Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին եռօրյայի սկզբում նախագահ Արթուր Բաղդասարյանը հավատացնելով, որ ինքն ստուգել է 240 քվեարկությունների 80 տոկոսի բացակայած պատգամավորների ներկա չգտնվելու պատճառները, եւ դրանք հարգելի է համարում, միաժամանակ հորդորում է գործընկերներին նույն վերաբերմունքին արժանացնել բացակայածներին եւ լրջորեն վերաբերվել նիստերին, առավել եւսՙ քվեարկություններին ներկա գտնվելու խնդրին։
Աշխատանքի ընթացքում քննարկվեց եւ ընդդիմությանՙ մասնավորապես Արտաշես Գեղամյանի կողմից հանրապետության սոցիալական իրավիճակը գնահատվեց վատթար։ Գեղամյանն առաջարկեց չխուսանավել եւ եռօրյայի քննարկմանը դնել էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագների օրենքի նախագիծըՙ ապացուցելու համար, որ Ազգային ժողովն անտարբեր չէ ժողովրդի շահերին։ Այլապես պրն Գեղամյանն «Ազգային միաբանություն» խմբակցության մասնակցության հարցն ԱԺ աշխատանքներին արժանի չի համարի։
Այնուամենայնիվ, նախաձեռնության քննարկումը հետաձգվեց, չնայած դրան նախորդել էր օրենքի նախագիծը հեղինակած Վիկտոր Դալլաքյանի այն փաստարկը, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքիՙ հացի եւ դեղորայքի շուրջ 30 տոկոս թանկացումները հիմք են տալիս ենթադրել հետագա թանկացումներ, որոնք ուղեկցվում են չնչին հատուցումներով։ Իսկ օրենքի իր կողմից նախորդած հետաձգումը պրն Դալլաքյանը բացատրում է նրանով, որ խուսափել է կառավարության բացասական եզրակացությունից հետո նաեւ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց։ Իսկ այժմ ուղղակի անթույլատրելի է համարում օրինագիծն օրակարգում չընդգրկելը։
Մերժվեց նաեւ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Մերժման հիմնական պատճառաբանությունն արդեն ունեցած հանձնաժողովների աշխատանքում այդ խնդրի լուծման ներառման հնարավորությունն է, եւ ԱԺ շենքի սահմանափակ տարածքը։ Ինչպես փաստեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, 15 պատգամավորներ արդեն գրավոր դիմել են իրենՙ աշխատասենյակ ստանալու խնդրանքով։
Հետաձգվեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այս եռօրյայի օրակարգում ներառելը։
Փետրվարի 2-4-ի եռօրյայի նիստերի օրակարգի առաջին մասը հաստատվեց, եւ շուրջ 2 տասնյակ պատգամավորների ներկայությամբ քննարկումներ ծավալվեցին։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ