Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին են դիմել Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 22 ներկայացուցիչներՙ խնդրանքով, որ հանուն հայկական ֆուտբոլի հանդիպում ունենան Երեւանի «Արարատ» ակումբի հովանավորի հետ եւ քննարկել «Արարատ» ակումբի բարձրագույն խմբում հանդես գալու հարցը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ֆեդերացիայի նախագահը բարձր են գնահատում Հայաստանի մարզական լրագրողների մտահոգությունները, լրագրողական համախմբվածությունը հանուն հայկական ֆուտբոլի զարգացման եւ ամեն ջանք գործադրելու են այն հետագայում առավել բարձր հիմքերի վրա դնելու համար։ Միաժամանակ անօրինական են համարում ցանկացած գործողություն, որը դուրս է հայկական ֆուտբոլը կանոնակարգող իրավական դաշտից։ Անցած ժամանակաշրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ անձամբ ֆեդերացիայի նախագահը արել են հնարավոր եւ անհնար ամեն ինչ, որպեսզի «Արարատ» ակումբը հանդես գա բարձրագույն խմբում, բայց բոլոր ձեռնարկումները ձախողվել են։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ նախագահը չեն կարող ստեղծել օրինականության խախտման նախադեպ, որը ոչ միայն ստվեր կգցի հայկական ֆուտբոլի հեղինակության վրա, այլեւ կխաթարի մեր ֆուտբոլային կյանքը, որը կարեւոր նախապայման է ֆուտբոլի զարգացման համար։
«Արարատ» ակումբը դիմել է ՖԻՖԱ-ի ղեկավարությանը եւ «Արարատ» ակումբի ղեկավարության հետ հանդիպումներ հնարավոր են ՖԻՖԱ-ի համապատասխան արձագանքից հետո։ Առայժմ «Արարատը» պետք է պատրաստվի խաղալ առաջին խմբումՙ ապացուցելու իր խաղային, բարոյահոգեբանական պատրաստվածությունըՙ հանդես գալու բարձրագույն խմբում։