«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Հասարակությանը կարող են ոտքի կանգնեցնել միայն ղարաբաղյան հարցի աննպաստ լուծումները

Հասարակությունը, նրա ընդդիմադիր հատվածն ու իշխանությունները տարաբնույթ հոգեվիճակներում ենՙ ամեն մեկը սեփական մտասեւեռումով, ամեն մեկըՙ բզզալով նույն խնդիրների շուրջը եւ հաճախ կորցնելով իրականության զգացողությունը։ Եռատված ու քառատված ընդդիմությանը այս իրավիճակում որքանով է հաջողվելու միասնականանալ եւ հաջողվելո՞ւ է արդյոք։

«Ազգ»-ն այս անգամ զրուցում է էթնոհոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանի հետ։

- Հասարակությանը իր կողմը ներքաշելու քաղաքական զինանոցը կարծես թե ապրել է կյանքը, եւ ոչ միտինգներով, ոչ սոցիալական խնդիրների ու պայծառ ապագայի մասին խոստումներով հասարակությանը գայթակղել չես կարող։ Նոր առաջնորդի կերպարը ի՞նչ չափանիշներով է ներկայանալու փոխակերպված իրականությանը։

¬ Այսօր քաղաքական դաշտից ու քաղաքականությունից ժողովուրդն իսկապես հոգնած է։ Կան, իհարկե, հասարակության համակրանքը պահպանած մարդիկ, բայց բոլոր դեպքերում չկա մի այնպիսի կերպար, որին հասարակությունը ընդունի իբրեւ առաջնորդի։ Անցումային իրավիճակներին, որպես կանոն, բնորոշ է նաեւ հոգեբանական ճգնաժամը, որի ընթացքում սովորաբար բարձր, հավերժական արժեքներից նահանջ է տեղի ունենում։ Մարդու մեջ արթնանում է ինքնապաշտպանության բնազդը, գոյապահպանման խնդիրներն են առաջնահերթ դառնում։ Հիմա մեր հասարակությունը բավականին բարոյալքված է, եւ առաջնորդի յուրաքանչյուր թեկնածուի համար խիստ դժվար է լինելու նրա համակրանքը շահելը։ Կարծում եմ, միայն սոցիալական վիճակի բարելավումը կարող է հանել մարդկանց այս վիճակից եւ կրկին արթնացնել նրանց մեջ բարձր գաղափարները։

- Սակայն միայն իշխանություններն են տիրապետում ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու հնարավորություններին։

¬ Այո, ստացվում է, որ եթե իշխանություններն ուզում են ինքնապահպանվել, ուրեմն հասարակությանը գոյապահպանման հնարավորություններ պիտի տան։ Երբ մարդիկ հասնում են կայուն վիճակի, նոր միայն սկսում են նաեւ այլ բաներ նկատել, այլ պահանջներ ունենալ, ըմբոստանալ տիրող ուժի դեմ, եթե դժգոհ են նրանից։

- Ուրեմն, իշխանությունը պահպանելու համար տիրող ուժը չափի սահմաններում պիտի բավարարի նրանց կարիքները, որպեսզի մարդիկ գոնե քաղցից չմեռնեն։ Ինչը եւ արվում է։ Ստացվում է, որ այս ընթացքում ընդդիմությունը անելիք չունի՞։

¬ Նույնիսկ սոցիալական շեշտադրումները նրան չեն փրկի, որովհետեւ տարբեր ժամանակներում, նաեւ նախընտրական եւ ընտրական շրջաններում ընդդիմության շատ ներկայացուցիչներ ընդգրկվեցին տարբեր քաղաքական խաղերի մեջ, իսկ հասարակությունը դա հիշում է։ Այսինքն եթե որեւէ մեկը շարունակի միտինգային ոճով քննադատել իշխանություններին ու խոստումներ տալ, միեւնույն է, նրան չեն հավատալու։

Հավանաբար, նոր խմորումներ են պետք, նոր մարդիկ, նոր ուժերՙ ազնիվ, անբասիր կենսագրությամբ։ Մեր երկիրը փոքր երկիր է, եթե ինչ-որ մեկը երեւում է հորիզոնում, ամեն ինչ արագ պարզ է դառնում։

Այսօր մեր հասարակությունը հոգեբանական, նաեւ ազգային ինքնագիտակցության տեսանկյունից անկայուն, նյարդային վիճակում է։ Մեր խմբային ինքնագնահատականը բավական ցածր մակարդակում է, առավել եւս երբ մենք ազգային անլիարժեքության բարդույթ ունենք։ Նման դեպքերում երկիրն ու պետությունը առավել խոցելի են դառնում, իսկ մեր տարածաշրջանի հանդեպ գերտերությունների հավակնություններն ակնհայտ են։

- Մի պահ առաջնորդի հավակնություններով ներկայացավ նաեւ ՀՀՇ-նՙ հնարավո՞ր է նրա վերադարձըՙ հաշվարկ անելով ժողովրդի հիշողության կորստի կամ խամրելու վրա։

¬ Չեմ կարծում։ ՀՀՇ-ն մինչ այժմ մի տեսակ դարանակալ վիճակում է, որը կողքից չարախնդորեն հետեւում է իրադարձություններին։ Սակայն ինչպիսին էլ լինեն դրանք, ինչքան էլ վատ լինի կյանքը, ՀՀՇ-ին վերադարձ չկա։ Նա այնպիսի խոր հետք է թողել մարդկանց հոգեբանության մեջ, որ կրկին իշխանության գալու նրա հույսերը սին են դառնում, ոչ ոք նրա հետեւից չի գնա։

- «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ ոտքի է կանգնեցնելու ժողովրդին։ Նման իրավիճակում, նման հոգեվիճակում գտնվող մարդկանց հնարավո՞ր է ոտքի կանգնեցնել հանուն իշխանափոխության։

¬ Որպեսզի թմրած, հոգնած ժողովրդի հոգում ինչ-որ բան տեղաշարժվի, շատ լուրջ պատճառ է պետք։ Մարդիկ արդեն այնպիսի վիճակում են, որ դարձել են եսակենտրոն։ Համոզված են, որ ինչքան էլ գոռան, ինչքան էլ միտինգ անեն, հարցերը չեն լուծվելու։

Թերեւս հորիզոնում կրկին ուրվագծվում է միայն Ղարաբաղի հարցը։ Ինչքան էլ արձանագրենք, թե ժողովուրդն անտարբեր է նույնիսկ ազգային հարցերի հանդեպ, Ղարաբաղի գործոնը, Ղարաբաղի ճակատագիրը կարող է ներքին ցնցում առաջացնող միակ ազդակը դառնալ։ Հայրենիքի, ազգայինի գաղափարը մեր ժողովրդի հոգում շատ խորն է նստած։ Եթե ղարաբաղյան հարցի լուծումը վտանգավոր ուղղությամբ ընթանա, այդ դեպքում հնարավոր է, որ ժողովուրդը ոտքի կանգնի։ Ու Աստված տա, որ քաղաքական ուժերն իրենց նպատակներին հասնելու համար ուղղակիորեն չօգտագործեն այդ արթնացումը։ Որ նրանք նույնպես ազգային նպատակների հետեւից գնան։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4