Փետրվարի 1-ին Աշգաբադում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության 92 քաղաքացիների, այդ թվում 32 երեխաների կամավոր վերադարձը հայրենիք։ Վիզային ռեժիմի փոփոխման պատճառով նշված ՀՀ քաղաքացիները Թուրքմենստանում հայտնվել են անկանոն միգրանտների կարգավիճակում։
Սույն նախաձեռնությունը, որն իրագործվում է Թուրքմենստանի եւ Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ ու ֆինանսավորվում Նիդեռլանդների կառավարության եւ Աշգաբադում Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից, շարունակում է 2002 թ. նոյեմբերին Թուրքմենստանից 113 հայաստանցի միգրանտների կամավոր վերադարձի գործընթացը։
Կիրակի օրը նրանք կժամանեն «Արմավիա» ավիաընկերության կանոնավոր չվերթովՙ ՄՄԿ աշխատակիցների ուղեկցությամբ։ ՄՄԿ երեւանյան գրասենյակի աշխատակիցները կդիմավորեն ժամանողներին օդանավակայանում եւ կկազմակերպեն նրանց հետագա ուղեւորությունը դեպի տարբեր մարզեր։ ՄՄԿ երեւանյան գրասենյակից բացի, օդանավակայանում վերադարձողներին կդիմավորեն շահագրգիռ պետական մարմինների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներՙ նրանց հետագա ռեինտեգրման հնարավորությունների մասին տեղեկատվությամբ ապահովելու եւ մամուլում իրադարձությունը ճիշտ լուսաբանելու համար։
Բոլոր վերադարձողները կստանան ռեինտեգրման համար նախատեսված նպաստՙ 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր մեծահասակի եւ 50 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր երեխայի համար։
ՄՄԿ