«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2004-01-28 | #13, 2004-01-29 | #14, 2004-01-30


ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ՊԱՀՎՈՒՄ Է ՍԱՆ ԲԵՐՆԱՐԴԻՆՈՅԻ ԲԱՆՏՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը երեկ Վիրջինիա նահանգի ներգաղթի մեկուսարանից տեղափոխվել է Կալիֆոռնիայի Սան Բերնարդինոյի բանտ, «Ազգին» տեղեկացրեց ձերբակալվածի եղբայրըՙ Արթուր Մանասերյանը։ Վերջինս երեկ քրոջՙ ԱՄՆ-ում բնակվող Թամարա Մանասերյանի օգնությամբ հեռախոսազրույց է ունեցել եղբոր հետ, որը բանտում պահվում է երեք այլ կալանավորների հետ։

Թաթուլ Մանասերյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, ասաց պատգամավորի եղբայրըՙ հավելելով, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը որեւէ օգնություն ցույց չի տալիս նրան։ Արթուր Մանասերյանի ասելովՙ այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են եղբոր արդարացի լինելը, զարմանալիորեն չեն հասել ԱՄՆ համապատասխան ծառայություններին։ Մանասերյանն ասաց, որ եղբոր դատավարությունը կսկսվի հաջորդ ամիս։

ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հետՙ հնարավորության սահմաններում Թաթուլ Մանասերյանին օգնելու ակնկալիքով։

Խաչատրյանի ասելովՙ այն փաստաթղթերը, որոնք հանձնվել էին արտգործնախարարությանըՙ դիվանագիտական խողովակներով ԱՄՆ ուղարկելու նպատակով, հասցեատիրոջը չեն հասել։ «Տպավորություն է ստեղծվում, որ պետական մարմիններն ակտիվ չեն։ Մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք մեր խողովակներով», ասաց Խաչատրյանըՙ հավելելով, որ, իր տեղեկություններով, Թաթուլ Մանասերյանի դատավարությունը կսկսվի այսօր։

Մանասերյանին առաջադրվել է երեխայի առեւանգման մեղադրանք։ Հիշեցնենք, որ խոսքը Մանասերյանի որդուՙ ԱՄՆ-ում բնակվող, ՀՀ քաղաքացի 18-ամյա Արմեն Մանասերյանի մասին է։ Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել 1997 թ.։ Ուշագրավ է, որ 1997-ից այս կողմ պատգամավորը բազմիցս եղել է Մ. Նահանգներում, տեսակցել որդուն, սակայն այդ ընթացքում երկիր մուտք-ելքի ժամանակ չի ձերբակալվել։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4