«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2004-01-23 | #10, 2004-01-24 | #11, 2004-01-27


ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՎԱՐՏԵՑ ՏՐԱՄՎԱՅՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՇԱՎԸ

Հաջորդը տրոլեյբուսնե՞րն են

Այսպիսով, Երեւանում տրամվայի մասին այսուհետեւ խոսելու ենք անցյալ ժամանակով։ Ինչպես վաղօրոք կանխատեսել էինք, իշխանությունները, ի դեմս ներկա քաղաքապետի, մինչեւ վերջ հասցրեցին հասարակական տրանսպորտի այս տեսակի նկատմամբ նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ սկսած արշավը, վերացնելով նաեւ վերջինՙ թիվ 5 երթուղին։ Իհարկե, դրա համար այս անգամ եւս բերվեցին ինչ-ինչ «փաստարկներ», որոնց մի մասը բերվել է նաեւ նախկինում, իսկ մյուս մասնՙ առաջին անգամ։ Ընդհանուրը սակայն այն էր, որ դրանք բոլորն էլ ամենաչնչին քննադատության անգամ չեն դիմանում, եւ տրամվայի վերացման իրական նպատակները քողարկելու համար են բերվում։

Առաջին եւ գլխավոր փաստարկն այն է, որ տրանսպորտի այս տեսակը թանկ արժե եւ աշխատում է վնասով։ Ընդ որում, նախկինում որպես ասվածի գլխավոր ապացույց նշվում էին էներգետիկներին ունեցած հսկայական պարտքերը։ Այս ցուցանիշը թափահարելով, նախ վերացրին թ. 2 եւ թ. 1 երթուղիները։

Նշվում էին նաեւ պահեստամասերի բացակայության, գծային եւ լարային տնտեսությունների մաշվածության եւ դրանց նորոգման ծախսերի համար միջոցների սղության պատճառները։

Տրամաբանություն ունեցող որեւէ անձ, որը չի զբաղեցնում Երեւանի քաղաքապետի կամ տրանսպորտի վարչության պետի պաշտոնները, կհասկանա, որ երկու երթուղիների վերացումից հետո էապես կհեշտանա մնացած երկուսի (թ. 7 եւ թ. 5) շահագործումը։ Շահագործումից հանված վագոնները եւ դրանց պահեստամասերը կօգտագործվեին գործող երթուղիներում, ազատելով դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ հավելյալ ծախսերից։ Տրամվայի գծերի եւ հոսանքալարերի նորոգման ծախսերը եւս կկրճատվեին։ Նմանապես ավելի քիչ էլեկտրաէներգիա կծախսվեր։ Վերջին հանգամանքն, ի դեպ, թ. 5 երթուղու հանելուց հետո անուղղակիորեն հաստատել է նաեւ տրանսպորտի վարչության պետը, ասելով, որ էլեկտրատրանսպորտը էլեկտրաէներգիայի պարտք չուներ։

Այդուհանդերձ, քաղաքապետի «պետական» մտածողությունը այլ բան էր թելադրումՙ վերացնել նաեւ տրամվայի վերջին երթուղին։ Հակառակ դեպքում երթուղային տաքսիների ամենազոր գծատերերը կստիպեին նրան կամ հարկադրաբար դա կատարել, կամ էլ կամավոր հրաժարվել քաղաքապետի պաշտոնից։ Հասկանալի է, Երվանդ Զախարյանի ընտրությունը որը պետք է լիներ։ Չմոռանանք, որ պաշտոնափոխությունից հետո նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խոստովանել էր, որ եղել են դեպքեր, երբ ինքն անզոր է գտնվել այլ կերպ, քան հարկադրված էր, վարվելու։

Սակայն վերադառնանք հիմնավորումներին։ Տրամվայի թանկ եւ վնասաբեր լինելը չի կարող հիմնավորում դառնալ դրա վերացման համար։ Նույն տրամաբանությամբ ջրամատակարարման կամ էլեկտրամատակարարման համակարգերն էլ պետք է վերացվեին։ Չէ՞ որ նրանց պահպանելն ու շահագործելն էլ թանկ էր ու վնասաբեր։ Ի վերջո, մի՞թե տնտեսական երկնիշ թվով աճ ունեցող երկրի համար մեծ խնդիր էր մայրաքաղաքում տրամվայի ընդամենը մեկ երթուղի պահելը, դրա հնարավորինս արդյունավետ շահագործման համար պայմաններ ապահովելը։ Ցանկության դեպքում դա դժվար չէր։

Առնվազն ծիծաղելի է տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի այն արդարացումը, թե տրամվայի այս երթուղով կատարվող փոխադրումները չնչին էին, եւ նրա վերացումը ուղեւորների կուտակումներ չի առաջացրել։ Ինչպես ասում են, սայլը ճռռալու փոխարեն սայլվորն է ճռռում։ Իհարկե, տրամվայով երթեւեկողները քիչ կլինեն, երբ միկրոավտոբուսներով հեղեղված է տվյալ երթուղին։ Ոչ այլ ոք, հենց քաղաքապետարանն է միկրոավտոբուսային այդ երթուղիների հեղինակը։ Նույն քաղաքապետարանն է, որ միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու փոխարեն, ավտոբուսային նոր երթուղի /թ.3/ է բացում, տրամվայը դուրս մղելու նպատակով։

Իսկ այն հիմնավորումը, թե տրամվայն աղմուկով է երթեւեկում, եւ նրա գործունեությունը դադարեցվում է սեյսմոլոգների եզրակացությամբ, առնվազն ցինիզմ է։ Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարը հայտարարեց, որ մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտման գլխավոր պատճառն ավտոտրանսպորտն է։ Սակայն այդ եզրակացությունը հիմք չդարձավ քաղաքապետարանի համար, որպեսզի միկրոավտոբուսների գործունեությունը Երեւանում արգելի կամ դադարեցնի։ Պարզվում է, գլխացավը ոչ միշտ է վերացվում գլուխը կտրելով, ինչպես տեղի ունեցավ տրամվայի հետ։

Իսկ այն հանգամանքները, որ տրանսպորտի այս տեսակով երթեւեկում է հիմնականում անապահով խավը, որ եւս 200 մարդ դառնում է գործազուրկ, որ տրամվայն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց է, բնականաբար Երվանդ Զախարյանին, Արեգ Բարսեղյանին կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի չեն հետաքրքրում։ Նրանց առջեւ խնդիր է դրված վերացնել տրամվայը, նրանք դա կատարում են։

Դատելով տրանսպորտի վարչության պետի այն խոսքերից, որ տրոլեյբուսների հուսալիությունը եւ արագությունը ցածր են, եւ դրանք աշխատում են վնասով, կարող ենք եզրակացնել, որ հեռու չէ այն օրը, երբ կսկսվի նաեւ տրանսպորտի այս տեսակի հաշվեհարդարը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4