«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԴԸ ՄԱՐԳԱՐԵ Է»

Կամերային երաժշտության տանը մեծարանքով նշվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 65-ամյակը։ Երեկոն, որն արտիստական վարպետությամբ վարում էր Ազատ Գասպարյանը, միավորեց Էդվարդ Միրզոյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վահագն Ստամբոլցյանի, Ռուբեն Ամիրբեկյանի, Յանա Դարյանի եւ Արմեն Հուսնունցի ելույթները։ Վերջում ծավալուն խոսքով հանդես եկավ ինքըՙ հոբելյարը, արտաբերելով իր ստեղծագործության համար կարեւոր արտահայտություն. «Հայոց լեզուն իմ հոգու հայրենիքն է»։

Հայաստանի ժամանակակից երաժշտության ծավալուն համայնապատկերում դժվար է նշել մեկ ուրիշ անուն, որն այնքան սերտորեն կապված լինի վերջին 40 տարվա նորարարական ձգտումների հետ։ Տիգրան Մանսուրյանի նորարարությունը ոչ թե գրության տեխնոլոգիայի նոր ձեւերի ստեղծումն է, այլ զանազանՙ ժամանակակից թե հինավուրց, ազգային թե համաեվրոպական ավանդույթների ներուժի բացահայտումը։ Նման նորարարության առաջադիմական նշանակությունը, բնականաբար, չէր կայանա առանց Մանսուրյանի արվեստի գեղարվեստական բարձր արժանիքների։ Դրա հետ մեկտեղ «հաջորդայնության ռակուրսը» թույլ է տալիս գնահատել այդ անհատի մասշտաբը, որն իր անհատականության պրակտիկայով ներգործում է կոմպոզիտորական դպրոցի ուղղվածության վրա, դաստիարակում գեղագիտական որոշակի հակումներ, բացում ազգային երաժշտության հորիզոններ։ Անհատականության մասշտաբը Մանսուրյանին հիմք է տալիս լինելու բացառապես հայ կոմպոզիտոր եւ միաժամանակ մեր ժամանակի արվեստագետ, որն ամփոփում է մարդկության փորձը եւ իր ազգի փորձը։ Սա է Մանսուրյանի երաժշտության ընկալման արձագանքի պատճառներից մեկը։ Յուրաքանչյուր երկրում նրա երաժշտությունն ընդունվում է որպես իր էությամբ օրգանական, նորի ու հնի համադրությունից ծնված երեւույթ։

Տիգրան Մանսուրյանի (ծնվել է 1939 թ. Բեյրութում, 1947 թ. ընտանյոք հայրենադարձվել է Հայաստանՙ սկզբում Արթիկ, իսկ 1956 թ.ՙ Երեւան, որտեղ ավարտել է Երաժշտական ուսումնարանըՙ Էդուարդ Բաղդասարյանի կոմպոզիցիայի դասարանում, ապա կոնսերվատորիան եւ ասպիրանտուրանՙ Ղազարոս Սարյանի դասարանում) ստեղծագործական ուղին սկսվեց 60-ական թթ.։ Այն աչքի ընկավ մի քանի փուլերով, որոնք ոճական առումով այնքան տարբեր են, որ քննադատներին հաճախ շվարեցնում էր ստեղծագործության բուն զարգացման տրամաբանությունը։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, թե որքան արդարացված էր այդ ժամանակաշրջանը։ Այնտեղ միահյուսվել են պրոֆեսիոնալ համընդգրկունությունը, 20-րդ դարի մշակութային նվաճումներն ակտիվորեն յուրացնելու ցանկությունը, իսկ մյուս կողմիցՙ ստեղծագործության սեփական «գոտիների» որոնումը։ Հենց 60-ական թվականներին առանձնանում են այդպիսի 3 գոտիներ, որոնք տարբերվում են, բայց հաջողությամբ գոյակցում, հատկանշական դառնալով հետագա տարիների համար. դրանք են նեոկլասիցիզմը, դոդեկաֆոնիկ ստրուկտուրալիզմը եւ ոճավորված արխայիկան։ Նշված գոտիների լավագույն նմուշներն էին նեոկլասիցիստական նվագախմբի «Պարտիտան», սերիալ տեխնիկա օգտագործող ջութակի ու դաշնամուրի 2-րդ սոնատը եւ Դաշնամուրի սոնատը, վերջապես միջնադարյան երգեցողական ավանդույթներին միտված «Հայրեններ» վոկալ շարքըՙ Ն. Քուչակի խոսքերով, որոնք նշանակալի դարձան ամբողջ հայ երաժշտության եւ, իհարկե, նախ եւ առաջ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական առաջընթացի համար։

Այսպես, «Պարտիտայի» դասական ոգին զգացվեց 70-80-ական թթ. վերջերի երաժշտության մեջ, օրինակ, դաշնամուրի համար գրված «Երեք պիես թանձր տոներով» ստեղծագործության մեջ եւ գործիքային համույթի համար գրված «Հռետորում», բայց հատկապես Թավջութակի երկրորդ եւ Ջութակի կոնցերտներում։ Սերիալիզմի դրական իմաստն իրեն զգալ տվեց հետագա ամբողջ ժամանակամիջոցում, թեեւ դրա նշանները բավականաչափ տարբեր էին. «Թռչնի ուրվապատկեր» երկու սյուիտներ, «Ինտերիեր» լարային քառյակի համար, «Ինտերմեցո» ձայնի եւ համույթի համար։ Այդ ստեղծագործությունների դասերը յուրօրինակ կերպով բեկվեցին հետագայում Մանսուրյանի առավել նշանավոր ստեղծագործություններում. «Պրելյուդներ» եւ «Գիշերային երաժշտություն» նվագախմբի համար, «Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի եւ լարային նվագախմբի համար», «Թովեմ» 15 գործիքի համար։ Արխայիկայի հետ կապված գոտին չափազանց նշանակալի էր։ Եթե սկզբում Մանսուրյանը հակված էր այդ ոճի հատկանիշների էմպիրիկ վերարտադրմանը, ապա ժամանակի ընթացքում առավել ակտիվորեն հետազոտում է դրա կանոնական բնույթը, գտնում այն ոճական տարրերն ու բառային աստիճանավորումները, որոնք գործիքային երաժշտության մեջ ենթակա են վոկալ օրինաչափությունների գործառական բեկմանը։

Երաժշտական եւ ասերգային պլաստիկայի փոխներթափանցման գաղափարն իր արտացոլումը գտավ շատ ստեղծագործություններում 70-ական թթ. վերջերից, թեեւ արդեն այն ժամանակ նկատվում էր լեզվի պարզեցման, զգացմունքների քնարականացման, ընդհանուր հնչյունային երանգապնակի մեղմացման միտում։ Ասվածի օրինակ կարող են ծառայել կնոջ ձայնի եւ գործիքային համույթի համար գրված 4 մադրիգալները։ Այս առումով որոշակի ազդեցություն գործեց նաեւ կինոյի համար կատարված ինտենսիվ աշխատանքը. նրա երաժշտությամբ ստեղծված միայն գեղարվեստական ֆիլմերի թիվը մոտենում է 50-ի։ Եվ նույնիսկ թատրոնի համար գրված միակ ստեղծագործությունըՙ Սպիտակի երկրաշարժից զոհված երեխաներին նվիրված «Ձյունե թագուհի» բալետը դարձավ Մանսուրյանի առավել ժողովրդայնացված երաժշտության նմուշը։

Վերջին տասնամյակներում Մանսուրյանի արվեստը պահպանում է նրա կոմպոզիտորական լեզվաոճի անկրկնելի «դարձվածքները», որն այժմ դարձել է համաշխարհային մշակույթի սեփականություն։ Սովորականի պես նրա ստեղծագործություններից շատերում (Ալտի կոնցերտում, ալտի եւ սաքսոֆոնի համար գրված «Lacrymae»-ում) զարգացումը կառավարվում է նուրբ ինտելեկտուալիզմով, որը ծնում է խիստ, ճարտարապետորեն իմաստավորված համամասնություններ։ Կրկին երաժշտությունը չափազանց անձնավորված է, մտերմիկ-վստահական, հասցեագրված միայն լսել ցանկացողներին։ Կրկին երաժշտական շարժումը չի ձգտում նվաճել մեծ տարածքներ։ Ընդհակառակը, դրան հատուկ է գործողության շառավղի սահմանափակությունը, որը հանգեցնում է հոգեվիճակների խորության։ Գեղագիտական որոշակի հայեցակարգի համատեքստում այդ գծերը ձեռք են բերում տարբերիչ արտահայտչական իմաստ։ Նեոիմպրեսիոնիստական միջոցների ընտրությունը երաժշտության հոգեբանական ուղղվածությանը զուգորդվելով ծնում է մտածողության նոր որակ, որին բնորոշ են զարգացման անշտապությունը, կրկնվող դիրքերի հակումը, թույլ հակադրականությունը, չնայած ներքին պոռթկումների առկայությանը։ Կոմպոզիտորը նախընտրում է դանդաղ տեմպերը, որոնք պարունակում են մեծ լարվածություն, հուզական էներգիա։ Նշենք նաեւ թեմատիկ սկզբունքի կարեւորությունը։ Սակայն թեմատիկ աշխատանքի ավանդական եղանակների օգտագործումը պարզունակությունից զերծ է կոմպոզիցիոն հնարամտության եւ ազգային հնչերանգով նրա երաժշտության ներթափանցվածության շնորհիվ։

Տիգրան Մանսուրյանի արվեստին բնորոշ է եւս մեկ կարեւոր հատկանիշ. այն կրում է հավաստիության, կենսականության, ժամանակի ոգու կնիքը։ Պատճառն այն է, որ կոմպոզիտորը կարողանում է անսալ իր ժամանակին եւ դրա հետ մեկտեղ իրեն զգալ մեծ եւ ինքնօրինակ մշակույթի ժառանգորդը, որտեղ անանուն ավանդույթները միահյուսվել են մեծ վարպետների նվաճումների, այն մշակույթի հետ, որն աշխարհին տվել է Կոմիտաս եւ Խաչատրյան։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4