Իսկ ճշմարիտ նախարարի անցյալ տարվա խոստումը քարոզչական սո՞ւտ էր
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Գյումրի հազվադեպ այցելող կառավարական պաշտոնյաներից է։ Աժ տեղացի պատգամավորներից մեկը ժամանակին ասում էր, թե երբ այս նախարարին հարցնում էՙ ինչու չի գալիս Գյումրի, նա անկեղծորեն պատասխանում էՙ այնտեղ ասելու բան չունեմ... Անցյալ տարվա փետրվարի 6-ին պրն Ճշմարիտյանը եկավ Գյումրի եւ պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանի ու Շիրակի այն ժամանակվա մարզպետ Ֆելիքս Փիրումյանի ընկերակցությամբ տեղի գործարարների հետ մի հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց, որը խոստանում էր կառավարության դիրքորոշման մեջ էական շրջադարձ սկզբնավորել վաղուց հասունացած խնդրում։ Խոսքը վերաբերում էր հանրապետության երկրորդ քաղաքի եւ մարզի տնտեսության զարգացմանը, այստեղ գործարարության ծավալմանը, որի հեռանկարների քննարկման փորձ էր այդ հանդիպումը։
Այդտեղ ծավալված խոսակցությունից եւ հատկապես նախարարի արտահայտած սկզբունքային հարցադրումներից կարելի էր եզրակացնել, թե այսքան տարիների ակնհայտ անտարբերությունից հետո կառավարությունը վերջապես լրջորեն ձեռնամուխ է լինելու տարածաշրջանի իրական վերածննդի հիմքերի հիմքիՙ նրա ավերված տնտեսության եւ, առաջին հերթին, տարիներ շարունակ թալանված ու գրեթե կազմալուծված արդյունաբերության վերազարթոնքի ապահովման քաղաքականության մշակմանն ու իրագործմանը։ Հասկանալի էՙ հանդես գալով պայմաններ ստեղծողի եւ աջակցողի դերում։ Նշվեց, որ այդ եւ դեռեւս կազմակերպվելիք տարբեր ձեւաչափի այդպիսի հանդիպումները, խորհրդակցություններն ու քննարկումները կոչված են օգնելու հանրապետության ընդհանուր զարգացման համատեքստում Շիրակի տարածքային տնտեսական զարգացման ծրագրի ստեղծմանը, տեղի ներուժի ու առանձնահատկությունների հաշվառմամբ այդ զարգացման հիմնական ուղղությունները որոշելուն։ Ընդսմին կառավարության ներկայացուցիչը հայեցակարգային առումով որպես գլխավոր ու առաջնային ընդգծեց, որ այս տարածքի, հատկապես Գյումրու նկատմամբ պիտի լինի առանձնահատուկ մոտեցում։ Պրն Ճշմարիտյանը նաեւ ավելացրեց, թե ըստ ամենայնիՙ սա պետության կողմից կամրագրվի եւ կլինի զարգացման հատուկ գոտի։
Այս ամենը հրաշալի էր, եթե այդ խոսակցության շարունակությունը...արդեն ուղիղ մեկ տարի տեւող լռությունը չլիներ։ Ինչպես ասացինքՙ դեռ էլի քննարկումներ էին լինելու, ակնկալվում էր նաեւ (նման բան էլ էր ասվել) Շիրակի տարածքային զարգացմանը նվիրված համաժողովի անցկացում, այս ամենի արդյունքով պիտի մշակվեին ընդհանուր մոտեցումները եւ դրվեին քննարկման... Պրն նախարարը նաեւ հույս էր հայտնել, որ «միասին արդյունավետ կաշխատենք» եւ հավանաբար արդեն հունիս ամսին (2003-ի հունիսին ¬ Գ. Մ.) մարզի զարգացման ծրագիրն ուրվագծված կլինի։ Մի խոսքովՙ բավական հանգամանալից, ծավալուն աշխատանք էր կատարվելու, որը չէր կարող աննկատ մնալ։ Առավել եւսՙ դրա որեւէ արդյունքը։ Շատ կցանկանայինք սխալված լինել, սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը այդպես էլ չեն երեւում, եւ կարծես այդ խոստումները չէին էլ եղել։ Ուրեմն ինչի՞ համար եւ ի՞նչ էին դրանք։ Պարզապես նախընտրական քարոզչությո՞ւն էին նախագահական ընտրարշավի բուռն շրջանում, այն էլՙ Գյումրիում հանրապետության նախագահ - թեկնածուի նախընտրական հանդիպման հաջորդ օրը, որտեղ նա կարեւորել էր նաեւ քաղաքի արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը։ Այն ժամանակ նախարարը մասնավորապես լրագրողների հարցին ի պատասխան հավաստիացրեց, թե տվյալ քննարկումը ընտրությունների հետ բացարձակապես կապ չունի եւ պլանավորված էր դեռ երկու ամիս առաջ։ Իսկ ինչո՞վ էր պայմանավորված վերաբերմունքի նման շրջադարձը հենց այդ ժամանակ, երբ անցած բոլոր տարիներին պետական պատասխանատու պաշտոնյաները նույն խնդրի վերաբերյալ հարցերին կա՛մ խուսափողական պատասխան էին տալիս, կա՛մ նույնիսկ ասում էին, թե շուկայական հարաբերություններ են, եւ պետությունն այստեղ չի կարող որեւէ բան թելադրել։ Այսինքնՙ համարյա անելիք չունի։ Պրն Ճշմարիտյանն այդ չտրված հարցին եւս բավական հետաքրքրական պատասխան ուներ։ Ըստ նրաՙ երբ մարդը դեռ տուն, ապրելու տեղ չունի, երբ չկա դպրոց, որտեղ նրա երեխան կարողանա սովորել, մի խոսքովՙ երբ դեռ սոցիալական ու կենցաղային նվազագույն խնդիրները լուծված չեն, այդտեղ զարգացման կամ նման ծրագրերի մասին խոսելը պարզապես ծիծաղելի կլիներ։ Իսկ հիմա արդեն, ինչպես նշում էր նախարարը, մենք մոտեցել ենք այն շեմին, որտեղ կարելի է եւ զարգացման մասին մտածել։
Հիմա եթե մտածում էլ են, մեր այս փոքրիկ հիշեցումը թերեւս գործին չվնասի։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի