ՄԵՐ ԿԻՆՈԿՅԱՆՔԸ 2003-ԻՆ
Կադր 1
Հունվարի 14-ին, 75 տարեկանում մահկանացուն կնքեց ֆրանսահայ նշանավոր գրող եւ կինոդրամատուրգ Վահա Քաչան, որի գործերի հիման վրա կամ հեղինակած սցենարներով կյանքի են կոչվել մի շարք ֆիլմերՙ արեւմտյան կինոյի աստղերի մասնակցությամբ. «Ակն ընդ ական» (1957), «Գիշատիչների խնջույքը» (1964), «Գալյա» (1966), «Ուրախ սրտով», «Երկու շաբաթ սեպտեմբերին» (1966), «Լողի ուսուցիչը» (1979) եւ այլն։ Քաչան համագործակցել է նաեւ Անրի Վեռնյոյի հետ. նրանց համատեղ աշխատանքն է «Կողոպուտ» արկածային ֆիլմը (1971), որի դերակատարներն են Ժան-Պոլ Բելմոնդոն, Օմար Շարիֆը եւ Ռոբեր Հոսեյնը։
Կադր 2
Բեռլինի 53-րդ միջազգային կինոփառատոնի մեծ ժյուրին նախագահելու պատիվը վիճակվեց Ատոմ Եղոյանին։ Կանադահայ ռեժիսորն իր առաջին միջազգային մրցանակը վաստակել է հենց Գերմանիայումՙ 1984-ին, «Մերձավորները» հայկական թեմայով ֆիլմի համար «Ոսկե դուկատի» արժանանալով Մանհայմի փառատոնում։ Իսկ Բեռլինալեի հատուկ ծրագրերից մեկում երիցս ցուցադրվեց Եղոյանի վերջին աշխատանքըՙ «Արարատը»։
Կադր 3
Կինոյի եւ տեսաարվեստի ասպարեզում երիտասարդ ստեղծագործողների եւ ուսանողների համար սահմանված «Դեբյուտ» մրցանակի դափնեկիրներ դարձան Ռոման Մուշեղյանը, Աննա Բայաթյանը, Արսեն Գասպարյանը, Հրաչուհի Բոստանջյանը, Մարիա Սահակյանը, Նիկա Շեկոյանը։
Կադր 4
Մարտի 10-15-ը Բոլոնիայում կայացավ հայկական կինոյի փառատոն, որը ներկայացնում էր մեր կինոարվեստը 20-ական թվականներից մինչեւ օրս։ Փառատոնի ծրագրում ընդգրկված էին 10 ֆիլմՙ Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոր»-ը, Եղիա Չուբարի եւ Ամասի Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատները», Խորեն Աբրահամյանի եւ Արկադի Հայրապետյանի «Սարոյան եղբայրները», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», Բագրատ Հովհաննիսյանի «Հնձանը», Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ դեպի ավետյաց երկիր»-ը, Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» եւ Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը»։
Կադր 5
Ամերիկահայ սցենարիստ Սթիվն Զայիլյանն իր համահեղինակներիՙ Ջեյ Քոքսի եւ Քենեթ Լոներգանի հետ ներկայացվեց «Օսկարի»ՙ Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի հրոսակախմբերը» ֆիլմի սցենարի համար։ 1994-ին Զայիլյանն արդեն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակինՙ հեղինակելով Սթիվն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» կինոնկարի սցենարը։
Կադր 6
Ապրիլի 18-ին հայկական ֆիլմերի ծրագրով Երեւանում բացվեց տեսալսողական արվեստների եւ անկախ կինոարտադրողների «Մասնավոր հայացք» 3-րդ միջազգային կինոփառատոնը։ Գլխավոր մրցանակը շնորհվեց Բուլղարիայի ներկայացրած կինոծրագրին, որը կազմված էր «Սատանայի պոչը» գեղարվեստական ֆիլմից եւ «Էրոտիկ մոտիվները բուլղարական անիմացիայի մեջ» թեմատիկ ընտրանուց։ Մրցանակների արժանացան նաեւ լատվիական անիմացիայի ծրագիրը, վրաց ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Այստեղ լույս չկա» եւ թուրքաբնակ քուրդ Քազիմ Օզի «Լուսանկար» ֆիլմերը։
Կադր 7
Մեծ եղեռնի տարելիցին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի «Արամը»ՙ ուշագրավ մի աշխատանք, որտեղ ընտանեկան դրամայի եւ «սեւ ֆիլմի» ժանրային միջոցներով շոշափվում է Հայկական հարցի անցյալն ու ներկան։
Կադր 8
Հունիսի 6-ին լրացավ Արամ Խաչատրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը։ Նրա մուտքը կինո նշանավորեց հայկական առաջին հնչուն ֆիլմըՙ «Պեպոն»։ Երեք տարի անցՙ 1938-ին, Խաչատրյանի երաժշտությամբ ասպարեզ եկավ «Զանգեզուրը»։ Հայկական կինոյի եւ մեծ կոմպոզիտորի համագործակցությունն այսքանով սահմանափակվեց, բայց հետագայում նա երաժշտություն գրեց տասնյակ խորհրդային ֆիլմերի համար։
Կադր 9
Մոսկովյան 25-րդ միջազգային կինոփառատոնի «Արծաթե սուրբ Գեւորգը»ՙ որպես լավագույն դերասանի, շնորհվեց Իրանը ներկայացնող Ֆարամազ Ղարիբյանինՙ պարսիկ ռեժիսոր Փարհադիի «Պարելով փոշու մեջ» ֆիլմում օձ բռնողի դերակատարման համար։ Ղարիբյանը ավելի քան 30 տարի ճանաչված կինոդեմք է Իրանում։
Կադր 10
Կարլովի Վարիի 38-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված «Վավերագրողը» հատուկ մրցանակ բերեց ռեժիսոր Հարություն Խաչատրյանին։
Կադր 11
Երեւանում ներկայացվեց «Արթուր Բրաուներըՙ կինոարտադրող։ Երկխոսություն հանուն հանդուրժողականության եւ մարդասիրության» կինոծրագիրը։ Հետահայաց ցուցադրությունն ընդգրկել էր հրեական ծագումով գերմանացի հայտնի կինոարտադրողի հովանու տակ ստեղծված 10 ֆիլմՙ Անջեյ Վայդայի, Իշտվան Սաբոյի եւ այլոց գործերը գերմանական նացիզմի եւ Ողջակիզման տարիների մասին։
Կադր 12
Վենետիկի 60-րդ միջազգային կինոփառատոնի «Հոսանքին hակառակ» ծրագրի գլխավոր մրցանակըՙ «Սուրբ Մարկոսը», բաժին ընկավ Հիներ Սալեեմի «Կիտրոնով օղի» ֆիլմին, որը նկարահանվել է Հայաստանում եւ հայերի մասնակցությամբ։ Այս առիթով քուրդ ռեժիսորի աշխատանքը ցուցադրվեց նաեւ «Մոսկվա» կինոթատրոնում։
Կադր 13
Բոլորեց Վիլյամ Սարոյանի ծննդյան 95-ամյակը։ Մեծ գրողը ժամանակին սցենարներ է գրել Հոլիվուդի պատվերով, 1943-ինՙ «Օսկարի» արժանացել «Եվ կյանքը շարունակվում է» ֆիլմի սցենարի համար, որը հետագայում դարձավ նրա առաջին վեպըՙ «Մարդկային կատակերգությունը», իսկ դրանից մեկ տարի առաջ սեփական պատմվածքների հիման վրա հենց ինքն էլ նկարահանել է «Լավ գործ» ֆիլմը։ Սարոյանի ստեղծագործություններից Հայաստանում էկրանավորվել են «Իմ սիրտը լեռներում է» եւ «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» պիեսները, «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը» եւ «Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից ի վեր» պատմվածքները։
Կադր 14
Մոնրեալի միջազգային փառատոնի ասիական կինոյի ծրագրում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը»։
Կադր 15
Սեպտեմբերի 17-22-ըՙ շվեյցարական ֆիլմերի երեւանյան շաբաթի շրջանակներում, «Անհնարին սերըՙ հնարավոր» խորագրի տակ «Նաիրի» կինոթատրոնում հայ հանդիսատեսին ներկայացվեցին վերջին տարիներին նկարահանված մի շարք խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն ժապավեններ։
Կադր 16
Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ցուցադրվեց Պուսանի միջազգային կինոփառատոնում։
Կադր 17
Գրականության եւ արվեստի «Վահագն» գլխավոր մրցանակը կինոյի ասպարեզում շնորհվեց «Վավերագրողը» ֆիլմի ստեղծագործական խմբին։
Կադր 18
66 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց օպերատոր եւ ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը, որի մասնակցությամբ են ստեղծվել հայկական կինոյի այնպիսի ճանաչված գործեր, ինչպիսիք են «Եռանկյունին», «Խաթաբալան», «Հնձանը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը»։
Կադր 19
Երեւանում կայացավ Հարություն Խաչատրյանի «Վավերագրողի» պրեմիերան։
Կադր 20
Ամերիկյան դասական ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիրը «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց հոլիվուդյան ոսկեդարի մի քանի գործեր, այդ թվումՙ Նիքըլըս Ռեյի «Աննպատակ խռովարարը» լեգենդար ֆիլմըՙ վաղամեռիկ աստղ Ջեյմս Դինի գլխավոր դերակատարմամբ։
Կադր 21
Միացյալ Նահանգներում վախճանվեց դերասանուհի Լաուրա Վարդանյանը, որը նկարահանվել է «Խաթաբալա», «Հույսի խրճիթներ», «Քաոս», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Խոնարհվիր վաղվա օրվան» եւ այլ ֆիլմերում։
Կադր 22
Դեկտեմբերի 3-ին լրացավ դերասան Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 100-ամյակը, որը շատերի համար ընդմիշտ մնացել է «Ոսկե ցլիկի» ընկեր Նաջարյանը, մինչդեռ խաղացել է նաեւ «Պեպո», «Զանգեզուր», «Պատվի համար» եւ այլ կինոնկարներում։
Կադր 23
«Նաիրի» կինոթատրոնում անցկացվեց Բրիտանական կինոյի 3-րդ երեւանյան փառատոնը, որի ներկայանալի ծրագիրը կազմված էր վերջին տարիներին ճանաչում գտած եւ փառատոնային մրցանակներ շահած ֆիլմերից։ Դրանց թվում էին Փիթեր Մալանի «Մագդաղենացու քույրերը», Փոլ Գրինգրասի «Արյունոտ կիրակին», Մայք Լիի «Ամեն ինչ կամ ոչինչ»-ը եւ այլ գործեր։
Կադր 24
Դեկտեմբերի 28-ին բոլորեց 10 տարին այն օրվանից, երբ Մհեր Մկրտչյանի երկրային ուղին հասավ իր վերջնակետին։