«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՀԱՅԵՐԻ ԵՎ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ ԾԱԼԿԱՅՈՒՄ

Երեք օր առաջ բախումներ եւ ծեծկռտուք են եղել Վրաստանի Ծալկայի շրջանումՙ հայաբնակ Աշկալայի եւ վրացաբնակ Գումբատի երիտասարդների միջեւ։ Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության, մի քանի տասնյակ հայեր ավտոմեքենաներով գնացել են Գումբատի եւ կռիվ սարքել վրացիների հետ։ Երեկ Գումբատի բնակիչները հավաքվել են Ծալկայի շրջանի վարչակազմի շենքի դիմաց եւ պահանջել հետաքննություն, մեղավորներինՙ պատիժ։ Նրանք սպառնացել են, թե հակառակ դեպքում հայ-վրաց առճակատումները կվերածվեն «բացահայտ ազգամիջյան հակամարտության»։

Գումբատին նախկինում եղել է հունական գյուղ, իսկ 1998 թվից, երբ արդեն դատարկվել էր հույներից, բնակեցվել է Աջարիայի բնակիչներով, ովքեր այդտեղ էին տեղափոխվել ինքնավար հանրապետությունում տեղի ունեցած տարերային աղետներից հետո։ «Ռուսթավի-2» -ը նշում է, որ վերջին հինգ տարիներին Գումբատի եւ Աշկալայի բնակիչների միջեւ գրանցվել է մոտ տասը բախում։

Ծալկայի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ «այստեղ ազգամիջյան հարց չկա», թեեւ «վրացական հեռուստաընկերություններն այդպես են ներկայացնում»։ Եղոյանն ասաց, որ վրացաբնակ Գումբատը երկու հայկական գյուղերի միջեւ է գտնվում, եւ հաճախ են դեպքերը, երբ «աջարները փակում են մեր մեքենաների ճանապարհը»։ Վերջին միջադեպի պատճառը եւս նույնն է. երկու հարբած աջարներ փակել են ճանապարհը, հայ տղաները ծեծել են նրանց, օգնության են եկել Գումբատի բնակիչները, հետո օգնության են հասել Աշկալայի հայերը։

Ծալկայից խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հայկ Մելտոնյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ հաճախ աջարները փակում են հայերի ճանապարհը, եւ սկսվում է տուրուդմփոցը։ «Վրացական հեռուստաընկերություններն աղմուկ են բարձրացրել, այս կենցաղային դեպքը ներկայացնում են ազգամիջյան բախում։ Վառվում ենք», ասաց Մելտոնյանը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4