«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2004-01-29 | #14, 2004-01-30 | #15, 2004-01-31


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի խմբագրություն,

Ձեր թերթի հունվարի 30-ի համարում «Թաթուլ Մանասերյանը պահվում է Սան Բերնարդինոյի բանտում» նյութի մեջ վերջինիս եղբայրըՙ Արթուր Մանասերյանը, մեղադրանք է հնչեցնում Հայաստանի ԱԳՆ հասցեին, ասելով, թեՙ «Հայաստանի դիվանագիտական կորպուսը որեւէ օգնություն ցույց չի տալիս նրան (Թ.Մ.-ին)։ Արթուր Մանասերյանի ասելովՙ այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են եղբոր արդարացի լինելը, զարմանալիորեն չեն հասել ԱՄՆ համապատասխան ծառայություններին»։

Այս կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը։

Պարոն Մանասերյանը ս.թ. հունվարի 15-ին ձերբակալվել է Վաշինգտոնի Դալլըսի միջազգային օդանավակայան ժամանելու պահին։ Նա ճանապարհորդում էր դիվանագիտական անձնագրով, սակայն ոչ պաշտոնական բնույթով։ Ժամանող բարձրաստիճան պաշտոնյաները չեն օգտվում որեւէ կարգի իմունիտետից։ Դիվանագիտական իմունիտետը շնորհվում է միայն դիվանագետներին, որոնք հավատարմագրված են տվյալ երկրում (իրականում պրն. Մանասերյանը նախապես տեղյակ էր իր ճանապարհորդելու վտանգի մասին)։

Դեպքից հետո Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը անմիջապես կապվել է իշխանությունների հետ եւ փորձել կազմակերպել պրն. Մանասերյանի ժամանակավոր ազատումը մինչ հարցերի կարգավորումը։ Սակայն Վիրջինիայի իշխանությունները հայտնել են, որ միայն Կալիֆոռնիայի իշխանություններըՙ որպես մեղադրանքները ներկայացնող ատյան, իրավասու են ընդունել նման որոշում։

Դրանից հետո Հայաստանի ԱԳ նախարարի աշխատակազմը դիմել է Կալիֆոռնիայի արդարադատության մարմիններին պրն Մանասերյանին շուտափույթ կերպով Կալիֆոռնիա տեղափոխելու եւ նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով, հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։

ԱԳՆ-ն համանման խնդրանքով դիմել է նաեւ Սպիտակ Տան աշխատակազմին, Պետքարտուղարությանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

Այդ ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ջանքերով Թ. Մանասերյանն ապահովվել է փաստաբանով եւ անհրաժեշտ շուրջօրյա խնամքով։

ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն անձամբ ընդունել է Թ. Մանասերյանի կնոջն ու եղբորը, ինչպես նաեւ հեռախոսազրույց ունեցել Լոս Անջելեսում գտնվող նրա քրոջ հետ։ Նախարարը վերջիններիս տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք արդեն ձեռնարկվել են եւ խոստացել անել ամեն հնարավորը։

Թ. Մանասերյանի ընտանիքի անդամները իրենց հետ բերել էին պաշտոնական փաստաթղթեր, որոնք կարող են օգնել պատգամավորին։

Ընտանիքի առաջարկով այդ բոլոր փաստաթղթերը նախարարության միջոցով առաքվել են Մանասերյանի քրոջըՙ Լոս Անջելես, ֆաքսիմիլային կապով։ Քույրը հաստատել է ֆաքսի ստացումը։ Նախարարությունը Մանասերյանի քրոջը առաքել է նաեւ դատարանին հասցեագրված մի նամակՙ խնդրելով պատգամավորին համապատասխան բժշկական ծառայություն մատուցել։

Հունվարի 29-ին Մանասերյանի ընտանիքի ներկայացրած պաշտոնական միջնորդագրերը, ինչպես նաեւ դատարանին ուղղված նամակը առաքվել են ֆաքսով Լոս Անջելեսի շրջանային դատախազին, քանզի վերջինս չէր ստացել դրանք Մանասերյանի քրոջ կողմից։

Այնուհետեւ ԱԳ նախարարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հանդիպել է Մանասերյանի եղբոր հետ եւ բացատրել իրադրությունը, ինչպես նաեւ փոխանցել Լոս Անջելեսի համապատասխան իշխանությունների հորդորըՙ ամբողջ գործընթացը հանգիստ անցկացնելու եւ անցանկալի հրապարակայնությունից խուսափելու վերաբերյալ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4