Ռոբերտ Քոչարյանը մեկնեց արձակուրդ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ այսպես, հերթական անգամ հայրենական ընդդիմությունը ձեռնամուխ է եղել տարիների չիրականացված երազանքի իրագործմանըՙ իշխանությունից հեռացնել Ռոբերտ Քոչարյանին եւ նախագահի փոխարեն իշխանության բերել «իրենց»։
Ակնհայտորեն ընդդիմությունը ոգեւորված է հարեւան հանրապետությունում իրականացված այսպես կոչված «վարդյա» կամ «թավշյա» հեղափոխությամբ, եւ դատելով ընդդիմադիր գործիչների հայտարարություններից, փորձելու է ընտրել եւ կյանքի կոչել իշխանափոխության այն տարբերակը, որին հետեւեցին Միխայիլ Սաակաշվիլին, Նինո Բուրջանաձեն եւ Զուրաբ Ժվանիան։
Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբի հյուրըՙ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական եւ ջերմեռանդ պաշտպան Արամ Գասպարի Սարգսյանը, շրջանառության մեջ դրեց մինչ այդ հայ քաղաքական բառապաշարում հազվադեպ հանդիպող արտահայտությունՙ «քաղաքացիական անհնազանդություն»։ Այս բառակապակցությունը, ըստ ամենայնի, վերցված է Սաակաշվիլուց։ Բատոնո Միշան վրացական հեղափոխությունից ընդամենը մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրեց այս «անհնազանդությունը»։
Ռոբերտ Քոչարյանի նախկին մեկ այլ ջերմեռանդ պաշտպան Ալբերտ Բազեյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցումՙ շեշտելով «քաղաքացիական անհնազանդություն» կապակցությունը, նշել է, որ «այսուհետեւ հանրահավաքներ չեն լինի, կլինեն իրական գործողություններ. մենք ժողովրդին ոտքի ենք հանելու, շրջափակում նախագահի նստավայրը, շրջափակում խորհրդարանի շենքը, ժողովրդին կոչ անում քաղաքացիական անհնազանդության եւ պահանջում Քոչարյանի հրաժարականը»։
Եթե պրն Բազեյանիՙ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու ծրագիրը Վրաստանից չի վերցված, ապա, միեւնույն է, կետ առ կետ համընկնում է Սաակաշվիլու գործողությունների հաջորդականությանը։ Նրանք, ովքեր հետեւել են Վրաստանի նոյեմբերյան հեղափոխությանը, ինչը կարելի է պետական հեղաշրջում որակել, հիշում են, որՙ
ա) Սաակաշվիլին ժողովրդին ոտքի հանեց,
բ) շրջափակեց նախագահի նստավայրը,
գ) շրջափակեց խորհրդարանի շենքը,
դ) ժողովրդին կոչ արեց քաղաքացիական անհնազանդության,
ե) պահանջեց Շեւարդնաձեի հրաժարականը։
Մյուս կողմիցՙ եթե Հայաստանի ընդդիմությունը փորձում է վրացական օրինակով տապալել Քոչարյանին, ապա ժամանակացույցի առումով թույլ է տալիս լուրջ սխալներ։ Սաակաշվիլին վերոնշյալ գործողություններին ձեռնամուխ եղավ իշխանափոխությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ Շեւարդնաձեի հրաժարականն առավել իրական էր թվում։ Իսկ միգուցե մինչեւ փետրվարի 10-ը իշխանության կգան մե՞ր «վրացիները»։
Իշխանափոխության կամ հեղափոխության հոտը Հայաստանում չի զգացվում։ Իշխանությունից Քոչարյանին հեռացնելու նախադրյալներ չկան նաեւ առաջիկայում։ Խոսքն այն մասին չէՙ Հայաստանի գործող նախագահը լա՞վն է, թե՞ վատը։ Պարզապես մեր երկրում, մեր ընդդիմության մեջ չկա Սաակաշվիլու նման խարիզմատիկ առաջնորդ։
Հա՛րց։ Ո՞վ կամ ովքե՞ր են ժողովրդին հանելու Քոչարյանի դեմ, ինչպես Սաակաշվիլին արեց Վրաստանում։ Ստեփան Դեմիրճյա՞նը։ Պրն Դեմիրճյանը քաղաքական ասպարեզ բերվեց հորՙ ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանից հետո։ ՀԺԿ-ի առաջնորդը պատմական հնարավորություն էր ստացել դառնալու Հայաստանի առաջնորդ, սակայն տասնյակ հազար մարդկանց վստահությունը, ովքեր նախագահական ընտրություններից հետո դուրս էին եկել փողոց, չկարողացավ ճիշտ օգտագործել։ Վազգեն Մանուկյանի փորձով կարող ենք պնդել, որ Դեմիրճյանն այլեւս չի կարող դասվել Հայաստանի ապագա նախագահի հավանական թեկնածուների շարքում։
Այսօրվա ընդդիմադիր դաշտում մնացած գործիչներից կարո՞ղ եք նշել մեկին, ով ունի, ասենք, Նինո Բուրջանաձեի տղամարդկությունը։ Ո՞վ է կամ ովքե՞ր են այն ընդդիմադիր գործիչները, ովքեր ընդունակ կլինեն փողոց հանել Քոչարյանին չընդունող զանգվածին։ Պատկերացնո՞ւմ եք խորհրդարանի շենքը շրջափակած երիտասարդ կանանց, ովքեր երեխաներին գրկած պահանջում են Քոչարյանի հրաժարականը կամ նրա փոխարեն, օրինակ, երկրի ղեկավար տեսնում Հմայակ Հովհաննիսյանին, Արամ Սարգսյանին կամ Ալբերտ Բազեյանին, կամ էլ այսօրվա ընդդիմադիր գործիչներից յուրաքանչյուրին, անգամՙ Պարույր Հայրիկյանին։ Սաակաշվիլու համար փողոց դուրս էին եկել։
Վրաստանում ժողովուրդը ոչ միայն պահանջում էր Շեւարդնաձեի հրաժարականը, այլեւ նրա փոխարեն տեսնում մեկ այլ առաջնորդի, տվյալ դեպքումՙ Սաակաշվիլուն, ով կարող էր փոխել իրենց կյանքը։ Մինչդեռ մեր ընդդիմությունը չափազանց պարզունակ բան է առաջարկում. ժողովո՛ւրդ, դուրս եկեք, ձեր օգնությամբ տապալենք Քոչարյանին, որպեսզի նրա փոխարեն մենք դառնանք իշխանություն։
Լուրջ չէ։ Ավելինՙ տխուր է։ Մենք ունենք մի ընդդիմություն, ավելի ճիշտՙ ընդդիմադիր կոչված գործիչների մի խումբ, ովքեր ժամանակին եղել են իշխանություն (Բազեյան, Արամ Զավենի Սարգսյան, Արամ Գասպարի Սարգսյան, Վազգեն Մանուկյան եւ այլն), ատամներով պաշտպանել են Քոչարյանին (Հմայակ Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան եւ այլն), օգտագործվել են Քոչարյանի կողմից եւ Քոչարյանի համար։ ՀՀՇ-ի մասին չենք խոսում, քանի որ դա քաղաքական անախրոնիզմի ոլորտից է։
Վրացական ընդդիմությունը, ի տարբերություն մեր ընդդիմության, Արեւմուտքի (ԱՄՆ) համար լուրջ տպավորություն էր թողնում։ Հետեւաբարՙ Արեւմուտքում գտնվեցին պետություններ, անհատներ, ովքեր խաղագումար դրեցին։ Շավարշ Քոչարյանի եւ նրա ընկերների վրա խաղագումար չեն դնի, մանավանդ այն դեպքում, երբ նույն Արեւմուտքի համար Հայաստանի նախագահն առայժմ քիչ թե շատ ընդունելի դեմք է։ Սաակաշվիլու, Ժվանիայի, Բուրջանաձեի թիմը հրաժարվեց պատգամավորի մանդատից, մինչդեռ մեր ընդդիմությունը քմահաճ օրիորդի նման համաձայնեց եւ խորհրդարան գնաց։ Ու բոլորովին էլ կարեւոր չէ, թե «Արդարությունը», ի դեմս Շավարշ Քոչարյանի, ինչպես է «լացում» Ստրասբուրգում։ Եվրախորհուրդը, անշուշտ, կօգտագործի այս «լացը», բայց ոչ թե ընդդիմությանն իշխանության բերելու, այլեւ Հայաստանի վրա հավելյալ ճնշումներ բանեցնելու համար։
Երեկոյան ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կարճատեւ հանգստի, որը կանցկացնի Հայաստանում։