«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ. «ԹԻՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ»

ՀՀ փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» նոր մրցաշրջանի նախապատրաստության առաջին փուլն անցկացրեց Ծաղկաձորում։ Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանի հետ հարցազրույցը սկսվեց ծաղկաձորյան հավաքի արդյունքների ամփոփմամբ։

¬ Հունվարի 7-20-ը «Բանանցն» ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորում, որտեղ մարզումների համար հիանալի պայմաններ են ստեղծված։ Ցավոք, հնարավորություն չունեցանք մարզումներում ընդգրկել հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներին։ Ինչպես տեղյակ եք, առաջնության ավարտից հետո թիմում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստները վերադարձան Դոնեցկի «Մետալուրգ»։ Այնտեղ են ներկայումս գտնվում նաեւ Հակոբյան եղբայրները։ Արշակ Ամիրյանն ու Ռոմեո Ջենեբյանը վիրահատությունից հետո դեռ չեն վերականգնվել, ուստի նրանք էլ չէին մասնակցում հավաքին։ Թիմի հետ չէին նաեւ Արարատ Առաքելյանն ու Տիգրան Ղարաբաղցյանը, որոնք «Փյունիկի» կազմում մասնակցեցին «Համագործակցության» գավաթի մրցաշարին։ Փաստորեն, հիմնական կազմի ֆուտբոլիստներից մարզումներին մասնակցեցին 10 խաղացողներ։ Փոխարենը հավաքին ընդգրկել էինք մեր ակումբի պատանեկան թիմերից 17-19 տարեկան պատանիների։ Փաստորեն, հնարավորություն ունեցանք ստուգելու մեր մոտակա հերթափոխի պատրաստվածության աստիճանը։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ նման խոստումնալից պատանիներ ունենք, որոնցից մի քանիսը կարող են ընդգրկվել «Բանանցում»։ Նրանք եւս շատ էին ոգեւորվել, քրտնաջան մարզվում էին, գոհ եմ նրանցից։ Նույնիսկ խրախուսելու նպատակով ոմանց որոշել ենք աշխատավարձ վճարել։ Այնպես որ, ծաղկաձորյան հավաքը չափազանց օգտակար եղավ թե՛ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստների համար, թե՛ մոտակա հերթափոխի նախապատրաստության առումով։ Բնական է, որ հիմնական ուշադրությունն այս փուլում դարձվում է տղաների ֆիզիկական պատրաստությանը, արագաուժային հատկանիշների զարգացմանը։ Իհարկե, մեծ տեղ է հատկացվում նաեւ խաղային որակների բարելավմանը։

- Անցյալ մրցաշրջանում դուք բավական գոհ էիք «Բանանցում» հանդես եկող լեգեոներներից։ Նրանց հետ պայմանագրի ժամկետն ինչո՞ւ չերկարաձգվեց։

¬ Նրանք «Բանանցում» հանդես էին գալիս վարձավճարով։ «Մետալուրգի» ղեկավարությունը տեղյակ լինելով, որ նրանք իրենց լավ են դրսեւորել «Բանանցում», ցանկություն հայտնեց, որ այդ ֆուտբոլիստները նախապատրաստական առաջին փուլն անցնեն հարազատ ակումբում։ Երկու ակումբների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն ֆուտբոլիստները, որոնք չեն ընդգրկվի «Մետալուրգի» հիմնական կազմում, կտրամադրվեն «Բանանցին»։ Մոտ օրերս այդ ֆուտբոլիստները կմիանան մեզ։ Իհարկե, հնարավոր է, որ նրանցից ոչ բոլորը համապատասխանեն մեր պահանջներին։ Ամեն դեպքում մենք շուտով հնարավորություն կունենանք փորձարկելու գուցեեւ նոր լեգեոներների, կամ էլ թիմ կվերադառնան մեզ արդեն ծանոթ ֆուտբոլիստները։ Դոնեցկում փորձարկվում է հայ ֆուտբոլիստ (Իսոյանց), գուցե նա էլ միանա մեզ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե նրանք իրենց ինչպես են դրսեւորել Անթալիայում անցկացված ուսումնամարզական հավաքում։ Ի դեպ, տեղյակ եմ, որ լեգեոներները «Մետալուրգի» հիմնական կազմում չընդգրկվելու դեպքում ցանկանում են եւս մեկ մրցաշրջան խաղալ «Բանանցում»։

- Իսկ ինչպիսի՞ն է «Մետալուրգի» մարզիչների կարծիքը Հակոբյան եղբայրների մասին։

¬ Թիմի հոլանդացի մարզիչը գոհ է Արայից, որն իրեն լավ է դրսեւորում ստուգողական հանդիպումներում։ Նա արդեն բացել է իր գոլերի հաշիվը, դարձել գոլային փոխանցումների հեղինակ։ Ես չէի էլ կասկածում, որ Արան իրեն լավ կդրսեւորի։ Դեռեւս անցյալ մրցաշրջանում ֆեդերացիայի ղեկավարությանը, հավաքականի մարզիչներին ասել եմ, որ Արան պատրաստ է ազգային թիմում խաղալու, թեկուզ մեկ խաղակես։ Նա շատ լավ մարզավիճակում էր, հիմա էլ իրեն վստահ է զգում։

Արամն առայժմ մարզվում է թիմի երկրորդ կազմի հետ, նրանից էլ մարզիչները գոհ են։ Արամի համոզմամբ, ինքը կարող է խաղալ «Մետալուրգի» հիմնական կազմում։ Մնում է, որ մարզիչները նրան նման հնարավորություն ընձեռեն։ Անցյալ տարի եւս նրանց փորձաշրջանի էինք ուղարկել, սակայն չստացվեց։ Այժմ նրանք վստահ են իրենց ուժերին։ Կարծում եմ, Հակոբյան եղբայրները կամրապնդվեն ուկրաինական ակումբում։

- Մարդկային առումով հասկանալի է ձեր ցանկությունը։ Սակայն որպես «Բանանցի» գլխավոր մարզչի, ձեզ պետք է մտահոգի նրանց բացակայությունը։

¬ Լրիվ համամիտ եմ ձեզ հետ։ Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ էլ կցանկանա իր տրամադրության տակ ունենալ լավագույն ֆուտբոլիստների։ Իսկ Հակոբյան եղբայրները «Բանանցի» հարձակման առաջատարներն են, հարվածային ուժը։ Պատահական չէ, որ թիմի խփած 89 գոլից 66-ը բաժին հասավ նրանց։ Խաղի տակտիկան էլ մշակում էինք, ելնելով նրանց խաղից։ Իհարկե, շատ դժվար կլինի առանց Հակոբյան եղբայրների։ Սակայն մարզիչը բացի արդյունք ցույց տալուց, պետք է նաեւ ֆուտբոլիստներ պատրաստի, որոնք ունակ լինեն խաղալու արտերկրներում, հանդես գան ազգային հավաքականում։

- Փաստորեն, այսօր «Բանանցի» մարզիչներին առավել շատ պետք է մտահոգի դարպասապահի եւ հարձակման գծի ուժեղացման հարցը։

- Ինչ վերաբերում է դարպասապահին, ապա Կարեն Բաբայանը բավական փորձառու է եւ հուսալի խաղ է ցուցադրում։ Երկրորդ դարպասապահի հարցը շուտով կլուծվի։ Մեր սանըՙ Գարիկ Բոյախչյանը, որ անցյալ տարի հանդես էր գալիս «Լեռնագործում», շուտով կզորացրվի եւ կվերադառնա թիմ։ Իսկ հարձակման գծի հարցը որոշել ենք լուծել սեփական կադրերի հաշվին։ Բավական խոստումնալից ֆուտբոլիստ է երիտասարդական հավաքականի թեկնածու Սամվել Մելքոնյանը, որն անցյալ տարի իրեն վատ չդրսեւորեց։ Վստահ եմ, որ այս տարի նրա խաղում առաջընթաց կնկատվի, թեեւ դեռեւս վարպետության պակասը զգացնել է տալիս։ Արամ Սարգսյանը փորձառու ֆուտբոլիստ է, ժամանակն է, որ իրեն լիովին դրսեւորի։ Նույնը վերաբերում է նաեւ Վահե Դավթյանին։ Ցավոք, նրանք դեռեւս կայուն խաղ չեն ցուցադրում։

Թող մյուս թիմերի ֆուտբոլիստները չնեղանան, սակայն այսօր հայկական ֆուտբոլում չկան վառ արտահայտված հարձակվողներ (թերեւս բացառություն է Էդգար Մանուչարյանը), որոնց հրավիրենք թիմ։ Ուստի հենվելու ենք սեփական կադրերի վրա։ Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին մասնակցելու համար «Բանանցն», իհարկե, պետք է կազմն ուժեղացնի լեգեոներներով։ Պետք է ձգտենք գոնե առաջին փուլի արգելքը հաղթահարել։

- Ի դեպ, անցյալ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության գրեթե շեմին թիմը համալրվեց լեգեոներներով, սակայն ժամանակը չբավականացրեց մերվելու կոլեկտիվին։ Այս տարի պատմությունը չի՞ կրկնվի։

¬ Համամիտ եմ ձեզ հետ։ Շատ սպասեցինք թիմի համալրմանը։ Տեղյակ չէինք ոչ նրանց խաղաոճին, ոչ ֆիզիկական պատրաստության աստիճանին։ Նման պայմաններում, իհարկե, դժվար էր կարճ ժամանակահատվածում թիմը նախապատրաստել պատասխանատու հանդիպումներին, ինչն էլ անդրադարձավ «Բանանցի» ելույթների վրա եվրագավաթի մրցաշարում։ Իսկ ահա, առաջնության 3-րդ եւ 4-րդ շրջաններում լեգեոներներն արդեն իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին եւ շատ բանով նպաստեցին թիմի հաջողությանը։ Սխալները չկրկնելու համար այս տարի արդեն նախապատրաստական փուլում ենք լուծելու թիմի համալրման հարցը։

- Ինչպիսի՞ն է նախապատրաստության հետագա ծրագիրը։

¬ Այժմ մարզումները շարունակում ենք Աշտարակի մարզադաշտում։ Կրկին մեծ տեղ ենք հատկացնելու ֆիզիկական պատրաստությանը։ Փետրվարի 20-ին ուսումնամարզական հավաքի կմեկնենք Կիպրոս, որտեղ ստուգողական հանդիպումներում կփորձարկենք ֆուտբոլիստներին։ Այդ ընթացքում արդեն թիմի հիմնական կազմը կուրվագծվի, հնարավորություն կունենանք տեխնիկատակտիկական հարցերին մեծ ուշադրություն դարձնել, աշխատել խաղային օղակների միջեւ կապերի ամրապնդման ուղղությամբ։

- Ինչպիսի՞ խնդիր է դրվելու թիմի առջեւ նոր մրցաշրջանում։

¬ Բնական է, որ եթե անցյալ տարի 2-րդ տեղն ենք գրավել, ապա պետք է ձգտենք նվաճել չեմպիոնի տիտղոսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4