Իրանի խորհրդարանի 125 անդամներ երեկ գրավոր հրաժարական ներկայացրին։ Նրանց մեծ մասն անդամ է «Իրանի մասնակցության ճակատ» կազմակերպությանը, որի ղեկավար Մոհամմադ Ռեզա Խաթամինՙ հարազատ եղբայրը երկրի նախագահի, հրաժարականները ներկայացնելուց հետո տված մամլո ասուլիսում հայտարարեց, որ կազմակերպությունը չի մասնակցելու առաջիկա փետրվարի 20-ի խորհրդարանական ընտրություններին եւ փոխարենը պահանջում է անցկացնել հանրաքվե երկրի ապագայի շուրջ։ Մոհամմադ Ռեզա Խաթամիի գլխավորած կազմակերպությունը համարվում է Իրանում բարենորոգչական շարժման ավանգարդ։ Հրաժարականների եւ ընտրություններին չմասնակցելու շարժառիթը Իրանի Պահապանների գերագույն խորհրդի վերջերս կայացրած որոշումն էՙ առաջիկա ընտրություններին 2000 թեկնածուների մասնակցությունն արգելելու մասին։