Պաշտոնական ընթրիքից հետո, կիրակի ուշ երեկոյան Սաակաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստանի նորընտիր նախագահին է հանձնել Ռոբերտ Քոչարյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում Սաակաշվիլին ցանկություն է հայտնել առաջին հնարավորության դեպքում այցելել Հայաստան։
Օսկանյանը Վրաստանի նոր նախագահի հետ հանդիպումից տպավորություն է ստացել, որ «Սաակաշվիլին ցանկանում է առավել խորացնել հայ-վրացական հարաբերությունները»։ «Նախագահը կարծում է, որ մեր երկկողմ հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա չեն հատկապես տնտեսական ոլորտում։ Մենք համաձայն ենք այս կետինՙ իսկապես խորացնել հայ-վրացական հարաբերությունները», ասաց Օսկանյանը։
ՀՀ արտգործնախարարի տպավորությամբՙ վրացական կողմն ուզում է աբխազական երկաթգծի շրջափակումը վերացնել, որն «առաջին հերթին բխում է Վրաստանի շահերից, նաեւՙ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերից»։ «Քաղաքական խնդիրները դեռեւս չեն լուծվել, բայց իմ տպավորությամբՙ պրն Սաակաշվիլին նոր մոտեցում ունի այդ հարցում, ինչը մոտ ապագայում կարող է բեկում մտցնել», ասաց Օսկանյանը։
Արտգործնախարարը շեշտեց, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է Ջավախքի վերաբերյալ Վրաստանի կողմից մշակված եւ գործի դրվելիք ծրագրերում ներդրման բաժինն ունենալ։ «Ես զգացի պրն Սաակաշվիլու անկեղծ միտումը Ջավախքի հայության իրավիճակը բարելավելու հարցում։ Մեր հանդիպման ընթացքում նա մի քանի անգամ շեշտեց, որ անպայման քայլեր կձեռնարկի եւ հատուկ ուշադրություն կդարձնի ջավախահայությանը, նրանց իրավիճակի բարելավման ուղղությամբ», ասաց Օսկանյանը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի-Երեւան