Ռ. Հայրապետյան. «Արարատը» պետք է սկսի առաջին խմբից»
Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում հանդիպում էր կազմակերպվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ «Փյունիկի» ու ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ։ ՀՖՖ նախագահը նախ տեղեկացրեց մոսկովյան մրցաշարի ժամանակ ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի նախագահների հետ ունեցած իր հանդիպումների մասին։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնի հետ քննարկվել է «Հեթ-տրիկ» ծրագիրը, որի շրջանակներում ֆինանսական օգնություն է ցույց տրվելու ազգային ֆեդերացիաներին։ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ հանդիպման ժամանակ արծարծվել են «Գոլ» ծրագրին վերաբերող հարցեր։ Այս ծրագիրն ազգային ֆեդերացիաներին ֆինանսական օգնություն է հատկացնում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։ Մասնավորապես, նախատեսվում է հանրապետության տարբեր մարզերում կառուցել մոտ 30 փոքրիկ խաղադաշտեր։ ՖԻՖԱ-ի ֆինանսական աջակցությամբ Ավանում կկառուցվի ծածկած խաղադաշտ։ Ինչ վերաբերում է Մալաթիայի ֆուտբոլի դպրոցին, ապա ֆեդերացիայի նախագահը մեկ անգամ եւս նշեց, որ տարբեր խոսակցություններ են տարածվել, թե իբր ինքը ցանկանում է վաճառել այն։ Բայց, իրականում, մարզադպրոցը հնարավոր է վարձավճարով հանձնվի որեւէ ակումբի։
«Ազգի» թղթակցի այն հարցին, թե ինչպիսի՞ մրցակարգով է անցկացվելու ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը եւ արդյոք ֆեդերացիան կթույլատրի՞ «Արարատին» ու «Լեռնային Արցախին» հանդես գալու ուժեղագույնների խմբում, նախագահը պատասխանեց, որ ինքը դեռեւս անցյալ տարի հայտարարել էր, որ եթե «Արարատը» պաշտոնապես դիմի ֆեդերացիային, ապա գործկոմի թույլտվությամբ թիմը կմասնակցի բարձրագույն խմբի առաջնությանը։ Սակայն, ըստ Ռուբեն Հայրապետյանի, «Արարատը» նշված ժամկետից ուշ է դիմել ֆեդերացիա, բացի այդ էլ Արկադի Անդրեասյանը նախագահի հետ անձնական հանդիպման ժամանակ կրկին պայմաններ է առաջադրել, որոնց չբավարարման դեպքում իբր թիմը կհրաժարվի առաջնության մասնակցությունից։ Ելնելով այս ամենից, ՀՖՖ նախագահը նշեց, որ հարցը գործկոմի քննարկմանը չի դրվի, ու «Արարատը» պետք է սկսի առաջին խմբից։ Ինչ վերաբերում է «Լեռնային Արցախի» խնդրանքին, ապա, ըստ նախագահի, թիմն անցյալ մրցաշրջանում ինքն է հրաժարվել առաջնությանը մասնակցելուց, ուստի, ըստ կանոնակարգի, պետք է այս տարի հանդես գա առաջին խմբում։
Մամուլի ասուլիսին մասնակցող Միխայ Ստոյկիցան, խոսելով հավաքականի մասին, նշեց, որ փետրվարին Կիպրոսում կայանալիք մրցաշարում նպատակ է դրվել փորձարկելու մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստների։ Իհարկե, հրավիրվել են նաեւ լեգեոներներ։ Ստոյկիցան շատ կարեւորեց ընկերական հանդիպումների անցկացումը։ Նա գտնում է, որ մինչ ընտրական մրցաշարի մեկնարկը, հավաքականը գոնե 5-6 ընկերական մրցախաղ պիտի անցկացնի, որպեսզի հնարավոր լինի փորձարկել ֆուտբոլիստներին եւ ընտրել հիմնական կազմը։
Ի դեպ, Կիպրոսում կայանալիք մրցաշարին մասնակցելու համար Միխայ Ստոյկիցան հրավիրել է 24 ֆուտբոլիստի։ Ահա նրանց ցանկը. դարպասապահներՙ Ապուլա Բետե, Արմեն Համբարձումյան, պաշտպաններՙ Սարգիս Հովսեփյան, Բարսեղ Կիրակոսյան, Մարիան Զեչիու, Ալեքսանդր Թադեւոսյան, Արարատ Առաքելյան, կիսապաշտպաններՙ Արտավազդ Քարամյան, Եղիշե Մելիքյան, Ալբերտ Սարգսյան, Կառլ Լոմբե, Բալեպ Բա Նդումբուկ, Աղվան Մկրտչյան, Կարեն Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Արթուր Ոսկանյան, Լեւոն Փաչաջյան, Դավիթ Գրիգորյան, հարձակվողներՙ Արման Քարամյան, Արա Հակոբյան, Էդգար Մանուչարյան, Ժորա Հովհաննիսյան, Գալուստ Պետրոսյան։