«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՂՈՒԿԱՍՅԱՆ-ՏԱԼՎԻՏԻԵ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։ Տալվիտիեն Հայաստան չորսօրյա այցի շրջանակներում ցանկություն էր հայտնել Երեւանում հանդիպելու ԼՂՀ նախագահին, մինչդեռ Ղուկասյանը ժամանակի սղության պատճառով հնարավորություն չէր ունեցել ժամանելու ՀՀ մայրաքաղաք։ Ֆինն դիվանագետը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ԼՂ ղեկավարից Ստեփանակերտ այցելելու հրավեր ստացել է, այս այցի շրջանակներում ժամանակ չունի, բայց ապագայում Ղարաբաղ կայցելի։

Նկատենք, որ Տալվիտիեն չորսօրյա այցի շրջանակներում բանակցել է նախագահ Քոչարյանի, ԱԺ նախագահի, արտգործնախարարի, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք ղեկավարների (մասնավորապես Իրանի դեսպան Քոլեյնիի), ընդդիմության ներկայացուցիչների հետ, անգամ ժամանակ է ունեցել լինելու աղետի գոտումՙ Գյումրի, Սպիտակ։

Տալվիտիեն նշեց, որ Եվրամիությունը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ԵՄ երկրներից Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից է։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում նկատեց, որ Տալվիտիեի հետ զրույցում ԼՂ հարցը եղել է ուշադրության կենտրոնում, «այդ մասին խոսվել է մանրամասնորեն»։

Ֆինն դիվանագետը, որ արդեն եղել է Ադրբեջանում, նշեց, որ Իլհամ Ալիեւն ընդամենը երեք ամիս առաջ է ստանձնել պաշտոնը, «ունի խոշոր ներքին խնդիրներ», եւ ակնարկեց, որ անհրաժեշտ է սպասել ղարաբաղյան կարգավորման ավելի հարմար ժամանակի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4