«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2004-01-22 | #9, 2004-01-23 | #10, 2004-01-24


ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

Սաակաշվիլին իր կառավարումը կսկսի շքեղ հանդիսությամբ

Հունվարի 25-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սաակաշվիլու երդման արարողությունը։ Վրացական մամուլի հրապարակումների համաձայն, արարողությանն իրենց մասնակցությունն արդեն հաստատել են մոտ 30 երկրների պատվիրակություններ։ Ի թիվս այլոց, երդմնառությանը կմասնակցեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Իգոր Իվանովը, Գերմանիայի եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Արդեն երեկ Թբիլիսիի կենտրոնական մասումՙ Ռուսթավելի պողոտայում մինչեւ կեսօր դադարեցված էր երթեւեկությունըՙ պատրաստվող հանդիսության գլխավոր փորձի կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ նախատեսվող ծրագիրը տպավորիչ է։ Շատերի գնահատմամբ, անկախ Վրաստանի պատմության մեջ եզակի միջոցառում կլինիՙ 200 հազար լարի (մոտ 100 հազար դոլար) արժողությամբ։ Այս գումարը, սակայն, միայն մի չնչին մասով կծածկվի պետբյուջեի միջոցներով, մնացյալը «կնվիրաբերեն» վրացի գործարարները։ Թե ովքեր եւ ինչ գումարով կհովանավորեն երդմնառության հանդիսությունը, չի հրապարակվում։

Սաակաշվիլին, ըստ ծրագրի, սահմանադրության վրա կերդվի Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ արդեն պատրաստվում է ժամանակավոր բեմահարթակ։ Մինչ այդ նորընտիր նախագահին կօրհնի Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը։

Հունվարի 25-ին նախապատրաստվող միջոցառումներից թերեւս ամենանշանակալին կդառնա Վրաստանի նոր պետական դրոշի շնորհանդեսը։ Դրոշի հին «օրինակի» փոխարեն Վրաստանն այսուհետեւ կունենա սպիտակ դրոշՙ 5 խաչով։

Ինչեւէ, առայժմ ոչ ամբողջապես հրապարակվող ծրագիրըՙ նվիրված նորընտիր նախագահի երդմնառությանը, խոստանում է լինել դիտարժան եւ տպավորիչ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4