«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2004-01-24 | #11, 2004-01-27 | #12, 2004-01-28


Ո՛Չ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆԸ

Մոսկվայում լույս տեսնող «Նոեւ կովչեգ» («Նոյյան տապան») ամսաթերթը, որն ունի մոտ 40 հազար տպաքանակ (հայկական մամուլի ընտանիքում ամենաբազմատպաքանակն է) եւ ներկայացվում է որպես «ԱՊՀ երկրներում հայկական սփյուռքի տեղեկատվական-վերլուծական թերթ», 2004 թ. հունվարյան համարում հրապարակել է «Ադրբեջանում գործում են տասից ավելի ծայրահեղական կազմակերպություններ» հոդվածը։ «Նոեւ կովչեգին» եւ վերոնշյալ հոդվածին չէինք անդրադառնա, եթե «Ադրբեջանում գործում են տասից ավելի ծայրահեղական կազմակերպություններ» հրապարակումը գողացված չլիներ «Ազգ» օրաթերթից (20 դեկտեմբերի, 2003 թ.)։

Վերոնշյալ հոդվածը խնամքով «Ազգից» «Նոեւ կովչեգի» էջեր տեղափոխելուց հետո Մոսկվայի մեր գործընկերները զլացել են նշել հրապարակման հեղինակի եւ «Ազգի» անունը, փոխարենը ստորագրել ենՙ «Նոեւ կովչեգի» տեղեկատվական-վերլուծական կենտրոն»։ Սկզբունքորեն կողմ լինելով հայկական պարբերականների սերտ համագործակցությանը, «Ազգն» անընդունելի է համարում գրագողությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ «Ազգից» հոդվածն ամբողջությամբ կամ մասամբ հայտնվում է այլ պարբերականներումՙ առանց հղում անելու։ Մասնավորապես, հայաստանյան որոշ թերթեր եւ հատկապես որոշ լրատվական գործակալություններ, ռադիոկայաններ եւ հեռուստաընկերություններ, բազմիցս գողացել են մեր օրաթերթում հրապարակված լուրը եւ ներկայացրել որպես սեփական լրատվություն։ Հետ չեն մնում նաեւ մեր ընտրյալներըՙ ԱԺ որոշ պատգամավորները, ովքեր կարդալով թերթում (խոսքը միայն «Ազգին» չի վերաբերում) տպագրված վերլուծականը, այն վերարտադրում են ԱԺ ամբիոնից կամ հարցազրույցներումՙ փորձելով հայ ժողովրդին համոզել, թե իրենք այնքան էլ սահմանափակ մտածելակերպ չունեն։

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4