Մեր պատվիրակները Եվրոպայից վերադարձան թղթե շերեփով
Դատելով Ազգային ժողովի կարճատեւ արձակուրդի ընթացքում տեղի ունեցած սրընթաց փոփոխություններից, ե՛ւ առաջիկա նստաշրջանում, ե՛ւ ներքին ու արտաքին քաղաքական դաշտում հետաքրքրական զարգացումներ են սպասվում։
Ձնծաղիկների հեղափոխության ապագան վտանգի տակ է։ Իշխանափոխության գաղափարը, որի ակունքներին խոնարհվում է հայրենի ընդդիմությունը, հազիվ հրապարակ նետված, ծանր փորձության ենթարկվեց։ Ընդդիմադիր քառատված դաշտը չի կարողանում շղթայազերծվել խմբային հավակնություններից։ Նույնիսկ իշխանությունների նկատմամբ ատելության մշտական բռնկումները չեն նպաստում միասնական զգացողության ձեւավորմանը։ Եվ ընդդիմադիրները, փաստորեն, բաժան-բաժան գործելու հայտարարություններ հրապարակեցին։ Թերեւս միայն «Հանրապետություն» կուսակցությունն է, որ առանձնանում է անհամեմատ վճռական կեցվածքով։ Անցած շաբաթ կուսակցության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որը հաստատեց մինչեւ վերջ անհաշտ պայքարի նրա ձգտումը, ամեն կերպ ժողովրդին ոտքի կանգնեցնելու մարտական տրամադրվածությունը։ Սակայն ամբողջության մեջ ընդդիմության անհեռանկար վարքագիծն առայժմ լավ բան չի խոստանում նրան։ ԱԺ գարնանային նստաշրջանն սկսվում է նրա համար աննպաստ, խճճված իրողություններով։
Մեր պատվիրակները Եվրոպայից վերադարձան թղթե շերեփով։ Թերեւս առաջին անգամ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բարյացակամ վերաբերմունք արտահայտեց Ադրբեջանի եւ ակնհայտ սառնությունՙ Հայաստանի հանդեպ։ Ինչպես դար առաջ, կրկնվեցին նույն իրողությունները, երբ Մկրտիչ Խրիմյանը, Մինաս Չերազը ընկել էին Եվրոպայի դռներըՙ փորձելով բարենպաստ կարծիք ստեղծել հօգուտ Հայկական հարցի։ Սակայն Բեռլինի կոնգրեսն անուշադրության մատնեց նրանց ներկայացրածՙ Արեւմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծը։ Պատմությունը կրկնվում է, քաղաքական կշռի ու վարկանիշի այլ դերակատարներով, այլ միջավայրում եւ այլ սցենարով։ Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, հայ ժողովուրդը հերթական հուսախաբությունն ապրեց։ ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի զեկույցից «Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքներ» արտահայտությունը հաջողելով հանել (ընդ որում անցավ ոչ մեր, այլ իտալացիների առաջարկն այդ վերաբերյալ), նրանք չկարողացան փրկել Հայաստանը ագրեսորի պիտակավորումից. եվ փաստորեն արձանագրվեց ոչ թե բովանդակային, այլ ձեւական սրբագրում։ Մանավանդ որ նույն արտահայտությունը, այս անգամ անփոփոխՙ տեղ գտավ Ադրբեջանին վերաբերող զեկույցումՙ ղարաբաղյան հարցի չարագուշակ լուծում ակնարկելով Հայաստանին։ Արիստոկրատ Եվրոպանՙ քաղաքակիրթ աշխարհում իր մեծամիտ դիրքից, գուցե ոչ քմահաճորեն, այլ ավելի խորքային դրդապատճառներով, անհասկանալի ռեւերանս արեց Ադրբեջանին։
Սառնությամբ մերժվեցին նաեւ ընդդիմադիր պատվիրակ Շավարշ Քոչարյանի առաջարկները։ Նման հանգուցալուծումն անսպասելի էր թեկուզ այն տեսանկյունից, որ մինչ այս Հայաստան ժամանած եվրոպական փորձագետներն իրենք էին մատնանշում նույն առաջարկների անհրաժեշտությունը. այն էՙ Ա1+ի խնդիրը ԶԼՄ ազատության համատեքստում, օմբուդսմենի ընտրության ու նշանակման, Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության ազգային հանձնաժողովի ու անկախ խորհրդի անդամների նշանակման կարգը։ Եվ թերեւս նաեւ այս հաշվարկի վրա ընդդիմադիր պատվիրակը կուլ տվեց խայծը։ Այնուամենայնիվ, Եվրոպայում տեղի ունեցած հակասական այս իրադարձությունները պատճառ դարձան, որ մեր իշխանություններն անմիջապես քավության նոխազի իրարանցում առաջացնենՙ Շավարշ Քոչարյանին մեղադրելով ներքին խոհանոցն աշխարհին ի ցույց դնելու մեղքի մեջ։ Նույնիսկ շրջանառության մեջ նետվեցին ակնարկներՙ ընդդիմադիր պատվիրակին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ։ Իրականում սա ոչ թե հայ դիվանագիտության պարտության, այլ քաղաքագիտական այդ կառույցի լիակատար բացակայության մասին է խոսում, երբ աշխարհի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք պատահական հաշվարկներով, կույրի նմանՙ չգուշակելով սահանքներն ու մակընթացությունները քաղաքականության անհանգիստ ծովում։ Ինչպես դար առաջ, հիմա էլ ցավալիորեն շրջանցվեց այն ճշմարտությունը, թե ոչինչ չի փոխվել, եւ այսօր էլ Հայաստանը գերտերությունների համար շարունակում է մնալ բուֆերային պետությունՙ միջանկյալ օղակ մեծապետական շահերի եւ հարաբերությունների մեջ։
Այս իրողություններն, այնուամենայնիվ, նպաստեցին հասարակության աչքում նաեւ ընդդիմության վարկանիշի հերթական կորստին ու նրա նկատմամբ հիասթափության առաջացմանը։ Եվ ընդդիմությունը, գոնե նախկին հեղինակությունը վերադարձնելու համար ստիպված է առաջիկայում ծանր աշխատանք տանել։
Ուշագրավ են նաեւ եվրոպական իրադարձություններին մեր իշխանությունների հապշտապ արձագանքները։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հետքայլ արեցՙ ԱԺ նախագահին դիմում հղելով, թե իր առաջարկը իրավական հետեւանքներ չի ենթադրում, քանի որ ուժի մեջ է մնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ։ Իր հերթին, այլեւս չհապաղելով, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը հենց առաջին եռօրյայի քննարկմանը ներկայացրեց հանրաքվեի օրենքի փոփոխությունների նախագիծը։ ՀՀ նախագահն ԱԺ խմբակցություններին հղեց օմբուդսմենի իր թեկնածուին։ Իբրեւ պատասխան քայլ «Արդարություն» խմբակցությունը որոշեց, որ ԱԺ-ում գլխավոր իրավապաշտպանի թեկնածության քննարկումներին չի մասնակցելու։
Անկախ արտաքին ճակատի եւ տարածաշրջանում արդեն խարխլված դիրքերից մեր քաղաքական դաշտումՙ իշխանամետ թե ընդդիմադիր, շարունակվում են խմորվել նույն իրողությունները։ Երկուստեք սեփական գործողությունները բացատրվում ու շահարկվում են «ազգային շահ» չարչրկված արտահայտությամբ։ Բայց թե որն է առաջնորդող ուղեցույց թելը, ոչ ոք ի վիճակի չէ մատնացույց անելու։ Իսկ արցախյան հարցով սրված իրադրության մեջ դրսի ազդեցությունների աշխուժացումն ավելի ու ավելի հավանական է դառնում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ