ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելել ընթացիկ տարվա գարնանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Մինչ այդ, ըստ նրա, միջնորդները «մտադիր են կազմակերպել նախնական շփումներ Երեւանի եւ Բաքվի միջեւՙ որոշարկելու համար այն հարցերը, որոնք կարող են առաջարկվել բանակցություններում»։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից բացի, որոնք շատ կարեւոր են, սակայն անկանոնության եւ կարճատեւության պատճառով անբավարար են կարգավորման բուն էությունը քննարկելու համար, համանախագահները կփորձեն երկու երկրների միջեւ բանակցությունները կազմակերպել «երկրորդ մակարդակում», որոնք կունենան ավելի կանոնավոր, հանգամանալի եւ խոր բնույթ,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ նա հերքել է Մինսկի խմբի համանախագահների պասսիվության վերաբերյալ բոլոր հայտարարությունները։ Ըստ նրա, նրանք «նախկինի պես մտադիր են կատարել միջնորդի իրենց անկողմնապահ եւ բարյացակամ դերը»։ Տրուբնիկովը հիշեցրել է, որ «Մինսկի խմբի գոյության ավելի քան տասնամյա պատմության ընթացքում առաջարկվել են կարգավորման մի քանի տարբերակներ, եւ դրանք բոլորը մերժվել են, կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողմից»։ Ըստ էության, ասել է նա, «կարգավորման բոլոր տարբերակները այսպես թե այնպես եղել են բանակցությունների օրակարգում»։