Օպտիմալացման նպատակը կրճատումները չեն, հավատացնում է քաղաքապետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետը
Համաշխարհային բանկը 20 մլն դոլարի վարկ է նախատեսել առողջապահության օպտիմալացման ծրագրի իրականացման համար։ Դեռեւս 2000, 2001 թթ. միջազգային փորձագետներն արդեն սկսել էին քրքրել ոլորտը, եւ օպտիմալացման առաջարկը հենվեց նրանց ուսումնասիրությունների վրա։ Քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցը լրագրողների հետ կրկին անդրադարձ էր մայրաքաղաքում ծրագրի իրականացման ներկա փուլին։ Երեւանի բուժական ստացիոնար հաստատությունների օպտիմալացման որոշումը կառավարությունն ընդունեց անցած տարվա հոկտեմբերին։ Միջոցառման ավարտի ժամկետ է սահմանվել այս տարվա մարտի 1-ը։ Ինչպե՞ս է պատճառաբանվում ռեֆորմի անհրաժեշտությունը։ Քաղաքապետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը հավատացնում է, որ օպտիմալացումն այս ասպարեզում եղած կազմակերպությունների մեխանիկական գումարում ու հանում չի լինելու, այլ ավելի հեռահար ու հավասարակշիռ խնդիրներ են դրված։ Եվ անցած, եւ նախանցած տարի այս ոլորտը պետության կողմից ֆինանսավորվել է 100 տոկոսով, եւ աշխատողները պարտք ու պահանջ չունեն նրանից։ 2003 թ. 21 մլրդ դրամի փոխարեն այս տարի պետբյուջեից առողջապահության ֆինանսավորումը կազմում է 24,9 մլրդ դրամ։ Ենթադրվում է, որ առաջիկայում էլ ֆինանսական հատկացումները փոփոխությունների չեն ենթարկվի։ Իսկ որպեսզի այդ գումարները հնարավորինս արդյունավետ ծախսվեն, կանոնակարգումների պետք է ենթարկել նաեւ առողջապահության ոլորտը, կարծում է վարչության պետը։ Նկատենք, որ կառավարության հայտնի որոշումը, սակայն, մարզերին չի վերաբերում։
Արմեն Սողոյանը մի քանի անգամ պնդեց, որ այնպիսի ցնցումներ, ինչպիսիք այսօր ապրում է կրթական համակարգը, այս ասպարեզում չեն լինելու։ Որ օպտիմալացման գերխնդիրն ամենեւին էլ կրճատումները չեն, չնայած բուժաշխատողներիՙ պահանջարկից մի քանի անգամ ավելի թվին եւ մահճակալային թերբեռնվածությանը։ Առաջին հերթին կկրճատվեն թոշակառուները եւ համատեղությամբ աշխատողները։ Վերջիններս, վարչության պետի հավաստիացումով, հիմնականում վարչական ու տնտեսական ապարատի աշխատողներ են։ Մասնագիտական բարձր մակարդակով թոշակառու կադրերի համար բացառություններ կլինեն, քանի որ ամենեւին մտադիր չեն ամայացնել ոլորտը։ Այնուամենայնիվ, Արմեն Սողոյանը խոստովանեց, որ աշխատողների մասնագիտական մակարդակները տարբերակելու չափանիշներ այսօր չեն գործում։ Ապագայում ենթադրվում է վերականգնել բժիշկների որակավորման ինստիտուտը, իսկ այժմ, ինչպես ուսուցիչների պարագայում, կրճատումների խնդիրը լուծելու են տնօրեններն ու գլխավոր բժիշկները։
Առայժմ առողջապահական հաստատություններից վրդովմունքի ու իրարանցման աղմուկ չի լսվում, ինչը վկայում է վիրահատական անցավ գործողությունների մասին։ Ինչ վերաբերում է ազատված շենքերին, ապա դրանք հանձնվելու են պետական գույքի կառավարման վարչությանը։
Իսկ այս պահին քաղաքապետարանի ենթակայության տակ 4 բազմապրոֆիլ կառույցներ են ձեւավորվում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում միավորվել են Շտապ օգնության գիտաբժշկական միավորումը, թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 պոլիկլինիկան, թիվ 5 մանկական եւ թիվ 6 մանկական նյարդաբանական հիվանդանոցները։ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը միավորելու է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը, թիվ 8 բուժմիավորումը, «Զեյթուն» բժշկական կենտրոնը, Հիգիենիկ եւ պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտը, «Արաբկիր» մանկական, թիվ 11 եւ թիվ 16 պոլիկլինիկաները։ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնը ձեւավորվում է թիվ 1 ծննդատան, թիվ 2 , թիվ 10 եւ Նուբարաշենի պոլիկլինիկաների միավորումից։ Սուրբ Աստվածամայր կենտրոնի մեջ կմտնեն նույնանուն ծննդատունը, Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցը, 6-րդ բուժմիավորումը, թիվ 9 եւ թիվ 18 պոլիկլինիկաների միաձուլումից։ Բացի սրանցից, մայրաքաղաքում կգործեն 20 անկախ պոլիկլինիկաներ եւս։ Սպասվում է, որ նորաստեղծ կազմակերպությունները կգրանցվեն մյուս շաբաթ։
Օպտիմալացումը միակ ծրագիրը չէ, որ մտադիր է ֆինանսավորել Համաշխարհային բանկը։ Քննարկումների փուլում է վարկային նոր ծրագիրը, որը նախատեսում է տեղամասային թերապեւտների եւ մանկաբույժների վերապրոֆիլավորում։ Նպատակը ընտանեկան բժիշկների հանգրվանին հասնելն է, որը թերեւս միակ մասնագիտությունն է, որ կադրային քաղց կա, եւ որը հավակնում է դառնալ առաջատար։ Ընտանեկան բժիշկները փոխարինելու են պոլիկլինիկաների տեղամասային թերապեւտներին ու մանկաբույժներին, եւ ընդհանրապես կմատուցեն առաջնային օղակի ու նեղ մասնագիտական բոլոր տեսակի ծառայություններ։ Վարչության պետը կարծում է, որ դա հնարավոր է իրականացնել առաջիկա 5-6 տարիների ընթացքում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ