«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2004-01-24 | #11, 2004-01-27 | #12, 2004-01-28


ԲԱՑՎԵՑ «ԱՇՈՏՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»

«Ազգի» ընթերցողները հիշում են, որ հաճախ մեր թերթի էջերում ներկայացնում էինք ժողովրդական բժշկության մի շարք բաղադրատոմսեր, որոնք մեզ էր տրամադրում բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Աշոտյանը։ Եվ ահա, երեկ Պուշկինի 38 հասցեում իր դռները բացեց հայ միջնադարյան բժշկության անդրանիկՙ «Աշոտյան ավանդական բժշկության կենտրոնը»։

Կենտրոնի բացմանը հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ եւ նաեւ կենտրոնում բուժված հիվանդներ։ Ներկաներին շնորհակալական խոսք ասաց Մարաշի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի հանրապետական գիտահետազոտական կենտրոնի վնասվածքաբան-ժողովրդական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Աշոտյանը։ 20 տարի շարունակ պրն Աշոտյանը զբաղվում է նաեւ ժողովրդական բժշկությամբ։ Նրա «Աշոտյան ավանդական բժշկության կենտրոնը» իր երկու տասնյակ երիտասարդ ու խոստումնալից բժիշկ-մասնագետների հետ օրական ընդունում է 20-30 հիվանդի։ «Ավանդական բժշկությամբ զբաղվող կենտրոն մինչ այժմ չկար, ասաց պրն Աշոտյանը, կան անհատներ, որոնք զբաղվում են բուսաբուժությամբ, անկախ իրենց մասնագիտությունից, իսկ որպես կենտրոն եւ լիցենզավորված «Աշոտյան» կենտրոնն առայժմ եզակի է Հայաստանում։ Կենտրոնն ունի բազմաթիվ փոխհամաձայնության, փոխօգնության գիտական կապեր Կանադայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ»։

Կենտրոնում բուժման կուրս անցնելուց ու ապաքինվելուց հետո է հիվանդը վճարում բուժման վարձը։ Իհարկե, կենտրոնի անձնակազմը հոգ է տանում նաեւ անապահով խավի բուժման ծախսերնՙ անվճար ծառայություններ մատուցելով։ Կենտրոնն ավանդական բժշկությամբ այսօր բուժում է 20-ից ավելի հիվանդություններ, այդ թվում նաեւՙ կանանց հատուկ հիվանդություններՙ արգանդի ուռուցք (միոմաներ), մաշկային հիվանդություններ։ Կենտրոնը բուժում է նաեւ ներքին հիվանդություններՙ երիկամային, աղեստամոքսային տրակտի, լյարդի եւ այլն։ Ժողովրդական բժշկության մեթոդներով իրականացվող բուժման արդյունավետությունը կենտրոնում կազմում է 80-90 տոկոս։

Կենտրոնը երկար տարիներ ուսումնասիրել է Մատենադարանում պահվող ձեռագրերը եւ այսօր պայմանագիր ունի, որի շնորհիվ օգտվում են Ամիր Դովլաթ Ամասիացու, Ավիցցենայի եւ միջնադարյան շատ բժշկապետերի թողած գրառումներից։

Երեկ կրկնակի տոն էր Աշոտ Աշոտյանի համար։ Բացի կենտրոնի բացման առիթից, նրան շնորհավորում էին նաեւ իր անդրանիկ թոռանՙ Աշոտ Աշոտյանի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Իսկ այժմ մեր ընթերցողներին ենք ներկայացնում պրն Աշոտյանի խորհուրդներից, թե ինչպես մրսածությունը բուժել այս ամիսներին, տնային պայմաններում։

1. Քաջվարդ- 2 ճ. գ. բույսի չորացրած արմատները լցնել կես լիտր եռացրած ջրի մեջ, փաթաթած թրմել 1 ժամ, քամել եւ խմել քառորդ թեյի բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

2. Առյուծագի, խնկածաղիկ, երիցուկ, ուրց։ Հավասար քանակությամբ վերցնել բոլորից, խառնել, խառնուրդից 1 ճ. գ. 5 րոպե եփել 1 բաժակ ջրում, թրմել 2 ժամ, քամել եւ խմել կես թեյի բաժակ, օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։

3. Սզնու կամ ալոճենու ծաղիկները, սրոհունդ, կատվախոտի արմատները, հավասար քանակությամբ խառնել, խառնուրդից 1 ճ. գ. եփել 1 թեյի բաժակ ջրում 5 րոպե, թրմել 4 ժամ, քամել եւ խմել կես թեյի բաժակ, օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

4. Հազարատերեւ, եղեսպակ, կատվախոտի արմատներ, լոռասերմ։ Հավասար քանակությամբ խառնել, խառնուրդներից 3 ճ. գ. լցնել կես լիտր եռացրած ջրի մեջ, եռացնել եւս 5 րոպե, թրմել 15 րոպե, քաղցրացնել եւ խմել որպես թեյ ուտելուց առաջ, օրը 2 անգամ։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4