Բաքուն կողմ է, Երեւանը դեմ է, իսկ Ստեփանակերտին չեն հարցնում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաքուն սկզբունքորեն դեմ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Եվրամիության առաջարկությանը, ըստ որի Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթգծի շահագործման դեպքում Հայաստանն ազատում է իր վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններՙ Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլու, Աղդամ, Ֆիզուլի։
Հունվարի 27-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի, մարդու իրավունքների, ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության հանձնաժողովը քննարկեց, փոփոխություններ կատարեց ու ընդունեց շվեդ պատգամավոր Պեր Գարթոնի զեկույցը, որը վերաբերում է Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության քաղաքականությանը։
Զեկույցի գլուխներից մեկում, «Հույժ վտանգավոր-Լեռնային Ղարաբաղ» վերնագրով, նվիրված ղարաբաղյան հակամարտությանը եւ կարգավորման հեռանկարին, նշվում է ենթադրական մի ծրագիր, ըստ որի հեռանկարում հայկական կողմին առաջարկվում է ազատել իր վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից 5-ը, բացառությամբ ՀՀ-ԼՂՀ կապն ապահովող Քելբաջարի եւ Լաչինի, որի դիմաց Ադրբեջանը թույլ կտա Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթգծի շահագործումը։
«Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ դեր խաղա։ Մենք կողմերին (հակամարտության) պետք է համոզենք, որ սահմաններն այնքան կարեւոր չեն, կան այլ ոլորտներ, որտեղ կարելի է համագործակցել», Բաքվի «Էխո» թերթին ասել է Գարթոնըՙ ընդգծելով, որ «միջնորդության հարցում Եվրամիությունն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համեմատ ունի առավելություններ», ԱՄՆ-ն ունի իր նավթային շահերը եւ հակաահաբեկչական ծրագրերը, Ռուսաստանըՙ նախկին ազդեցության վերականգնման սեփական երազանքները։
Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ, արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը երեկ ասել էր, որ Բաքուն դեմ չէ այդ առաջարկությանը, հավելելով, որ «այդ գաղափարի իրականացման դեպքում հնարավոր կլինի զբաղվել Ադրբեջանից զավթված մյուս շրջանների ազատագրման խնդրով»։
Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը, ընդունելով Բաքվում Եվրահանձնաժողովի դեսպան Անտոնիուս դե Վրիսային, դրական է գնահատել Գարթոնի նախաձեռնությունը։ Ըստ «Թրենդ» գործակալության, Ալեսքերովը նկատել է, որ միջազգային կազմակերպությունները պետք է վերջ տան ղարաբաղյան հակամարտության երկակի չափանիշների քաղաքականությանը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը «Էխո» թերթում ասել է. «Այդ գաղափարը նոր չէ, եւ 90-ական թթ. վերջերին Եվրամիությունն առաջարկում էր հենց նման տարբերակՙ համագործակցության ճանապարհով օժանդակել հակամարտության կարգավորումը։ Դա կարող է իրագործվել Իրանին սահմանակից մեր 5 շրջանների ազատման եւ երկաթուղին մինչեւ Նախիջեւան ու ավելի հեռու վերականգնելու ճանապարհով։ Կարծում եմ, այս տարբերակը համահունչ է հակամարտության փուլային կարգավորման մեր ընկալումներին։ Սա կարող է լինել առաջին փուլը, որ Հայաստանին դուրս կբերի մեկուսացումից, իսկ Ադրբեջանը կվերականգնի ազատագրված շրջանները։ Բացի այդ, նման քայլերը կարող են կողմերի (հակամարտող) միջեւ ապահովել վստահություն։ Սկզբունքորեն մեր գլխավոր խնդիրը զավթած բոլոր տարածքների լիովին ազատագրումն է, այն ուժի մեջ է, եւ այդ դիրքորոշումն անփոփոխ է»։
Գարթոնի նախաձեռնությանը սկզբունքորեն կողմ է նաեւ Ադրբեջանի ընդդիմությունը։ «Մուսավաթի» փոխնախագահ Վուրղուն Էյուբը «Զերկալո» թերթում ասում է, որ ուրախ կլիներ տեսնել 5 շրջանների վերադարձը, ինչը հնարավորություն կտար փախստականներին վերադառնալու հայրենական տներ։ Մյուս կողմից, ասել է Էյուբը, եթե դրա դիմաց ենթադրում է մոռացության տալ Ղարաբաղի խնդիրը կամ սառեցնել, ապա Գարթոնի առաջարկն անընդունելի է։
Քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազովի կարծիքով, Եվրամիության առաջարկությունը նոր չէ։ «90-ական թթ. երկրորդ կեսին Եվրամիությունը նման առաջարկություն արեց։ Ադրբեջանի իշխանությունները համաձայնություն տվեցին, Հայաստանըՙ մերժեց», ասել է Նամազովըՙ հավելելով, որ «ըստ էության, այդ նախագիծը նշանակում է կարգավորման փուլային տարբերակ, ինչը պնդում էր Ադրբեջանը»։
Հայաստանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանում Գարթոնի նախաձեռնությունը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր զրույցներում բազմիցս նշել է, որ Երեւանը երկաթգծի վերականգնման դիմաց տարածք չի զիջի։ Եվրամիության նախաձեռնությանը Քոչարյանի դրական արձագանքը կնշանակի, որ նախՙ Հայաստանը գնում է միակողմանի զիջման, քանի որ գնացքի գիծը չի կարող ունենալ 5 շրջանի արժեք, եւ Քոչարյանը համաձայնում է կարգավորման փուլային տարբերակին, ինչին սկզբունքորեն եղել է դեմՙ առաջնությունը տալով փաթեթային կարգավորմանը։ Երկրորդՙ եթե իրոք Եվրամիության նպատակը Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթուղու վերականգնումն է, ապա բոլորովին էլ պարտադիր չէ, որ հայկական ուժերը դուրս բերվեն 5 շրջաններից, քանի որ երկաթգիծն անցնում է երեք շրջաններովՙ Զանգելան, Ջեբրայիլ եւ Ֆիզուլի։ Հետեւաբարՙ ինչ-որ տեղ Երեւանի համար կարող էր քննարկման նյութ դառնալ միայն 3 շրջանների վերադարձըՙ երկաթուղու շահագործման դիմաց։ Մյուս կողմից, եթե Հայաստանը համաձայնում է երեք շրջանների վերադարձին, ապա ո՞վ է երաշխավորելու, որ Բաքուն չի փակի եւ չի շարունակի Հայաստանի շրջափակումը։ Եվ ի վերջո, Բաքուն շրջափակել էր Հայաստանը դեռ այն տարիներին, երբ ընդհանրապես չկար «հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններ» արտահայտությունը։
Նկատենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն ցանկություն էր հայտնել Երեւանում հանդիպել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, մինչդեռ վերջինս զբաղվածության պատճառով չի կարողացել ժամանել Հայաստան։ Հետաքրքրական է, այս որոշումն ընդունվել է Երեւանի համաձայնությա՞մբ։