ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 30-ին Երեւանում, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինի գլխավորած ռուսական պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում, ստորագրվեցինՙ
- ՀՀ եւ ՌԴ կառավարությունների տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահների հանդիպման մասին արձանագրությունը,
- ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ազատ առեւտրի ռեժիմից բացառությունների փուլային վերացման մասին արձանագրությունը,
- Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը ի սեփականություն Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու եւ էլեկտրակայանի գույքային համալիրի սեփականատիրական իրավունքի փոխանցման ուղղությամբ ռուսական եւ հայկական կողմերի համատեղ գործողությունների մասին արձանագրությունը։
Այսպիսով, Հրազդանի ՋԷԿ-ը դարձավ վերջին ձեռնարկությունը, որը հայկական կողմը հանձնեց Ռուսաստանին 100 մլն դոլարի պարտքի մարման հաշվին։
Նույն օրը կայացած ասուլիսում Բ.Ալյոշինը հայտնեց, որ ստորագրված փաստաթղթերում նշված են Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավարը չբացառեց մասնավոր հատվածին այդ ձեռնարկությունների հետագա հանձնման հնարավորությունը, ընդգծելով, որ գլխավոր նպատակը այդ ձեռնարկությունների առավել արդյունավետ կառավարումն է եւ ներդրումների ներգրավումը։
Ռուսաստանին հանձնված ձեռնարկություններն ենՙ «Մարս» ՓԲԸ-ն, Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն, Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ-ն, Նյութաբանության ինստիտուտը եւ Հրազդանի ՋԷԿ-ը։