«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2004-01-23 | #10, 2004-01-24 | #11, 2004-01-27


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԿՆԻՔԸ

Քանի հեռանում ենք նրանից, ավելի պարզ ենք պատկերացնում նրա արած-թողածը, նրա մեծությունը։ Հասկանում ենք, որ 20-րդ դարի 60-ականներին նա սոսկ մեր բանաստեղծության հունը չփոխեց, մեր մտածողությունը փոխեց։ Եվ եթե հիացողներ եղան ու կան, ապա նաեւ թշնամիներ պետք է լինեին։ Բա ինչպե՞ս։ Չէ՞ որ նա առաջինը ջարդեց սոցիալիստական ռեալիզմ կոչվող մտածողությունը, բռնատիրական կարգերի ժամանակ ազատ ապրելու եւ ազատ մտածելու բանաձեւը թելադրեց։ Չգիտեմՙ ինչքան գիրք եւ ուսումնասիրություն է գրվել նրա մասին, բայց բոլորս էլ երկյուղածությամբ մոտենում ենք գաղտնիքի, Պարույր Սեւակ-առեղծվածի բացահայտմանը։ Երբեմն նաեւ ավելին ենք թույլ տալիս մեզ։ Եվ եթե այս «ավելին» խրտնեցնում է դեռեւս սոցիալիստական սարսափով ապրողներին, ապա թել առ թել քանդում է նրա գաղտնիքի կծիկը։ Եվ եթե ինքը վախենում էր բութ ու համառ հավատացյալից, ապա նաեւ գիտեր, որ «հանճարեղությունը հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը»։ Ինքը հենց այս սահմանը խախտողը եղավ։ Ու դրա համար իրեն չներեցին։

«Բանաստեղծները, որ ի հնուց անտի եւ հավիտենից հավիտյան թշնամի են ամեն տեսակ թագավորների եւ իշխանների, բանաստեղծները թագավորի եւ իշխանի նման պիտի լինեն գոնե մեկ բանում. բանաստեղծը պիտի ունենա իր կնիքը, որ դրոշմված է իր իսկ մատանու վրա, մի կնիք, որ մեկ ուրիշ մատանու վրա չկա, եւ մի մատանի, որ մեկ ուրիշի մատին չի գալու», ասում է նա։

47 տարի եղավ մեզ հետ, եւս 47 հարյուր տարի էլ լինելու է, որովհետեւ իր արածի մեծությունը ժամանակի մեջ չի արժեւորվում, ոչ էլ որեւէ տարածքում։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4