Գրանցել ենք հնարավոր բարձր արդյունք...
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդի հայաստանյան պատվիրակության նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրած ասուլիսին ներկայացավ մենակ եւ հավաստիացրեց, որ պատվիրակության մյուս անդամների բացակայությունը բոլորովին էլ պառակտման ապացույց չէ։ Ըստ պրն Թորոսյանի, պառակտման մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ պատվիրակությունում ընդգրկված ընդդիմադիրների ներկայացնելիք երեք առաջարկներն էլ դեռ Երեւանում հայտնի էին։ Ասենք, որ Եվրախորհրդի կանոնների համաձայն, պատվիրակությունում պետք է ընդգրկվեին ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ կին ներկայացուցիչներ, ինչը հեռատեսորեն ի կատար է ածել մեր երկիրը։ Շեշտելով, որ երկրին առնչվող հարցերում անկախ ամեն ինչից միջազգային կառույցներում ուղղակի անհրաժեշտ է համակարծություն դրսեւորել, բնականաբար, ավելի մեծ արդյունք ապահովելու համար պատվիրակության աշխատանքը Տիգրան Թորոսյանը բարձր գնահատեց եւ վստահեցրեց, որ Հայաստանի պատվիրակությունը Եվրախորհրդում աշխատել է հնարավորին արդյունավետությամբ, հատկապես եթե հաշվի առնելու լինենք, որ Ադրբեջանն ունի 6 քվեարկող պատգամավոր եւ Թուրքիայի մեկ տասնյակից ավելի դաշնակից պատգամավորների խումբ։ Հայաստանի պատգամավորները չորսն են, իսկ դաշնակից երկրներիՙ Ռուսաստանի, Ուկրաինայի պատգամավորներն ուղղակի խուսանավմամբ բացակա։
Այնուամենայնիվ, պատվիրակությունը կարողացել է ձեռք բերել պատահական դաշնակիցՙ Իտալիայի պատվիրակությունը։ Ինչեւէ, Հայաստանի պատվիրակության գնահատականով անգամ մեր երկրի դեսպանատների ոչ լավ աշխատանքի առկայությամբ պատվիրակությունն աշխատել է լիարժեք եւ ներկայումս Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցն անհամեմատ նպաստավոր է, քան, ասենք, վերջնագիր ստացած Ադրբեջանի կամ Ուկրաինայի մասին զեկույցները։ Բանախոսի հավաստմամբ, այս փուլում Հայաստանի համար առաջնային կարեւորություն ունի պարտավորությունների կատարումը եւ գիտակցումը, որ ԼՂՀ հարցը Եվրախորհրդում չի լուծվում։
Ինչպես ասուլիսի սկզբում, այնպես էլ ավարտին Տիգրան Թորոսյանն ափսոսանք հայտնեց, որ վերադառնալով Ստրասբուրգից հայրենական լրատվամիջոցներում հայտնաբերել է անիրազեկությունից բխող, մեղմ ասած, անճշտություններ թե՛ պատվիրակության աշխատանքներին, թե՛ Եվրախորհրդի կանոնակարգն ու գործունեությունը լուսաբանելու ընթացքին վերաբերող։
Ն. Պ.