Տրանսպորտի եւ կապի նախարարությանՙ ընդդեմ «Արմենտելի» հայցի առնչությամբ երեկ ՀՀ տնտեսական դատարանը դարձյալ վճիռ չկայացրեց։ Այդ մասին տեղեկացանք դատարանում նախարարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանից։ Նա նաեւ հայտնեց, որ պատասխանող կողմը առաջարկել էր հայցը թողնել առանց քննության, քանի որ, համաձայն լիցենզիայի 11-րդ հոդվածի, դա Լոնդոնի արբիտրաժի քննարկելիք հարցն է։
Սակայն նախարարության ներկայացուցիչը չվիճարկելով լիցենզիայի որեւէ դրույթ, նշել է, որ վեճն առնչվում է նախարարի որոշումը կատարելու պարտավորությանը։ Հիշեցնենք, որ համաձայն այդ որոշման, «Արմենտելը» պետք է չեղյալ համարեր հեռախոսակապի սակագինը 8 դրամ դարձնելու եւ կանխավճարների գանձումը դադարեցնելու որոշումները։ Երեկ տնտեսական դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչեւ փետրվարի 13-ը։
Ա. Մ.