Գուցե այս հարցի պատասխանը տրվի՞ դատավարության ավարտին
Երբ 2002 թ.-ի ձմռանը երեւանաբնակ Գոհար Խաչատրյանը ողջ մարմնում հանկարծակի սուր եւ ուժեղ ցավեր զգաց, ոչ նա, ոչ էլ նրա հարազատները չէին կարող կասկածել, որ ի վերջո դա հիմք կդառնա դատարան դիմելու։ Բայց դարձավ ու դիմեցին։ Պարզապես հիվանդի հարազատները բուժման նպատակով դիմել էին բժշկի, բնականաբար վաղուց ծանոթ ու վստահելի Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկ, գաստրո-էնտերոլոգ Վաղինակ Դովլաթյանին։ Վերջինս բացառելով հիվանդին անհրաժեշտ կոլոնոսկոպիկ եւ համակարգչային տոնոգրաֆիկ ստուգումները, իր աշխատասենյակում ուղղակի ձեռքերի շոշափմամբ ստուգել է Գոհար Խաչատրյանի որովայնը, եւ նրա հարազատներին հավաստիացրել, թե հիվանդին 1 տարի 2 ամիս ապրելու ժամանակ է մնացել։ Իսկ ախտորոշումըՙ քաղցկեղ, որի բուժման եղանակը բուսաբուժության (ինչով բժիշկը զբաղվում է երկար տարիներ), ճանապարհով հայտնաբերել է եւ արդեն մի քանի անձանց բուժել։ Հայտնագործությունը չարտոնագրելը բժիշկը բացատրել է նրանով, թե դրա համար իրեն հետապնդում են այսպես կոչված ԿԳԲ-ից։ Ընթացող դատավարության ժամանակ էլ հրաժարվել է ցուցմունքներ տալ իր պատրաստած դեղամիջոցի քիմիական բաղադրության, այն պատրաստելու եղանակի մասինՙ դա համարելով իր հեղինակային գաղտնիքը։ Մեղադրյալի այս փաստարկը դատարանը հիմնավոր է համարել։
Ի դեպ, նշված գաղտնիքը գործով չպարզված կարմիր հեղուկ է, որ հիվանդին, տվյալ դեպքում Գայանե Խաչատրյանին եւ նրա հարազատներին արժեցել է 21 հազար ԱՄՆ դոլար, որը մտերիմ-բարեկամներից վերադարձնելու պայմանով վերցրել եւ տրամադրել է հիվանդիՙ Մ. Նահանգներում բնակվող եղբայրը։
Խուճապահար հարազատներն առաջարկվող բուժման միջոցը միակը համարելով եւ հիմք ընդունելով բժշկի հետ վաղեմի ծանոթությունը, առանց կասկածի մաս առ մաս բժշկին են տրամադրել 20 հազար 300 ԱՄՆ դոլար։ Սակայն բուժման ընթացքում կասկածներ են առաջացել, քանի որ Դովլաթյանը պահանջել է առավելագույն գաղտնիություն եւ մեկուսացումՙ արգելելով տեսությունն անգամ հարազատների հետ։ Վերջիններս էլ հավատացել են, թե բժշկի հաղորդած դրական լիցքերով բիոտոկերն իրենց ներկայությունից կարող են վերածվել բացասականի եւ խոչընդոտել բուժման արդյունավետ ընթացքին։
Ի վերջո, բժշկական հետազոտում անցնելով, Գայանե Խաչատրյանը պարզել է, որ ինքը հիվանդ է ոչ թե քաղցկեղով, այլ ունի աղերի կուտակումներ եւ նյարդերի բորբոքում։ Արդյունքում գործը քննվում է Էրեբունի-Նուբարաշեն առաջին ատյանի դատարանում, որտեղ ընթացող երեկվա հերթական նիստում մեղադրող Գեւորգ Երեմյանը, հիմք ընդունելով տուժողի ստացած սպառնալի հեռախոսազանգերը, միջնորդեց մեղադրյալին կալանելու համար, որին դատավոր Արա Կոտանյանն ազատել է կալանքիցՙ հիմնվելով դատական նիստի ժամանակ վատ զգացող մեղադրյալին շտապ օգնություն ցուցաբերած բժշկի բացատրության վրա։ Սա տուժողի պաշտպանի հավաստմամբ դատավարության ընթացքում թույլ տրված օրենքի միակ խախտումը չէ։ Փաստաբանը պնդում է, որ չնայած մեղադրյալի ունեցած առողջական պրոբլեմներին, որոնք հաստատվել են դատափորձաքննությամբ, չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին կալանքից ազատելու համար։ Մեղադրյալի պաշտպանի բերած փաստարկների համաձայն, Վաղինակ Դովլաթյանը կալանքից ազատ եղած ընթացքում ոչ մի անգամ չի խոչընդոտել դատավարության ընթացքինՙ մշտապես ճիշտ ժամանակին ներկայանալով թե՛ դատական նիստերին, թե՛ դատափորձաքննությանը։ Իսկ մեղադրողի միջնորդությունն ընդունել կամ մերժելու հարցը պարզելու համար դատարանին այսօր անհրաժեշտ եղավ 4 ժամից ավելին, որից հետո միջնորդությունը մերժվեց, իսկ հաջորդ նիստը կկայանա փետրվարի 2-ին։
Մինչ այդ ներկայացնենք գործի եւս մեկ դրվագ։ Գործով վկա, Մոսկվայի եւ Երեւանի բժշկական հիմնարկների ախտորոշման համաձայն, քաղցկեղով իրոք հիվանդ եւ Վաղինակ Դովլաթյանի մոտ 26 հազար 800 ԱՄՆ դոլարի դիմաց բուժում ստացող Աշոտ Խաչատրյանն ի վերջո մահացել է քաղցկեղից։ Իսկ նշված երկու տուժողներով բժշկին դիմող հիվանդների թիվը չի սահմանափակվում։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ