Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում առայժմ հաջող մրցելույթներ է ունենում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը մտել է քառորդ եզրափակիչ։ 1/16 եզրափակիչում Դավիթը պայքարից դուրս մղեց հարավաֆրիկացի Ուեյն Ֆերեյրային (6-2, 6-4, 7-5), իսկ հաջորդ փուլում պարտության մատնեց արգենտինացի Կանյասին (6-4, 6-2, 6-1)։
Իր հաղթարշավն է շարունակում նաեւ Անդրե Աղասին։ Նա եւս իրավունք է ստացել պայքարելու գլխավոր մրցանակի համար։ Հերթական խաղը նա շահեց թաիլանդցի թենիսիստ Պարադորն Շրիչափխանից։ Հաջորդ փուլում Աղասին մրցելու է ֆրանսիացի Սեբաստիան Գրոժանի հետ։ Վերջինս պայքարից դուրս էր մղել Ռոբի Ժինեպրիին։ Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Էնդի Ռոդիկը, Խուան Կառլոս Ֆեռերոն, Հիշամ Արազին։
Կանանց մրցապայքարում քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց ռուսաստանցի Անաստասիա Միսկինան, որը նախ հաղթեց իր հայրենակցուհի Մարիա Շարապովային, ապա պարտության մատնեց Ռուբինին (6-7, 6-2, 6-2)։ Հաջող հանդես եկան եւ հաջորդ փուլ դուրս եկան նաեւ Ռեյմոնդը, Կլիյստերսը եւ Շնայդերը։