Ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության մարզերում հաճախ կարելի է հանդիպել վաճառակետերի, որոնց ցուցանակների վրա նշված էՙ «Թույն»։ Մեծ մասամբ այդտեղ իսկապես էլ մեր առողջության վրա հեռահար ազդեցությամբ թունատեսակներ են վաճառվում։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերի վաճառքը պարտադիր լիցենզավորման չի ենթարկվում, եւ ամեն ոք կարող է զբաղվել դրանով։
Դա լուրջ հիմնախնդիր է հատկապես Սեւանի համար, երբ շրջակա հողատարածքներից կասկածելի թունանյութերն անարգել լցվում են լճի մեջՙ քայքայելով նրա առանց այդ էլ խաթարված կենսամիջավայրը։
Չնայած դեռ 2002 թ. է մեր ԱԺ-ն վավերացրել կայուն օրգանական աղտոտիչների վերաբերյալ Ստոկհոլմի եւ Ռոտերդամի կոնվենցիաները, սակայն մեր հանրապետությունում թունաքիմիկատների օգտագործումը մնում է նույն անտեր վիճակում։ Հիշեցնենք, որ շարունակվում են անվերահսկելի օգտագործվել գործողության ժամկետները վաղուց սպառած, հաճախ խորհրդային պահեստներում մնացած, նույնիսկ արգելված պարարտանյութեր, ինչպիսին «Դեդետե»-ն է։ Թե ինչպիսի վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ դրանք շրջակա միջավայրի եւ սննդի միջոցով նաեւ մարդու օրգանիզմի վրա, շատերը նույնիսկ անտեղյակ են։ Ըստ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի, նախարարությունը էկոլոգիական թափոնների մասին օրենքի նախագիծ է ներկայացրել կառավարությանը, որը նկատի է առնում նաեւ այս խնդիրը։ Եվ գուցե 2004 թ. հաջողվի վերջապես հաստատել վտանգավոր թափոնների ցանկը, դրանցից ազատվելու ծրագիր մշակել ու գալիք բյուջեում մասնահանումներ անել նաեւ այս նպատակով։
Կ. Դ.