«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2004-01-30 | #15, 2004-01-31 | #16, 2004-02-03


ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք, որ 2002 թ. Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակը, Թուրքմենստանի եւ Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ եւ Նիդեռլանդների կառավարության ու Աշգաբադում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորմամբ շարունակում է Թուրքմենստանից հայաստանցի միգրանտների վերադարձի գործընթացը։ Երկու տարի առաջ Թուրքմենստանի կառավարությունը մտցրել է անձնագրային խիստ ռեժիմ, որն էլ խախտողները պարտավոր են վճարել բարձր չափի տուգանքներ եւ որոշակի ժամանակահատվածում թողնել երկիրը։ Այդ օրենքը բացասական ազդեցություն է ունեցել հատկապես հայերի վրա, որոնք անօրինական աշխատել եւ ապրել են Թուրքմենստանի տարածքում։ Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական Գարիկ Իսրայելյանը նշեց, որ «ելնելով ներկա տնտեսական, որոշ առումով նաեւ քաղաքական պայմաններից, հայկական համայնքը հետզհետե նոսրանում է եւ մոտավոր հաշվարկով այսօր 25.000 է»։

Շաբաթՙ լույս կիրակի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում տեղափոխվողներին դիմավորում էին ՄՄԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտին Անդրեաս Վիիսը, շահագրգիռ պետական մարմիններ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Միջազգային միգրացիայի երեւանյան գրասենյակի աշխատակիցները նրանց ուղեկցեցին Արզնի, Ջերմուկ, Աբովյան, Դիլիջան, Վանաձոր, Գորիս եւ Սիսիան, որտեղից նրանք մեկնել էին տարիներ առաջ։ Ես փորձեցի զրուցել նրանցից մի քանիսի հետ եւ ճշտել, թե ինչո՞ւ են մեկնել, որքա՞ն են վաստակել օտար երկրում եւ այլն։

Յուրի Ալեքսանյան, 63 տարեկան։ 12 տարի առաջ հեռացել է Զանգեզուրից եւ հաստատվել Աշգաբադում։ Շինարարի մասնագիտությամբ նա օտար ափերում, սկզբում մենակ, ապա ընտանիքով հաստատվում է եւ վաստակում ամսական 800-1200 ԱՄՆ դոլար։ Նրա միակ որդինՙ Արգամը, 4 տարի մասնակցելով Ղարաբաղի ազատագրական կռվին, նույնպես տեղափոխվում է հոր մոտ։ Իսկ իմ այն հարցին, թե արդյոք կմնա՞ն Հայաստանում, Յուրի Ալեքսանյանը պատասխանեց. «Սեւ արջերից պրծանք, հիմա սպիտակ արջերի մոտ կգնանք աշխատելուՙ Ռուսաստան, եթե Հայաստանում աշխատանք չճարենք»։

Խաչատուր Եսայան, 43 տ.։ 5 տարի առաջ թողել է ընտանիքըՙ կնոջն ու երկու զավակներին, մեկնել աշխատելու որպես դարբին։ Անձնագրային ռեժիմ մտցնելուց հետո նրան նույնպես կեցության իրավունք չեն տվել, ուստի ստիպված դիմել է դեսպանատուն, որ իրեն հետ բերեն հայրենիք։ Սակայն նա մտադրված է մի քիչ մնալ հայրենի տանըՙ Գորիսում, ու նորից մեկնել աշխատելու, այս անգամ Ռուսաստան։

Նարինե Աղաջանյան, 43 տ.։ Ծնվել է Աշգաբադում, ավարտել է տեղի բանասիրական ֆակուլտետը։ ՀՀ անկախության հռչակումից հետո 1990 թ.-ին ընտանիքով տեղափոխվել է Գորիս, ուր 4 տարի աշխատել է Գորիսի ժողկրթբաժնում որպես մեթոդիստ, ապա տեսուչ։ Ինչ-ինչ պատճառներով կրճատման տակ է ընկել ու կորցրել աշխատանքը։ Աշխատանքի բազմաթիվ փնտրտուքները ապարդյուն են անցել, եւ նա ստիպված իր երկու զավակների (16 եւ 18) հետ կրկին մեկնում է Աշգաբադ, աշխատանք գտնում եւ վաստակելով ամսական 500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձ, շատ լավ ապրել է ու դեռ օգնել հարազատներին։ Վերադարձել է նոր փաստաթղթեր հանելու, քանի որ հին անձնագրերը չեն ընդունում ոչ մի երկրում։ Նարինեն հուսով է, որ եթե Գորիսի իշխանությունները նրան աշխատանքով ապահովեն, ապա չի մեկնի Գորիսից։ Իսկ նրա 16-ամյա դուստր Անժելան հայերեն գրել-կարդալ չգիտեր եւ իր համար մեկ է, որտեղ ծնողները որոշեն մնալ, այնտեղ էլ կմնա։

Թամար Սարգսյան 71 տ.։ 1998 թ.-ից մեկնել է Աշգաբադ քրոջ մոտ, իսկ այժմ վերադարձել է Հայաստան, որ իր թոշակի ու անձնագրի հարցերը լուծի։ Ծնվելով ԼՂՀ Մարտունու շրջանի Կաղարծին գյուղում, ամուսնացել եւ տեղափոխվել է Բաքու։ 1989 թ.-ին Բաքվից փախչելովՙ հաստատվել է Արզնիում։ Իսկ այժմ կորոշի, թե ինչ է անելու, կմնա՞ Արզնիում, թե՞ կմեկնի Ռուսաստանՙ իր միակ որդու մոտ։ Փախստականի կարգավիճակով Թուրքմենստանում մնալ չէր կարող եւ դիմել է դեսպանատուն ու ՄՄԿ-ին, որոնց աջակցությամբ էլ վերադարձել է Երեւան։

Ջեմմա Ղասաբյան, 47 տ., Վանաձորից։ Ունենալով բուժքրոջ մասնագիտություն, թողնում է ընտանիքը եւ ամուսնու հետ մեկնում Թուրքմենստան։ Ամուսինն աշխատելով շինարարական տրեստում, ամիսը վաստակում է 150-200 ԱՄն դոլար, որն էլ լիուլի բավարարել է իրենց։ Այժմ նրանք իրենց երկու զավակների հետ են, որոնք այս օգնության ծրագրի առաջին խմբով արդեն վերադարձել են Հայաստան։ Իսկ այժմ ամուսիններն են վերադարձել, ու առիթն օգտագործելով հատուկ շնորհակալություն են հայտնում այն բոլոր կազմակերպություններին, որոնք օգնեցին վերջապես ընտանիքին վերադառնալ մայր հայրենիք։ Նրանց որդին արդեն ծառայում է Վայքի զորամասում, իսկ իրենք ապրելու են Վանաձորի իրենց տանը եւ այլեւս ոչ մի տեղ չեն մեկնելու...

Սամվել Շահնազարյանը Աբովյանից մեկնում է շինարարական մի կազմակերպության հրավերովՙ պայմանագրային աշխատանքի։ Սակայն 1999 թ., այդ կազմակերպության գլխ. տնօրենի մահվանից հետո, կազմակերպությունը լուծարվում է, եւ աշխատողները մնում են առանց աշխատանքի։ Էլեկտրիկ-մեխանիկի եւ փականագործի մասնագիտությունը նրան հնարավորություն է տալիս հեշտությամբ աշխատանք գտնել, ամուսնանալ եւ այժմ ունի երկու երեխա։ Երբ երեխան դառնում է 7 տարեկան, բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում 1-ին դասարան ընդունվելու հարցում։ Մի կերպ ծանոթների օգնությամբ տեղավորում են, սակայն 4 ամիս անընդհատ 1-ին դասարանցուն դասերի ժամանակ ստիպում են պարտադիր ուսանել «Ռուխնամա» գիրքը, որը գրել է Թուրքմենբաշին, մի բան, որը շատ տարօրինակ ու անհասկանալի է հայ երեխայի համար։ Անճարությունից դիմում են դեսպանատունՙ Հայաստան վերադառնալու խնդրանքով։ Այժմ նրանք Հայաստանում են, սակայն անորոշ է նրանց ճակատագիրը, քանզի չունեն ոչ աշխատանք, ոչ բնակարան եւ ոչ էլ հարազատներ, որոնք առաջին պահին ձեռք կմեկնեն նրանց։

Որպես ավարտ հիշեցնեմ, որ բոլոր վերադարձողներն օդանավակայանում ստացան 100 ԱՄՆ դոլար նպաստ եւ 50 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր երեխայի համար։ Սակայն որքան կբավարարի այդ գումարն ընտանիքներին մինչեւ աշխատանք գտնեն, մնում է հարցերի հարցը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4