«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ԱԺ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲՆ ԱՎԵՏՎԵՑ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ

Նախորդ տարվա վերջին 4 ամիսների ընթացքում օրենսդիր մարմին է ներկայացվել 197 օրենքի նախագիծ, որոնցից 95-ը կառավարության, 102-ը պատգամավորների կողմից։ ԱԺ ընդունել է 103 օրենքի նախագիծ, 41 միջազգային պայմանագիր է կնքել, օտարերկրյա 3 պաշտոնական այցերի արդյունքում ձեռք է բերել 30 պայմանավորվածություն, հանրապետության 20 բնակավայրերում հանդիպումներ են կազմակերպվել բնակչության հետ, ստացել է 3 հազար 64 նամակ եւ պատասխանել դրանց բոլորին, ստեղծվել են ԱԺ նախագահին առընթեր 9 հանձնաժողովներ, խորհրդարանն ուժեղացրել է իր դիվանագիտական գործունեությունըՙ 40 երկրների հետ ստեղծելով խորհրդարանական-դիվանագիտական կապեր։ Մեկ բառովՙ խորհրդարանի աշխատանքը եղել է արդյունավետ։

Այս տվյալների հրապարակմամբ էլ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ավետեց նստաշրջանի սկիզբը եւ շարունակելով ասուլիսը, հայտնեց, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվելու է համապատասխան աշխատանքային խումբ։ Նախատեսվում է տեղական ինքնակառավարման բարեփոխում, այդ շրջանակում նաեւ Երեւանի մասին հատուկ օրենքի ընդունում։ Չնայած բյուջեում նախատեսված չէ խնայողական ավանդների վերադարձը, այնուամենայնիվ, ԱԺ-ն աշխատելու է այդ ուղղությամբ եւ անելու է հնարավորը։ Գործընթաց է տարվելու նաեւ կոռուպցիայի դեմ։ Խորհրդարանի նախագահն ընդգծեց հատուկ աշխատանքային խմբերի ստեղծումն ու հստակ աշխատանքային ժամանակացույցի սահմանումը։

Պատասխանելով լրագրողների հարցերին, պրն Բաղդասարյանն անդրադարձավ վստահության հանրաքվեին եւ ընդգծեց, որ ընտրություններն ընդամենը մի քանի ամիս առաջ են կայացել, ու ժողովուրդն սպասում է գործնական քայլերի, այլ ոչ իշխանափոխության։ Անդրադարձ եղավ նաեւ Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքին, որը դրական գնահատելով Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ երկրից դուրս ամեն մի կառույցում պետք է հանդես գալ միասնական ծրագրով եւ ափսոսանք հայտնեց, որ տվյալ դեպքում այդպես չի եղել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4