Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի կդառնա
Հայկական ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ներկայիս 1 կվտ.ժ-ը 7,1 դրամի փոխարեն կդառնա 7,6 դրամ /ներառյալ ավելացված արժեքի հարկը/։ ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի երեկ կայացրած որոշմամբ վերոնշյալ միջինացված սակագինը կսկսի գործել մարտի 1-ից։ Իսկ երկդրույք սակագնային համակարգի փոփոխությունների հետեւանքով սահմանված սակագները հետեւյալն ենՙ առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը 3,667 դրամ/կվտ.ժ, իսկ հզորության ամսական վճարը 749 մլն դրամ։ Այս որոշումը ընդունվեց միաձայն։ Մինչդեռ ՀԱԷԿ-ի ղեկավարությունը չէր թաքցնում դժգոհությունը սակագնի նման աննշան փոփոխությունից։
Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանից տեղեկացանք, որ իրենց առաջարկը ենթադրում էր սակագնի բարձրացում մինչեւ 12,8 դրամ։ Այդուհանդերձ նա հավաստիացրեց, որ ոչ մի աշխատանք չի կատարվի անվտանգության համակարգի հաշվին։ Այս նպատակով ՀԱԷԿ-ն առաջարկել էր 1,7 մլրդ դրամ, բայց հանձնաժողովի որոշմամբ ստացել 250 մլն դրամ։ «Այս սակագնով նույնիսկ վառելիքի հարցը չի լուծվում։ Վեց ամիս հետո մենք նորից սակագինը բարձրացնելու հայտ ենք ներկայացնելու», նշեց ԱԷԿ-ի տնօրենը եւ հայտնեց, որ միջուկային վառելիքի մատակարար ընկերությունից նամակ է ստացվել դրա 20 տոկոսով թանկացնելու մասին։
Միջուկային վառելիքի հնարավոր թանկացման մասին խոսելով, հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի ստացած նամակի հիման վրա չէին կարող սակագինը բարձրացնել եւ դրան հնարավոր կլիներ անդրադառնալ, երբ ներկայացվի կնքված պայմանագիրը։ Հանձնաժողովի փոխնախագահը հայտնեց նաեւ, որ իրենց կողմից սակագնի բարձրացման արդյունքում ատոմակայանը կստանա ավելի քան 900 մլն դրամի հասույթ, իսկ անվտանգության ապահովման համար տարեկան մի քանի մլն դոլարի ֆինանսավորում է ստացվում արտերկրից։
Այն հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություն կկրի էլեկտրաէներգիայի սակագինը վերջնական սպառողի համար, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց, որ որեւէ փոփոխություն չի լինի, իսկ եթե ատոմակայանի հայտը բավարարվեր, ապա դա կհանգեցներ էլեկտրաէներգիայի սակագնի 2 դրամով թանկացման։ Այսինքն, վստահաբար կարող ենք ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ՀԱԷԿ-ի կողմից նոր հայտ ներկայացնելուց հետո չենք կարող խուսափել։
Երեկ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նիստում քննարկվեց եւս մեկ հարց։ «Հայէներգոյից» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը հանձնաժողովի որոշմամբ 9 դրամի փոխարեն կլինի 9,21 դրամ, իսկ «Հայաստանի էլցանցերի» շահույթի մարժան կկազմի 1,5 ցենտ։ Այս փոփոխության շնորհիվ որոշակի հասույթ կկուտակվի «Հայէներգոյում», որն էլ կփոխանցվի ԱԷԿ-ին։ Հանձնաժողովի անդամների համերաշխ միաձայնությամբ ընդունված այս որոշումը նույնպես ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ