«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԵՄԱՏԵ՞ՆՔ ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի խոսքերով, ԵՄ-ի համար անդրկովկասյան երեք հանրապետությունները հավասար են։ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նկատեց, որ անդրկովկասյան երեք հանրապետություններիՙ Եվրամիության հետ համագործակցության պայմանները պետք է լինեն հավասար, բայց «խորացման չափերը պետք է լինեն բաց», որպեսզի երեք առանձին հանրապետությունների համար խթան լինի։ Օսկանյանը հիշեց Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակ անդամակցության «դառը փորձը»ՙ նշելով, որ «դա անարդար էր, ժողովրդավարական գործընթացների առումով, այլ չափանիշներով Հայաստանը մի քանի քայլ առաջ էր»։

Օսկանյանը լրագրողներին խորհուրդ տվեց չկառչել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովիՙ Հայաստանի մասին զեկույցում նշված «այլ» բառից (հիշեցնենք, այս զեկույցի նախնական տարբերակում գրված էր. «Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ» արտահայտությունը) եւ համեմատել Եվրախորհրդիՙ Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները։ Օսկանյանը նշեց, որ ինքը համեմատել է երկու զեկույցները, եւ Հայաստանը ժողովրդավարական չափանիշներով մի քանի քայլ առաջ է Ադրբեջանից։

Անշուշտ, Հայաստանի մասին Եվրախորհրդի զեկույցը շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանի մասին զեկույցից։ Սակայն ինչո՞ւ մենք պետք է համեմատվենք հենց Ադրբեջանի հետ, որտեղ հաստատվում են սուլթանական կարգեր, մինչդեռ Հայաստանը կարծես թե հավատարիմ է ժողովրդավարության եվրոպական չափանիշներին։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4