«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2004-01-22 | #9, 2004-01-23 | #10, 2004-01-24


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ

Եվրամիության անդամ դառնալու մարմաջը Թուրքիային դրդում է որոշ զիջումներ անել մարդու իրավունքների ասպարեզում։ Մասնավորապես քրդերը շուտով կարող են փոխհատուցում ստանալ պետական ահաբեկչության դիմաց, որին ենթարկվել են երկրի հարավ-արեւելքում իրենց զինված դիմադրության 15 տարիների ընթացքում։

Լոնդոնի «Գարդիան» թերթը տեղեկացնում է, որ Անկարայի չափավոր իսլամիստների կառավարությունը փոխհատուցումների ծրագիր է առաջարկել այն անձանց համար, ովքեր հատուկ ծառայությունների գործողություններից տուժել են անջատական Քրդական բանվորական կուսակցության ջախջախման ընթացքում։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, 1984-1999 թ. հակամարտության զոհերն են դարձել 1 մլն էթնիկ քրդեր։

Օրինագիծը ներկայացրած արդարադատության նախարարությունը խոստացել է այնտեղ փոփոխություններ կատարել ՔԲԿ-ի կողմից բռնությունների ենթարկված քրդերի առնչությամբ։

Հալածանքների զոհերը եւ նրանց հարազատները կարող են դիմումներ ներկայացնել պատճառված վնասի վերաբերյալ (մարմնական վնասվածք, մահ, կայքի, անասունների եւ բերքի ոչնչացում)։ Փոխհատուցումների գումարները չեն նշվում։

Այս միջոցառման մասին հայտարարվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի Թուրքիա կատարած այցելությունից ընդամենը մի քանի օր անց։ Իր այցի ընթացքում Պրոդին թուրքերին հորդորել էր առավել մեծ եռանդով անցկացնել բարեփոխումները։

Նոր օրինագիծը վերջինն է մարդու իրավունքների ոլորտում ծավալված այն բարեփոխումների փաթեթում, որն Անկարան խոստացել է իրականացնել։ Սպասվում է, որ օրինագիծը խորհրդարանին կներկայացվի առաջիկա ամիսներին։

ՔԲԿ-ն զինված պայքարից հրաժարվել էր 1999 թ. իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո։ Մինչ այդ քրդերը զանգվածաբար դառնում էին Թուրքիայի պետական ահաբեկչության զոհերը։ Մարդկանց խոշտանգումները, մահը, «անհետացումները», արտադատարանային հաշվեհարդարները սովորական երեւույթներ էին։ Թուրքական բանակը հրկիզում, կողոպտում եւ ոչնչացնում էր քրդերի գյուղերը։ «Հյումըն ռայթս ուոչ» իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ 1984-1994 թթ. «3000-ից ավելի գյուղեր փաստորեն ջնջվեցին երկրի երեսից, եւ ավելի քան քառորդ միլիոն գյուղացիներ դարձան անօթեւան»։

Եվրոպացի եւ թուրք իրավապաշտպանները ողջունել են նոր օրենքը, միաժամանակ նշելով, որ դրա արդյունավետության մասին հնարավոր կլինի դատել լոկ այն ժամանակ, երբ սկսեն կիրառել։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4