«Ազգն» ուշադրությամբ հետեւում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցին, ինչպես նաեւ նախագահ Ջորջ Բուշի հետ նրա առանձնազրույցի արձագանքներին։ Դա պատահական չէր, թերեւս պայմանավորված էր հայ-թուրքական հարաբերություններում ԱՄՆ-ի ներգրավվածությամբ, ինչպես նաեւ Թուրքիա-ԱՄՆ գործակցությամբ, որի մակարդակը լուրջ ներգործություն է ունենում այդ ներգրավվածության մակարդակի վրա։
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հունվարի 25-ին Թբիլիսիում հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ, հայ-թուրքական հարաբերությունների առումով չափազանց ուշագրավ դիտարկում էր արել եւ ասել, որ ամերիկյան ներգրավվածությունն այս հարցում կշարունակվի, եթե անգամ ակտիվ չլինի, առնվազն կպահպանվի։
Թուրք-ամերիկյան գործակցության առումով էլ ուշագրավը Վաշինգտոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի Թուրքիայի բաժնի վարիչ Բյուլենթ Ալի Ռըզայի դիտարկումն է։ Հունվարի 28-ին, երբ նախագահ Բուշը Սպիտակ տանը ընդունեց վարչապետ Էրդողանին, Ռըզան թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հեռախոսով ասել էր. «Վերջին շրջանում թուրք-ամերիկյան գործակցությունը հաճախակի էր վիճարկվում։ Վիճարկման է ենթարկվում այն, թե դա որքանով է ռազմավարական»։ Հունվարի 30-ին, նույն հեռուստատեսությամբ, նույնպես հեռախոսով նա ավելացրեց. «Եթե հնարավոր չէ թուրք-ամերիկյան ռազմավարական գործակցությունը վերականգնել, գոնե հարաբերություններն ԱՄՆ-ի հետ պետք է բարելավել»։
Հայ-թուրքական հարաբերություններում ԱՄՆ-ի ոչ ակտիվ ներգրավվածությունը նրա Անդրկովկասում Թուրքիայի միջոցով գործելու փոխարեն անմիջական գործունեություն ծավալելու հետեւանքն է։ Այդ հարաբերությունների կարգավորման նախագահ Բուշի պահանջին «բայց առաջընթաց քայլը թող Հայաստանը կատարի» խոսքերով Էրդողանի հակադրվելն էլ, ըստ ամենայնի, պետք է վերագրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ռազմավարական գործակցությունը վերականգնելու նկատմամբ վերջինիս թերահավատությանը։
Հարցը, սակայն, սոսկ թերահավատությունը չէ, այլ Էրդողանիՙ Նյու Յորքի «Թուրքական տանը» դպրոցական դասագրքերից «թուրքերի նկատմամբ հայերի իրագործած ցեղասպանության» վերաբերյալ բոլոր նյութերը հանելու խոստումը։ Թեեւ նա դրա փոխարեն հայերին կոչ էր արել բարի կամք դրսեւորել եւ հրաժարվել Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներից, սակայն դա չի խանգարում Ազգային անվտանգության ռազմավարությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Շենոլ Քանթարջիին, որ նա հանդես գա ինտերնետային «Հաբերանալիզ» թերթի հունվարի 29-ի համարում եւ Էրդողանի վերոհիշյալ խոստումը համարի «պատմական ճշմարտություններից զուրկ, անփառունակ հայտարարություն»։
Քանթարջին իր հոդվածում նախ «զարմանում» է, որ Թուրքիային, նրա հայկական սահմանի բացումը ներառյալ, անընդհատ պահանջներ ներկայացնող ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Հայաստանից ոչինչ չեն պահանջում, ապա նրանց մեղադրում է բարի կամքի բացակայության մեջ, այնուհետեւ կարծիք է հայտնում, թե, անկախ ի լուր աշխարհի Թուրքիայի դեմ Հայաստանի իբր ծավալած վարկաբեկման քարոզչությանը, Թուրքիան ոչ միայն ճանաչել է նրա անկախությունը, այլեւ, առաջնորդվելով տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման առաջադրանքով, ամենադժվարին պահերին օգնության ձեռք է մեկնել նրան։
Քանթարջին, հիմք ընդունելով ցեղասպանության անհիմն պնդումներից հրաժարվելու, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատելու Հայաստանին հասցեագրված թուրքական պահանջները, գրում է. «Եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ցանկանում են նպաստել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, ապա պետք է հաշվի նստեն Թուրքիայի պահանջների հետ եւ դրանց կատարման համար ճնշում գործադրեն Հայաստանի վրա»։
Նա գտնում է, որ հարաբերությունների կարգավորումից Հայաստանն է օգտվելու։ Ինչ վերաբերում է վարչապետ Էրդողանի «մենք ուզում ենք պատմության դասագրքերից հանել ցեղասպանության վերաբերյալ բոլոր նյութերը, պատմության ընթացքում ե՛ւ հայերը, ե՛ւ մենք ինչ-որ բաներ արել ենք» բովանդակությամբ խոսքերին, ապա Քանթարջին ավելացնում է. «Այս խոսքերն անփառունակ հայտարարություն են, որովհետեւ ինչպես Թուրքիայի, այնպես էլ աշխարհի արխիվները բաց են, առ այսօր հայերի նկատմամբ թուրքերի իրագործած կոտորածին կամ ցուցաբերած վատ վերաբերմունքին առնչվող որեւէ արխիվային նյութ չի հանդիպել։ Դրանով հանդերձ այդպիսի հայտարարություն անելը նշանակում է պատմական իրողություններից անտեղյակություն կամ ազգային զգոնության բացակայություն, կամ էլ սխալ տեղեկացվածություն»։
Քանթարջիի խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում։ Պարզապես ասենք, որ եթե դրանք տգիտության արդյունք չեն, ուրեմն լկտիության արտահայտություն են։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ