Սպառողների շահերի պաշտպանության օրենքն ընդունվեց 2001 թ. հունիսին։ Դրանից դեռ 10 տարի առաջ Սպառողների ազգային ընկերակցությունը նախաձեռնեց օրենսդրության մշակումը։ 4 տարբեր նախագծեր են ներկայացվել կառավարություն, քարոզարշավ է կազմակերպվել հանրապետությունում, նորից լրամշակվել է օրենքի նախագիծը եւ ի վերջո ընդունվել արտահերթ նիստում։ Այդ օրենքի գործողության ժամանակաշրջանի, եւ այդ ընթացքում սպառողական շուկայիՙ մինչ օրս փոխակերպումների ամփոփումն էր խնդրին հետամուտ հասարակական երկու կազմակերպությունների (Սպառողների ազգային ընկերակցություն, Սպառողների շահերի պաշտպանության միություն) եւ լրատվամիջոցների հանդիպումը։ Երկարատեւ պայքարից հետո օրենքն ընդունվեց, բայց ինչ է տվել սպառողին։ Անգործության շղթային կապված, անհաղորդ ու անտեղյակ իր իրավունքներինՙ նա շարունակում է վտանգել իրեն։ 10 տարի առաջ եւ այսօր սպառողական շուկայի վիճակը նույնը չէ, եւ օրենքի հասարակական պաշտպանները նշում են իրենց դերակատարումը իրողությունների դրական ուղղվածության մեջ։ Սպառողները, թեեւ պասսիվ իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, բայց գոնե ավելի իրազեկ են դարձել, ավելի զգույշ ու գրագետ։ Սոցիոլոգիական վերջին հարցումներն ապացուցել են (4000 սպառողների շրջանում), որ սպառողների գոնե 42 տոկոսը տեղյակ է օրենքի գոյության մասին, բայց անտեղյակՙ դրա դրույթներին։ Այդուհանդերձ, վերջին տարիներին նրանք բավական ակտիվություն են ցուցաբերում սպառողների հասարակական կազմակերպությունների հետ հարաբերություններում։ 1 տարվա ընթացքում ընկերակցությունը 100 դիմում է ստացել, 500 հեռախոսազանգեր։ Նրանց բողոքները հիմնականում ուսումնասիրվել են։
Կ. Դ.