Ասում է Լարիսա Ալավերդյանը
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը «Ազգի» հարցին, թե ինչպես է վերաբերվում երկրի բարձրագույն իրավապաշտպանիՙ օմբուդսմենի պաշտոնում իր թեկնածության շրջանառմանը, պատասխանեց. «Կա այդպիսի առաջարկ ՀՀ նախագահից։ Կարծում եմ, սա անցումային առաջադրում է, մինչեւ կլուծվի սահմանադրական բարեփոխումների հարցը։ Մեր սահմանադրությամբ այդպիսի պաշտոն չի նախատեսվում, եւ դրույթներ կան, որոնք պետք է բարեփոխել։ Այն ժամանակ թեկնածուի ընտրության իրավունքը կտեղափոխվի ԱԺ, եւ գուցե նոր առաջադրում լինի։ Սա միանձնյա պաշտոն չէ, խնդիրը ոչ թե մարդու ընտրության մեջ է, այլ որ կայացնում ենք այդ ինստիտուտը, որակական գործողությունների փորձ ու հնարավորություն ստանում։ Այդ ինստիտուտի ստեղծումը շատ կարեւոր է ինչպես կոնցեպտուալ իմաստով, այնպես էլ իրական կյանքում»։ Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպության նախագահի համոզմամբ, եթե նույնիսկ առկա օրենքներում եղած պարտավորություններն էլ մարսենք, իրավական ասպարեզում առաջընթաց կլինի։ Իսկ նոր իրավական ինստիտուտի կայացումը հայաստանյան իրականության մեջ շատ բարդ գործընթաց է, քանի որ ենթակառույցների ստեղծում է նախատեսվում նաեւ մարզերում, իսկ մարզային ներկայացուցչության ձեւավորումը հեշտ չի լինելու։ Ապագա օմբուդսմենը իր գործունեության նոր, բարձր ասպարեզում իրեն աջակիցներ համարում է ԶԼՄ-ներին, նաեւ հասարակական համագործակցությունը։
Խորհրդարանը Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը կքննարկի առաջիկա նստաշրջանում, երբ երկրի նախագահը, ըստ օրենքի պահանջի, կխորհրդակցի պառլամենտի խումբ-խմբակցությունների հետ։ Մի նրբագիծ եւս նկատի առնենք. օմբուդսմենի պաշտոնում հասարակական գործչի թեկնածության լուրը հրապարակ մտավ ԵԽ ԽՎ-ում այս առթիվ Շավարշ Քոչարյանի առաջարկի մերժման անմիջապես հաջորդ օրը։ Եվրոպան իր «դաբրոն» տվեց։
Կ.Դ.