Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը 14 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ։ Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը։ Նա 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ վստահորեն գրավեց առաջին տեղը։ Թեեւ 12-րդ տուրում Անանդը մրցաշարում զիջեց Թոփալովինՙ կրելով միակ պարտությունը, բայց դա չազդեց նրա վերջնական արդյունքի վրա։ Իսկ մինչ այդ Անանդը հաղթել էր Թիմանին եւ վերջին տուրում ոչ-ոքի խաղացել Սոկոլովի հետ։
Ավարտական 3 տուրերում Վլադիմիր Հակոբյանը վաստակեց ընդամենը մեկ միավոր։ Նա խաղաղ դաշն կնքեց Շիրովի եւ Չժան Չժոնի հետ, իսկ վերջին տուրում զիջեց Բարեեւին։ Հակոբյանը 13 պարտիաներից միայն 3-ում հաղթանակ տոնեց, 6-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց 4 պարտություն եւ 6 միավորով 9-11-րդ տեղերը բաժանեց Սվիդլերի եւ Շիրովի հետ։
Հաջող հանդես եկան Մայքլ Ադամսն ու Պետեր Լեկոն, որոնք 8-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը։ Վերջին 3 տուրերում Ադամսը հաղթեց Թիմանին, ոչ-ոքի ավարտեց պարտիաները Բոլոգանի եւ Սվիդլերի հետ։ Լեկոն էլ հաղթեց Չժան Չժոնին, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերը Բարեեւի եւ Կրամնիկի հետ։ Մյուս մրցակիցների ցուցանիշներն այսպիսին են. 4-5-րդ տեղերՙ Թոփալով, Բոլոգանՙ 7,5-ական միավոր, 6-8-րդ տեղերՙ վան Վելի, Բարեեւ, Կրամնիկՙ 6,5-ական միավոր, 12-13-րդ տեղերՙ Սոկոլով, Չժան Չժոնՙ 5-ական, 14-րդ տեղՙ Թիմանՙ 4։