«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2004-01-23 | #10, 2004-01-24 | #11, 2004-01-27


ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱՎՃԻՌԸ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հրապարակվեց հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող անձանց գործով դատավճիռը։

Դատարանըՙ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ամբաստանյալներից 4-ին հանցավոր ճանաչեց պետական դավաճանության մեջ։ Բոլոր 4-ն էլ ՀՀ այլազգի քաղաքացիներ ենՙ Նինա Շիլինա, Էդգար Ֆիլկով, Իվետա Ֆիլկովա եւ Ալեքսանդր Գասպարյան (գրվում է իր հայրացուի ազգանվամբ)։ Շիլինան նաեւ մեղադրվում էր 1993 թ. գործով չբացահայտված ոմն Ռաֆիկի հետ Երեւանի «Էրեբունի» հյուրանոցում դիվերսիայի փորձ կատարելու մեջ։ Նշված անձինք դատապարտվեցին համապատասխանաբար 15, 13, իսկ վերջին երկուսըՙ 10-ական տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Ի. Ֆիլկովայի եւ Ա. Գասպարյանի համար միջնորդել էր նշանակել 11-ական տարվա ազատազրկման պատժաչափ, սակայն դատարանը 1 տարով պակաս պատժաչափ նշանակեց։

Դատարանը հիմնավոր համարեց նաեւ պետական գաղտնիք հրապարակելուՙ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին աշխատակից, ամբաստանյալ Արթուր Օգանեզովին ներկայացված մեղադրանքը եւ դատապարտեց նրան 1,5 տարվա ազատազրկման։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, սակայն դատավճռով այդ խափանման միջոցը փոխվեց, եւ Օգանեզովը կալանավորվեց հենց դատարանի դահլիճում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4