«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2004-01-24 | #11, 2004-01-27 | #12, 2004-01-28


ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՐԺԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ ԱԻՄ-Ի ՀԱՅՑԸ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 27-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանըՙ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժեց «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) հայցը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ։ Հիշեցնենք, որ նման որոշում էր կայացրել նաեւ մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրըՙ դեկտեմբերի 10-ին, ԱԻՄ-ը ծրագրել էր Հանրապետության հրապարակում անցկացնել ցույց-հանրահավաք եւ նոյեմբերի 25-ին այդ մասին տեղեկացրել էր Երեւանի քաղաքապետին։ Ըստ ԱԻՄ-ի, քաղաքապետարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, կայացրել էր ապօրինի որոշում, ցույցը թույլատրելով անցկացնել ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ Մատենադարանի մերձակայքում։

«Չնայած մենք դիմումում նշել էինք, որ ցույց-հանրահավաքը պետք է անցկացնենք Հանրապետության հրապարակի ոչ երթեւեկելի մասում, քաղաքապետարանը երթեւեկությունը չխաթարելու մտահոգությամբ մեզ առաջարկել էր կառավարությանը հասցեագրված ցույցն անցկացնել Մատենադարանի մերձակայքում», նշեց նախագահ Պարույր Հայրիկյանը։

Հայրիկյանի խոսքերով, ցույցի նպատակն էր արձանագրել, որ Հայաստանում մարդու իրավունքների հարցում կան բազմաթիվ խախտումներ, եւ «քանի որ հարցն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ԱԻՄ-ը հետեւողական է լինելու եւ դիմելու է Եվրոպական դատարան»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4