«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2004-01-22 | #9, 2004-01-23 | #10, 2004-01-24


ԻՆՉՈ՞Ւ Է ՆԱՏՕ-Ն ԼՌՈՒՄ

Հանուն խաղաղության գործընկերությունը մի՞ֆ է

Ադրբեջանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն ջանք-2004» զորավարժության նախնական պլանավորման կոնֆերանսի կայացումից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Իլղար Վերդիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ապահովել կոնֆերանսի մասնակից յուրաքանչյուր զիվորականի անվտանգությունը, այդ թվում նաեւ հայ սպաների։ Հունվարի 12-ից Բաքվի «Բինա» օդանավակայանում այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման» հասարակական կազմակերպության անդամները հսկողություն էին կազմակերպել հայ սպաների մուտքը Բաքու թույլ չտալու համար։ Ավելինՙ նրանք հայտարարել էին, որ պատրաստ են անգամ մահապարտներ դառնալ, եթե Ադրբեջանի իշխանությունները թույլ տան հայ սպաներին մասնակցել կոնֆերանսին։ Այս ֆոնի վրա ոչ միայն զարմանալի, այլեւ ծիծաղելի են դառնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հայ սպաների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Կարելի է այն տպավորությունն ստանալ, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում վերահսկել հասարակական կազմակերպությունների գործողությունները տարածաշրջանային նշանակության նման միջոցառումների ժամանակ, թեեւ այդ նույն իշխանությունները բավականին վարժ ձեւով կարողանում էին ընտրությունների ընթացքում դնչկալներ հագցնել այդ նույն հասարակական կազմակերպություններին։

Այս տեսակետից բավականին խղճուկ արտահայտություն է ստանում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի հակասական վարքագիծը, ինչը դրսեւորվեց հայտնի միջադեպի կապակցությամբ պաշտոնական Բաքվի տեսակետները ներկայացնելիս, եւ ինչը մեկ անգամ եւս ցույց տվեց հայերին չընդունելու իրական տրամադրվածությունները։

Սակայն պետք է նշել, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս տեսակետից այդքան էլ զարմացնող չէր, քանի որ մշտապես աչքի է ընկել Հայաստանի հետ համագործակցության ցանկացած նախաձեռնության մերժմամբ կամ առնվազն խոչընդոտմամբ։ Շատ ավելի զարմացնող է այս առումով հենց Հյուսիսատլանտյան դաշինքի կեցվածքը։ Եթե նման ձեւով ընդունեին, ասենք, ԱՄՆ-ի կամ Անգլիայի պատվիրակություններին, ապա ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության մասին խոսելը առնվազն մի որոշ ժամանակով կարելի էր անիրատեսական համարել։ Սակայն մեր դեպքում պահպանվող լռությունը մեկնաբանությունների տեսակետից խոսուն է։

Միջադեպից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրավիրող կողմն իրականում ոչ թե Ադրբեջանն է, այլ ՆԱՏՕ-ն, ուստի եւ նա պետք է տա կատարվածի գնահատականը։ Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ հայ սպաներն առաջնորդվել են բացառապես ՆԱՏՕ-ի խորհուրդներով։ Երկու նախարարների հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան ՆԱՏՕ-ի խիստ արձագանքի ակնկալություն։ Մինչդեռ այդ նույն ժամանակ Բաքվում 20 երկրներից ժամանած պատվիրակությունները բնականոն հունով քննարկում էին սպասվող կոնֆերանսի անցկացման մանրամասները, եւ ոչ մի երկրի ներկայացուցիչ, ՆԱՏՕ-ն ներկայացնող որեւէ պաշտոնյա քննադատական ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ։ Ե՛վ արտաքին գործերի, ե՛ւ պաշտպանության նախարարների հայտարարությունները մնացին անպատասխանՙ չնայած հայկական կողմը դեռեւս ՆԱՏՕ-ի համապատասխան արձագանքի ակնկալիք ունի։

Ավելին. հայկական պատվիրակության ղեկավար Մուրադ Իսախանյանը հայտարարեց, թե քանի որ օդանավի տոմսերը գնել է ՀՀ¬ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը, ապա դեսպանությունն էլ ընտրում է Բաքու հասնելու ճանապարհը։ Դա նշանակում է ավելի հասցեական ասել, թե ով է իրական ճանապարհ ցույց տվողը։ Տարօրինակն այն է, որ ըստ «ՀՀ» օրաթերթի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանն էլ ասել են, թե քանի որ կատարվածն առնչվում է ՆԱՏՕ-ին, ապա իրենք մեկնաբանություններ չեն կարող տալ։

Ըստ էության նման մեկնաբանություններ ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնական հայտարարության կամ արձագանքի տեսքով ակնկալելն այդքան էլ հավատ չի ներշնչում։ Չնայած միջադեպն ուղղակիորեն է առնչվում ՆԱՏՕ-ի վարկանիշին, սակայն կովկասյան տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի վարած քաղաքականության եւ ունեցած հեռահար նպատակների կողքին չնչին նշանակություն ունի։ Իսկ այդ շրջանակներում Ադրբեջանն ստրատեգիական նշանակություն է ձեռք բերում։

Սակայն անկախ այն բանիցՙ կարձագանքի՞ արդյոք ՆԱՏՕ-ն միջադեպին, կատարվածն ընդամենը վերաբերում է զորավարժության նախնական պլանավորմանը։ Եթե հնարավոր եղավ լռություն պահպանել այս անգամ, ապա ակնհայտորեն մյուսՙ արդեն բուն զորավարժությունների ժամանակ նույնատիպ վերաբերմունքի առկայության դեպքում ՆԱՏՕ-ն ուղղակի հարկադրված կլինի միջոցներ ձեռնարկել։ Բանն այն է, որ այն ժամանակ արդեն Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվելու հակադարձ մեղադրանքներ հնչեցնել, քանի որ արդեն իսկ հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է մասնակցություն ցուցաբերել բուն զորավարժություններին, որտեղ էլ դրանք անցկացվեն։

ՆԱՏՕ-ն Անդրկովկասում ձեռնարկած իր միջոցառումները անվանում է նախաձեռնություններ հանուն խաղաղության, ավելի ճիշտՙ գործընկերություն հանուն խաղաղության։ Նման միջադեպերով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի գործընկերություն էլ լինել չի կարող հակամարտող կողմերի միջեւ, այսինքնՙ ՆԱՏՕ-ի նախաձեռնություններն ի սկզբանե անուղղակիորեն որակում է որպես անարդյունավետ։ Իհարկե դա ոչ թե Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ վարվող քաղաքականություն է, այլ զուտ մարտավարական սխալ։ Ադրբեջանը երբեք չի գնա ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները վտանգելու ճանապարհով։

Հայաստանի քաղաքական գիծն այս տեսակետից, միջադեպի գնահատման առումով, միանգամայն համարժեք կարելի է համարել։ Սա թերեւս միակ ճանապարհն է միջազգային հանրությանը ցույց տալու Ադրբեջանիՙ տարածաշրջանային համագործակցության ինչպես Հայաստանի, այնպես էլ հենց միջազգային հանրության ջանքերը չեզոքացնելու քաղաքականությունը։ Իսկ Ադրբեջանում ամենաշատը վախենում են հենց դրանից։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4