Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ մամլո ասուլիսում հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման խնդրում Հայաստանը շարունակում է ընդունելի համարել կարգավորման փաթեթային տարբերակը։ Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանիՙ Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Պեր Գարթոնը ղարաբաղյան կարգավորման տարբերակ էր նշել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 5 շրջանների վերադարձը, որի դիմաց Ադրբեջանը բացելու է Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթգիծը։ Օսկանյանը նկատեց, որ «սա նոր գաղափար չէ, միշտ էլ եղել է հրապարակի վրա», սակայն Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման փաթեթային տարբերակը։ Ըստ Օսկանյանի, կարգավորման որեւէ միջոցառում, որի դեպքում ընդհանուր փաթեթից վերցվում է մեկ տարր եւ փորձ արվում լուծում տալ, Երեւանի համար ընդունելի չէ։ «Պետք է լինի կարգավորման ամբողջական լուծում», ասաց Օսկանյանը։