«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ

Կանայք իրենց ուրույն ու որոշակի դերն ունեն տնտեսության եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում։ Այս առումով ուշագրավ են այն սոցիոլոգիական ուսումնասիրությունները, որ վերջերս հանրապետությունում իրականացրել է «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հետ։ Ծրագիրն ուղղված էր աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի ծավալմանը։ Նման ոտնձգությունները ոչ միայն նսեմացնում են կանանց, ստիպում դուրս մնալ աշխատանքային ոլորտից կամ մնալ ստորացնող պայմաններում, այլեւ խոչընդոտում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, քանզի կանանց համեմատաբար արժեքավոր մասի ներուժը դրանով իսկ մնում է լիովին չօգտագործված։

Ծրագիրը ֆինանսավորվել է «World Learning» (Համաշխարհային ուսուցում) կազմակերպության USAID-ի (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության) տրամադրած միջոցներից։

Սոցիոլոգիական հարցումների նպատակն է եղել բացահայտելՙ

ա) վերջին 12 տարում հասարակության մեջ կանանց դրության փոփոխությունները, բ) կանանց նկատմամբ սեռական բռնությունների վտանգի, դրսեւորումների հավանականության եւ ռիսկերի գնահատականները, այդ բռնությունների իրական պատկերը, տեսակներն ու ծավալները, գ) դրանք պայմանավորող գործոնները, դ) սեռական ոտնձգությունների դեպքերում կանանց վարքագիծն ու գործողությունները, ե) աշխատավայրերում սեռական ոտնձգությունների բացառման հավանականությունն ու հնարավոր ուղիները, անհավանականությունը եւ դրա պատճառները։ Նպատակ կա նաեւ ծրագրի հիմնական մասի ավարտից հետո ամփոփել տվյալներն ու դրանք մատչելի դարձնել հանրությանը, անցկացնել հարցումՙ հասարակական կարծիքի վրա ծրագրի ազդեցության հետեւանքները պարզելու համար։

Հարցումներն անցկացվել են Երեւանի տասը համայնքներում եւ չորս մարզերում (Շիրակ, Լոռի, Կոտայք եւ Արագածոտն)։ Հարցման են ենթարկվել 500 կին եւ 100 տղամարդ։ Ըստ պատասխանների, սեռական ոտնձգությունների են ենթարկվելՙ 8% աշխատանքի ընդունվող, 21,4% աշխատող կանայք, ինչպես նաեւ հարցվածների 33%-ի ծանոթ կանայք, իսկ զոհերի քանակը կազմում է հարցվողների 63-64%-ը։ Պարզվեց, որ նման ոտնձգությունները կախված են ոչ միայն կանանց տարիքից, ամուսնական վիճակից, կրթական կամ մասնագիտական մակարդակից, այլեւ կանանց դիրքորոշումից, մյուս կողմից էլ մեծ նշանակություն ունեն տղամարդկանց ընկալումները։ Երկու սեռերի ներկայացուցիչների մեջ էլ եղել են այնպիսիք, որոնք պայքարը համարել են անիմաստ, քանի որ, ըստ իրենց, երեւույթը գալիս է կնոջ եւ տղամարդու բնությունից։ Դրա հետ մեկտեղ, սեռական ոտնձգությունների դրսեւորման կառուցվածքը բացահայտելու համար հաշվի է առնվել այն սեռա-հոգեբանական իրողությունը, ըստ որի միեւնույն արարքը տարբեր ձեւով կարող են ընկալել ու մեկնաբանել կանայք ու տղամարդիկ։

Այս ամենից բխում է աշխատավայրերում սեռական ոտնձգությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցների բազմազանության անհրաժեշտությունը։

Ասվածի լավագույն ապացույցը ստորեւ բերվող որոշ առավել ուշագրավ վիճակագրական տվյալներն են։ Այսպես, կանանց գնահատմամբՙ աշխատավայրերում սեռական ոտնձգությունները կազմում են 59%, տղամարդկանց գնահատմամբՙ 83%։ Այս տարբերությունը կարելի է բացատրել այն փաստով, որ կանանց մի մասը խուսափում է խոստովանել պատահածը, իսկ տղամարդիկ հակված են չափազանցության։ Դրա հետ մեկտեղ, այս հիմնախնդրի բացառման անհավանականությունը նշում են կանանց 34 եւ տղամարդկանց 87%-ը։ Տուժող կողմըՙ կանայք, ավելի լավատեսորեն է գնահատում բացառման հավանականությունը, քան տղամարդիկ (57%-ը 10-ի դիմաց)։ Ընդհանուր առմամբ, կանանց 78%-ը կարծում է, որ իրենք մնում են ճնշված, անպաշտպան, ենթարկված բռնությունների եւ սեռական ոտնձգությունների, իսկ տղամարդիկ, ճնշող մեծամասնությամբ, մնում են հավատարիմ իրենց ընկալումներին եւ կանանց ինքնուրույնության ու սեռական ազատության դինամիկայի մեջ տեսնում են բացասական հետեւանքներ։

Ուսումնասիրությունները կատարվել ենՙ հաշվի առնելով մի շարք տարաբնույթ գործոններ, ինչպիսիք ենՙ

ա) տարիքային գործոն. անցանկալի կենակցման առաջարկի եւ անհաջող փորձի օբյեկտ հիմնականում դառնում են երիտասարդ կանայք, որոնք գտնվում են մինչամուսնական կամ ընտանիքի ձեւավորման շրջանում։ Իսկ անցանկալի կենակցման զոհ ավելի հաճախ դառնում են 31-40 տարեկան կանայքՙ անկախ ամուսնական վիճակից.

բ) կրթական գործոնը. ըստ որի անցանկալի կենակցման առաջարկ ստանալու եւ անհաջող փորձի օբյեկտ հիմնականում դառնում են ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող կանայք, իսկ կենակցման զոհ են դառնում բարձրագույն կրթություն ունեցողները, անկախ ամուսնական վիճակից.

գ) զբաղվածության գործոնը, որը կարեւոր է այն առումով, թե որքանով է կանանց համար աշխատանք գտնելն ու պահպանելը, ինչպես նաեւ կարիերա անելը կապված սեռական ոտնձգության հետ։ Այստեղ կարելի է անել այն հետեւությունը, որ անցանկալի կենակցման առաջարկ ստանալու եւ անհաջող փորձի օբյեկտ հիմնականում դառնում են գործազուրկ, պետական ծառայող, եւ հետո նոր միայն մասնավոր հատվածում զբաղված կանայք, ընդ որում գործազուրկ կանայք առավել ճնշված վիճակում են։ Ուշագրավ է նաեւ ուսանողուհիների դրությունը. առաջարկների առումով նրանք քիչ են զիջում կանանց մյուս խմբերին.

դ) սոցիալ-տնտեսական գործոնը, որը թույլ է տալիս անել այն հետեւությունը, որ անցանկալի կենակցման առաջարկ ստանալու եւ անհաջող փորձի օբյեկտ հաճախ դառնում են ոչ միայն ցածր, այլեւ միջինից բարձր տնտեսական վիճակում գտնվող կանայք, որոնք հաջողված փորձի առումով բոլորից ավելի խոցելի են, որովհետեւ նրանք կորցնելու շատ բան ունեն, եւ նվաճած դիրքերը կորցնելու վտանգը կտրուկ բարձրացնում է նրանց նկատմամբ սեռական ոտնձգությունների ռիսկը։

Այս սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալներն ու վերլուծությունները թույլ են տալիս անել հետեւյալ հիմնական եզրահանգումներըՙ

1. վերջին տարիների անցումային շրջանին բնորոշ զարգացումները ներազդել են կանանց կացության վրա եւ մասնատել նրանց երեք հիմնական խմբերի.

ա) ստեղծված նոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հնարավորություններից օգտվող եւ դրական արդյունքի հասած կանանց խումբ,

բ) նոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական պայմաններում ավելի անպաշտպան դարձած կանանց խումբ,

գ) տղամարդու հետ հավասար բոլոր դժվարություններն ու զրկանքները կրող կանանց խումբ։

2. Անկախ իր խմբային պատկանելությունից, կինը մնում է տղամարդուց ճնշվող ու բռնությունների ենթարկվող էակ։

3. Ճնշումների եւ բռնությունների զգալի մասը կրում է սեռական բնույթ եւ տեղի է ունենում ինչպես տանն ու շրջապատում, այնպես էլ աշխատանքի, ուսման, ծառայության վայրում։

4. Հարցմանը մասնակցած տղամարդիկ հիմնականում համաձայն են, որ սեռական ոտնձգությունների տարածվածությունը կարելի է ընդունել որպես անհերքելի փաստ։

5. Ոտնձգության օբյեկտ են դառնում բոլոր սեռատարիքային, կրթական, սոցիալական եւ տարբեր ամուսնական կարգավիճակ ունեցող կանայք։

6. Սեռական ոտնձգությունների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությանը հավատում են կանանց գրեթե 2/3-ը եւ տղամարդկանց 1/10-ը։

7. Պայքարի արդյունավետությունը կանայք կապում են բարքերի եւ օրենքների փոփոխման հետ։

8. Փոփոխման օբյեկտ պետք է համարել տղամարդու ավանդական մտածելակերպն ու արժեքները, քանի որ մեր երկրում որոշումներ կայացնողները տղամարդիկ են։

ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4