ԿԲ խորհուրդը հունվարի 27-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, ի գիտություն ընդունեց ՀՀ ԿԲ 2003 թ. չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը եւ ՀՀ ԿԲ 2003 թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը։
Խորհուրդը որոշեց գրանցել «Արդշինվեստբանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր-Ագրո» մասնաճյուղի գործունեության դադարեցումը, համաձայնություն տալ «Արդշինվեստբանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր-ագրո» մասնաճյուղի անվանափոխությանըՙ որպես «Արդշինվեստբանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի, ինչպես նաեւ համաձայնություն տալ «Արդշինվեստբանկ» ՓԲԸ-ի Փարիզի ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցմանը մինչեւ 22.12.2004 թ.։
Խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին անհատ ձեռնարկատերեր Տիգրան Գրիգորյանին եւ Ջեմմա Բաղրամյանին։ ԿԲ խորհուրդն ուժը կորցրած ճանաչեց արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 167, 229, 314 լիցենզիաները, եւ որոշեց գրանցել «Հրազդան-արժույթ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղի եւ «Տրանսդիլեր» ՍՊԸ-ի թիվ 1 մասճյուղի գործունեության դադարեցումը։
ԿԲ խորհուրդը որոշեց հրատարակել «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամսական պարբերականի 2003 թ. դեկտեմբեր ամսվա համարը եւ «Սղաճը Հայաստանի Հանրապետությունում» 2003 թ. երկրորդ կիսամյակում։
ՀՀ ԿԲ Մամուլի ծառայություն