություն»։ Առավել լակոնիկ է «Օտար բառերի եւ արտահայտությունների նորագույն բառարանը» (ռուսերեն). «Պատմագրությունը գիտություն է, որն ուսումնասիրում է պատմական գիտելիքների զարգացումը, երբեմն գործնականում նույնն է, ինչ պատմությունը»։ Ընդգծել եմ ոչ թե իմ (մեր) ընդդիմախոսին, ինչպես ասում են, «խոցելու» համարՙ նրա կողմից այս երկու հասկացությունները «բոլորովին (!? Զ. Բ.) տարբեր» նկատելու եւ «համակարգային» զանազանում դնելու առթիվ, այլ որպեսզի հիշեցնեմ գլխավորը. չէ՞ որ մենք խոսել ենք իրականում այլ, ավելի կարեւոր բանի մասին։
«Բաց նամակն» ավարտվում է թախանձական հորդորով, թե հասցեատերը, այսինքնՙ ես, ավելի լավ կլինի զբաղվեմ հրապարակախոսությամբ, քանզի, ինչպես պնդում է հեղինակը, ես «իրոք, ասելիք եւ այն էլ շատ ասելիք» ունեմ։ Ինձ մնում է ընդամենը շնորհակալություն հայտնել խորհրդի համար եւ իսկապես զբաղվել «իմ» հրապարակախոսությամբ, որը, նույն այդ համաշխարհային հանրագիտարանային հրատարակությունների համաձայն, ներկայացնում է ստեղծագործությունների մի տեսակ, այնպիսի ստեղծագործությունների, որոնք նվիրված են հասարակության այժմեական խնդիրներին եւ ընթացիկ կյանքի երեւույթներին, եւ որըՙ որպես հասարակական կարծիքի տարբեր տեսակետների արտահայտման միջոց, կատարում է կարեւոր քաղաքական ու գաղափարախոսական դեր։
Ես կփորձեմ խնդիրը ներկայացնել բացառապես որպես հրապարակախոս, իմ առջեւ տեսնելով այն ընթերցողին, որին չի վիճակվել մանրամասնորեն (դա շատ կարեւոր է) ծանոթանալ մեզ բոլորիս հուզող հարցին։ Ծանոթանալով Այվազյանի «գործին»ՙ ես հաճախ մտաբերում էի իմ ուսուցչիՙ Ռյազանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության պրոֆեսոր Բորիս Պավլի Կիրիլլովի բավականին հայտնի խոսքերը. «Կներեք պարզունակության համար, բայց ձեռքս սրտիս դրած կասեմ. թեկնածուական աստիճանը հայցորդին շնորհվում է, եթե իր աշխատանքում նա կարողացել է ընդդիմախոսներին հիմնավորաբար համոզել, որ կարող է զբաղվել գիտությամբ։ Իսկ դոկտորականըՙ պայմանով, որ անաչառ կերպով դիտարկվի ոչ միայն պաշտպանության ներկայացված աշխատությունը, այլեւ հայցորդի աշխատանքների ամբողջությունը, գիտության մեջ նրա էական ներդրումը» (ընդգծումն իմն էՙ Զ. Բ.)։
Ելնելով վիրաբույժ Կիրիլլովի (գուցե ԲՈՀ-ի գրված եւ չգրված կանոնների առումով վիճելի) հայեցակարգից, կուզենայի ընթերցողի ուշադրությանը ներկայացնել հատվածներ ատենախոսության պաշտպանության ողջ ընթացքում կատարված սղագրությունից (ձայնագրված եւ տեսագրված), հարկավ, բաց թողնելով այն ամենն, ինչ վերաբերում է զուտ գիտական բանավեճին։
Մանվել Զուլալյան, ակադեմիկոս, պաշտոնական ընդդիմախոս, ԵՊՄՀ «Ընդհանուր պատմության ամբիոն»-ի վարիչ. «Արմեն Մարտինի Այվազյանը մեր լայն գիտական հասարակությանը հայտնի է որպես մի շարք խիստ արժեքավոր աշխատությունների հեղինակ։ Ես դրանցից մեկիՙ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» աշխատության մասին «Պատմա-բանասիրական հանդեսում» հոդված եմ հրատարակել։ Շատ բարձր մակարդակի աշխատություն է։ Եվ ոչ միայն ա՛յդ մեկը։ ...Ես շատ բարձր եմ գնահատում նրա ատենախոսությունը... Նա, իրավամբ, պատկանում է այն հայ դեռեւս երիտասարդ պատմաբան մասնագետների շարքին, որին վիճակված է խոշոր դեր կատարել մեր պատմագրության առաջ դրված կնճռոտ հարցերի լուսաբանման բնագավառում։ Արմեն Մարտինի Այվազյանը եւ նրա նմանները մեր արդի հայագիտության ապագան են»։
Հրաչիկ Սիմոնյան, ակադեմիկոս, Մասնագիտական խորհրդի անդամ. «Պատմության ինստիտուտի ավանդություններից մեկն է եղել, որ երբ քննարկում են բաժիններում դիսերտացիոն աշխատանքը, ապա անպայման հեղինակին կանչում են, հատկապես եթե շատ են դիտողությունները։ Բայց այս դեպքում ատենախոսը նույնիսկ տեղյակ էլ չի եղել, թե ի՞նչ են գրում, ինչպես են գրում։ Ինչ վերաբերում է ԵՊՀ «Հայոց պատմության ամբիոնին», ես վշտացած եմ ամբիոնի կարծիքի համար, որովհետեւ այսպիսի ցածրորակ, ցածր «պրոբի» կարծիքը պատիվ չի բերում ո՛չ ամբիոնին եւ ո՛չ էլ որեւէ մեկին»։
Հրաչիկ Սիմոնյանը, որ հրաշալի գիտի ատենախոսությունների «արարման» ոչ բարդ խոհանոցը, իր ելույթում զարմանք հայտնեց, իր խոսքերով ասած, այն «ստախանովյան հարվածային աշխատանքի» վերաբերյալ, որի արդյունքում նման դեպքի համար ստացվել է տարօրինակ հաշվարկՙ «9 կողմ» եւ «1 ձեռնպահ»։ Այսպիսին էր ամբիոնիՙ հայցորդի ատենախոսության առթիվ գրված կարծիքի թվաբանությունը։ Պարզվում է, որ ամբիոնում ցանկացած ատենախոսություն կարդում են երկու-երեք մարդ։ Սիմոնյանն ընդգծում է. «Երեք հոգի էլ չէ, երկու հոգի», ընդսմին ավելացնելով. «Երբեք ամբիոնում ատենախոսություններին տված որեւէ կարծիքի վրա մենք թիվ չենք գրել... «պատասխան Չեմբեռլենին» եք տվել, միահամու՜ռ, միաձու՜յլ, էսպես երկաթյա դիսցիպլինայով կարծիք եք գրել։ Ես նրան կողմ եմ քվեարկելու, որովհետեւ ես հպարտանում եմ, որ մենք ունենք իր նման երիտասարդ, այսքան բարձր գիտելիքների տեր, այսքան ամուր կամք ունեցող երիտասարդ։ Եվ կան երեւի այսպիսիները, որոնց ձեռքում է մեր պատմագրության ապագան»։
Վարդգես Միքայելյան, ակադեմիկոս, Մասնագիտական խորհրդի անդամ. «Ես դիսերտացիային ծանոթ եմ, ավտոռեֆերատին ծանոթ եմ եւ շատ բարձր կարծիքի եմ։ Մենք պետք է կարողանանք գնահատել մեր երիտասարդ կադրերին։ Եվ ես հիացած եմ, սա ասում եմ անկեղծ սրտով։ Ռոնալդ Գրիգոր Սյունին չէ, որ պետք է որոշի այնտեղ, թե Միքայելյան Վարդգեսն այստեղ ձայն է տալու, թե ոչ»։
Բաբկեն Հարությունյան, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ «Հայոց պատմության ամբիոն»-ի վարիչի պաշտոնակատար, Մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ. «հարցադրումն այնպիսին է, թե դա կապված է ինչ-ինչ աշխատության լույս տեսնելու հետ։ Հե՛նց սկզբից ասում եմ. այդ աշխատությունը լույս է տեսել Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ, որի նախագահը եղել եմ ես եւ հիմա էլ գտնում եմ, որ այդ աշխատանքը որպես ատենախոսություն, որպես կուռ գործ շատ ավելի բարձր է, քան այսօր ինչ որ ներկայացված է ատենախոսի կողմից։ Խնդիրը չի վերաբերում նրա ունակություններին. որ ինքը ունակ էՙ համայն աշխարհին կարող եմ հայտնել, որ ինքը օգտակար մարդ է այս հանրապետության համարՙ երկու կարծիք լինել չի կարող, բայց այսօր խոսքը գնում է ատենախոսության մասին... Իսկ ինչ վերաբերում է նրա ունակություններին, ես ավելին ասեմՙ նա աշխատել է մեր լաբորատորիայում, ես նրա ունակությունները հիանալի գիտեմ, որ նա շատ ընդունակ մարդ է, հիանալի գիտեմ, ինքն էլ դա գիտի։ Բայց խոսքը վերաբերում է տվյալ դեպքում այս աշխատությանը եւ ոչ թե մեկ այլ աշխատության... Նրա ծառայությունները մեծ են։ Բայց խոսքը միայն այս աշխատության մասին է»։
Մհեր Կարապետյան, պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՄՀ «Հայոց պատմության ամբիոն»-ի վարիչ, Մասնագիտական խորհրդի անդամ. «Եսՙ իբրեւ գիտխորհրդի անդամ, ամենայն մանրամասնությամբ կարդացել եմ աշխատանքի ավտոռեֆերատը, կարդացել եմ նաեւ նրա ատենախոսական գիրքը։ Չթաքցնեմ, որ ինձ հայտնի էին ինչ-ինչ կանխակալ պատկերացումներ, դա երեւի բոլորիդ էր հայտնի։ Եվ դրա համար որոշել էի, որ պետք է ամենայն ուշադրությամբ հետեւեմ պաշտպանության ընթացքին։ Ուզում եմ խոսել այն փայլուն տպավորության մասին, որ թողեց ատենախոսն ինձ վրա։ Իր առարկությունները, մեծի մասամբ, հիմնավոր էին։ Այս ամբողջ ընթացքում նա ցույց տվեց, որ լիակատար չափով արժանի է ստանալու պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը, որովհետեւ մենք գործ ունենք անառարկելիորեն ձեւավորված փայլուն գիտնականի հետ»։
Աշոտ Մելքոնյան, պատմական գիտությունների դոկտոր, Պատմության ինստիտուտի տնօրեն, Մասնագիտական խորհրդի անդամ. «Արմեն Այվազյանի հետ ես ընկերություն եմ արել, մտերիմներ ենք եղել, շատ հարցերում համախոհներ ենք։ Ես իրեն բազմիցս ասել եմՙ «Կեցցե՛ս այն հրաշալի աշխատության համար, որ գրել ես ամերիկյան պատմագրության կապակցությամբ։ Ես ունեմ մի գործնական առաջարկություն. կարծում եմ, որ նման պայմաններում քվեարկությունը, ինչ արդյունք էլ ունենա, օբյեկտիվ չի դիտվելու։ Գտնենք ձեւը, քվեարկությունը հետաձգենք»։
Լիլիթ Արզումանյան, բան. գիտ. դոկտոր, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ. «Ես արդեն ուղիղ տասը տարի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ եմ։ Այս պաշտպանությունը զարմանալիորեն ընտիր պաշտպանություն էր, որովհետեւ առաջին անգամ իրոք կային հակադիր կարծիքներ, առաջին անգամ ես տեսա պաշտպանություն, որ մենք միշտ երազել ենք»։
Վլադիմիր Ղազախեցյան, պատմական գիտությունների դոկտոր, Մասնագիտական խորհրդի անդամ. «Ես ղեկավարվում եմ ավտոռեֆերատով, որին լավ ծանոթացել եմ, եւ ղեկավարվում եմ այսօրվա քննության ընթացքով։ Ստացա հիանալի տպավորություն։ Ընդ որում, բացասական կարծիքների մեջ ես լուրջ գիտական դիտողություններ չեմ տեսնումՙ «ծավալը քիչ է, կառուցվածքըՙ այսպես չէ»։ Մեր առջեւ է հասունացած գիտնական, որին ես կրկնակի կարող եմ դրական քվեարկել»։
Սեն Արեւշատյան, ակադեմիկոս. «Շատ դիպուկ էր Լիլիթ Արզումանյանի խոսքը, որ սա հասունացած գիտնականի, հասունացած դոկտորի «իսկական պաշտպանություն էր»։
Մատենադարանի տնօրենը (այդ հաստատությունում է գրվել ատենախոսությունը) նրբորեն օգտագործեց «պաշտպանություն» բառի ուղղակի իմաստըՙ նկատելով, որ դա իսկական պաշտպանություն էր «բոլոր առարկությունների, քննադատական դիտողությունների եւ այլնի» դեմ։ Նա նաեւ հիշեցրեց, որ Մատենադարանում Այվազյանի աշխատանքը քննարկվել եւ մշակվել է պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ, որը հատկապես այդ շրջանի ճանաչված մասնագետ է։
Երբ ես շուրջ չորս ժամ դիտում էի պաշտպանության տեսագրությունը (դա շատ հետաքրքրական եւ ուսանելի պատմական վավերագիր է), հատուկ ուշադրություն դարձրեցի ակադեմիկոս Արեւշատյանի ելույթին։ Անսալով նրա մեղմ ձայնին, ինձ որսում էի այն մտքի վրա, որ ինչ-որ անհարմարության զգացում եմ ապրում իմ կողմից անչափ հարգված մարդու, նրբազգաց մտավորականի հանդեպ։ Ինչպես եւ այդ կարգի բոլոր մարդիկ, նաՙ մաքուր իր մտադրություններում եւ մտքերում, չափից ավելի միամիտ էր։ Մասնագիտական խորհրդին տեղեկացնելով, որ Է. Բաղդասարյանի բաժնում աշխատանքը քննարկվել է Մատենադարանի այլ աշխատակիցների հետ մեկտեղ եւ նրան անաչառ գնահատական է տրվելՙ երաշխավորվելով պաշտպանության, Արեւշատյանն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ մեր կարծիքը լիովին համապատասխանում է պաշտոնական ընդդիմախոսների կարծիքներին եւ հանձնարարականին։ Պետք է վստահել այդ կարծիքներին եւ ղեկավարվել դրանցով։ Ես կարծում եմ, որ ճիշտ կկողմնորոշվեն Մասնագիտական խորհրդի անդամները, եւ մենք շնորհալի աշխատող, նպատակասլա՛ց գիտական գործունեություն ծավալած Արմեն Այվազյանին կկարողանանք գնահատելՙ այսօր շնորհելով նրան պատմական գիտությունների դոկտորի աստիճանը»։
Վերջը հաջորդիվ
սկիզբը նախորդ համարում