Ազգային Ժողովի մեծ օրակարգում ընդգրկված են 66, եռօրյաների օրակարգումՙ 28 օրինագծեր եւ 4 միջազգային պայմանագրեր։ Այս ամենի մեջ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը առանձնացրեց ուժային կառույցներին առնչվող օրենքները, կարեւորելով հատկապես քաղաքացիական պաշտպանության զորքերի եւ փրկարար ուժերի ու փրկարարների կարգավիճակի օրենքների նախագծերի հաստատումը։
Այս ոլորտները, ըստ հանձնաժողովի նախագահի, օրենսդրական կարգավորման խիստ կարիք ունեն։ Ընդհանրապես Հարավային Կովկասը հատկապես բնածին աղետների տեսանկյունից խիստ խոցելի է։ Հայաստանը փրկարարական ծառայությունների զարգացման տեսանկյունից բավական առաջ է գնացել, եւ կադրերի վերապատրաստման ու պատրաստման, գիտելիքների վերարտադրության ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն։
Օրենքների մյուս փաթեթը վերաբերելու է ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն։ Սրանց վերաբերյալ նախագծերի 3 տարբերակներ են ներկայացրելՙ կառավարությունը, ՀՅԴ-ն եւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Նկատենք, որ հատկապես առաջին պարագայում օրենսդրական դաշտն իսկապես ամայի է, եւ պետավտոտեսուչների ու վարորդների միջեւ կիսավայրենի հարաբերությունները, ճանապարհային երթեւեկության քաոսային միջավայրը վաղուց կարգավորման կարիք ունեն։
Ուժային կառույցների գործունեությունը հրահանգավորող մյուս օրենքը լինելու է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» նախագիծը, որն ուղարկվել է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպություն եւ Եվրոպայի խորհուրդՙ փորձաքննության։ Մարտին միջխորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է ահաբեկչության դեմ պայքարի մասին մոդելային օրենքների փաթեթը, եւ մեր պատգամավորները մինչ այդ հասցնելու են սեփական օրինագծով ներկայանալ։
Սոցիալական ասպարեզում իբրեւ ուժային «ուղղորդվածությամբ» օրենք կներկայանա «ՀՀ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը կառավարությունն է։
Եռօրյաների օրակարգում օրենքների 3 նախագծերի վերաբերյալ հանձնաժողովները դրական եզրակացություն չեն ներկայացրել։ Դրանք հեռուստատեսության ու ռադիոյի, քաղաքացիական ավիացիայի, հանրաքվեի օրենքների նախագծերն են։
Կ. Դ.