«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՆՈՐ ԷՋԵՐ ԶՈՀՐԱՊԻՑ

Հրատարակվելու է նաեւ Գրիգոր Զոհրապի երկհատորյակը

Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանը 2001 թ.-ից սկսեց Գրիգոր Զոհրապի երկերի քառհատորյա ժողովածուի հրատարակումը։ Այն իրականացվեց Ալբերտ Շարուրյանի աշխատասիրությամբ, ԱՄՆ-ի Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդարանի ֆինանսավորմամբ եւ գրողի դստերՙ Դոլորես Լիբման-Զոհրապի կտակի համաձայն։ Նախորդ տարի ժողովածուի հրատարակումն ավարտվեց։ Քառհատորյակի տպաքանակը սահմանափակ էՙ ընդամենը 1000 օրինակ։ Այդ է պատճառը, որ ժողովածուն չի հայտնվել վաճառքում, այլ նվիրատվության կարգով բաժանվել է մասնագիտական շրջանակներին, գիտամշակութային հաստատություններին։ Իսկ հասարակությունը ժողովածուին կարող է ծանոթանալ գրադարաններից օգտվելով։ Քառհատորյակում զետեղված մի շարք գործեր, հրապարակախոսական ելույթներ, հայ իրականությանը վերաբերող ուսումնասիրություններ, նամակներ եւ ընծայագրեր ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ։ Բայց սա ամբողջը չէ։ Ալբերտ Շարուրյանն ու գրականության եւ արվեստի թանգարանն արդեն հրատարակության են պատրաստել Գրիգոր Զոհրապի օսմանյան պառլամենտում, ազգային ժողովում ունեցած ելույթների, մամուլում զետեղված հրապարակախոսությունների, հարցազրույցների 560 էջանոց ժողովածուն, որը շուտով կտպագրվի 1000 օրինակով եւ, ինչպես գրողի երկերի քառահատոր ժողովածուն, կտրվի մասնագետներին, գիտամշակութային հաստատություններին։

Ժողովածուում ներառված նյութերն ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ։ Քսան տարի մշտական աշխատանքի արդյունքում Ալբերտ Շարուրյանը հավաքել եւ ուսումնասիրել է ինչպես գրողի ելույթները, այնպես էլ ժամանակի հայկական, ֆրանսիական եւ թուրքական մամուլում հրապարակված հոդվածներն ու հարցազրույցները, սակայն կատարելիք աշխատանք դեռ կա ե՛ւ արդեն, ներկայացվածը, ե՛ւ ժամանակի թուրքական մամուլն ուսումնասիրելու տեսանկյունից, քանի որ վերջինիս պրն Շարուրյանը հասկանալի պատճառներով լիովին ձեռնհաս չի եղել։

Այնուամենայնիվ, հրատարակիչների նպատակը Գրիգոր Զոհրապի գրական ժառանգությունն ամբողջապես ներկայացնելն է։ Սակայն, ինչպես կարծում է Ալբերտ Շարուրյանը, որն իր կյանքի մեկ տասնամյակը չէ, որ նվիրել է Զոհրապի կյանքի եւ գործունեության ուսումնասիրմանը, անգամ աստվածաշնչյան հայտնի երկարակեցությունը թերեւս չբավարարի Զոհրապի ողջ ժառանգությունը կատարելապես ներկայացնելուն։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4