«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2004-01-24 | #11, 2004-01-27 | #12, 2004-01-28


ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՄԱՐԴԸ ԲԱՔՎՈՒՄ

«Վաշինգտոն փոստը» խստորեն քննադատում է Ջորջ Բուշին եւ Իլհամ Ալիեւին

Ազդեցիկ «Վաշինգտոն փոստը» հունվարի 26-ի խմբագրականում («Մեր մարդը Բաքվում») գրում է, որ երեք ամիս առաջ խարդախ ընտրություններով Ադրբեջանում իշխանության եկավ Իլհամ Ալիեւը։ «Երբ ընդդիմության առաջնորդները փորձեցին բողոքարկել, ոստիկանությունը դաժանորեն ծեծեց նրանց»։ Նախագահ Բուշը եւ նրա շրջապատն ընդունեցին Ալիեւին, ներեցին նրաՙ ընտրություններում խաբեությունը եւ մարդու իրավունքների խախտումները, ուշադրություն չդարձրին Ալիեւի կոռումպացված լինելու արժանահավատ վկայությունները։ Ավելինՙ Բուշի վարչակազմն Ադրբեջանի ռազմական ոլորտին տրամադրեց 3 մլն դոլար եւ պատրաստվում է էլի գումարներ տրամադրել։ Պենտագոնն ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցություններ է վարումՙ վերջինիս տարածքը ռազմական գործողությունների նպատակով օգտագործելու համար։ Դեկտեմբերին Բաքու էր մեկնել պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը։ Պատասխանելով նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքների մասին հարցին, Ռամսֆելդն ասաց. «Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ հաստատել է հարաբերություններ, եւ դա մենք գնահատում ենք», իսկ Ալիեւը հպարտորեն ընդգծեց. «ԱՄՆ-ը մեր ռազմավարական դաշնակիցն է»։

Պենտագոնի պաշտոնյաները պնդում են, որ Ադրբեջանը մեծ նշանակություն ունի ահաբեկչության դեմ պատերազմում, մինչդեռ Բուշիՙ Ադրբեջանի հանդեպ քաղաքականության ակնհայտ պատճառը նավթն է, գրում է «Վաշինգտոն փոստը»ՙ նշելով, որ ամերիկյան «Ամոկո», «Շեւրոն տեքսակո», «Էքսոն մոբիլ» նավթային ընկերությունները միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքել Ադրբեջանի հետ։

«Ամերիկացի դիվանագետները եւ նավթային ընկերությունների ղեկավարները Ադրբեջանի նախագահին ներկայացնում են որպես կրթված ամերիկամետ առաջնորդի, չափավոր ղեկավարի, մինչդեռ 42-ամյա Ալիեւը Բաքվում հայտնի է որպես կնամոլ եւ խաղամոլ», գրում է թերթը։

Անշուշտ, նախագահ Բուշին ձեռնտու է աջակցել Ալիեւին ճիշտ այն նպատակով, ինչ նպատակով Մ. Նահանգները տասնամյակներ շարունակ աջակցում էր Պարսից ծոցի դիկտատորներին։ Մինչդեռ Բուշն անձամբ մի քանի անգամ իր ելույթներում հայտարարել է, որ նման քաղաքականությունը սխալ է։ Մ. Նահանգներին տասնամյակներ են անհրաժեշտ, որպեսզի հաղթահարի կոռումպացված արաբական վարչակարգերին աջակցելու հետեւանքները։ Մինչդեռ պրն Բուշը կարող է առնվազն խուսափել նույնի կրկնությունից Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի նավթով հարուստ պետությունների հետ հարաբերություններումՙ սկսելով Ադրբեջանից, եզրակացնում է «Վաշինգտոն փոստը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4